ԱՌԱՋԻՆ  ՔԱՅԼԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ  ՁԵՌՔՈՎ

7

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Մարտի 10-28-ն ընթանալիք մրցաշարին մասնակցում է  ութ շախմատիստ: Ուժեղագույնների թվում են՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով, երկու շրջանով` տասնչորս խաղափուլով:

Հաղթողն իրավունք է ստանալու  նոյեմբերի 9-28-ը՝ Լոնդոնում, մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով:ՀՀ նախագահին պատիվ է վերապահվել կատարել նաև մրցաշարի առաջին տուրի՝ Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը: Մինչ մրցաշարի մեկնարկը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում ի մասնավորի ասել է՝

«Ես հպարտ եմ, նաև երախտապարտ կազմակերպիչներին՝ մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ինձ ընձեռելու համար: Դա լավագույն գնահատականն է այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը:Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում և խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը:

Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում:Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հասարակությունը դա մեծ ոգևորությամբ ընդունեց, և արդեն զգացվում են դրական արդյունքները: Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաև այլ երկրներում:Այս տարի Հայաստանում բացվեց աշխարհում առաջին շախմատի գիտահետազոտական ինստիտուտը: Հուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնախնդիրների շուրջ տարվող աշխատանքներն ու ուսումնասիրություններն ի հայտ կբերեն շախմատի դեռևս չբացահայտված կողմերը»:

8

Առաջին տուրի` Արոնյան-Լիրեն պարտիան խաղաղ ելք ունեցավ, մյուս պարտիաներում Կրամնիկը հաղթեց Գրիշչուկին, Կարուանան` Սոյին, Մամեդյարովը` Կարյակինին: Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Մամեդյարովի հետ, պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Խաղաղ ելք ունեցան նաև Լիրեն-Կարուանա, Կրամնիկ-Կարյակին պարտիաները: Գրիշչուկն առավելության հասավ Սոյի նկատմամբ: Պարտիաները մեկնարկում են Երևանի ժամանակով 18.00-ին, մարտի 13-ը, 17-ը, 21-ն ու 25-ը հանգստյան օրեր են հայտարարված: Պարտիաների ընթացքին կարող եք հետևել «chessbomb.com» կայքում` ընտրելով «FIDE Berlin Candidates 2018» էջը:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register