ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻՆ 6000 ԴՈԼԱՐ Է ՀԱՎԱՔԵԼ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈւՂԵՐԻ ՀԱՄԱՐ

ari2

Որոշ ժամանակ առաջ ՖԻԴԵ-ի  կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին հեծանվարշավի օգնությամբ դրամահավաք կազմակերպեց՝ անցնելով  1900 կիլոմետր ճանապարհ, հավաքելով 6000 ԱՄՆ դոլար։ Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք է իրականացրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Գումարը կծառայի Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան ու Զորական գյուղերում սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։ Արիանան «Ճամփորդին» պատմել է որոշման, ճանապարհի դժվարության ու նպատակի կարևորության մասին։

Ես միշտ խենթ որոշումներ եմ կայացնում և սիրում եմ էքստրեմալ սպորտաձևերը,  հիացած եմ հայոց պատմությամբ: Դեռ անցած տարի էի պլանավորում հեծանիվով անցնել պատմական Հայաստանի տարածքով: Ցանկանում էի մի էքստրեմալ բան անել՝ հյուսիսից հարավ կամ արևմուտքից արևելք կամ հակառակ ուղղություններով անցնել, հիշարժան մի բան փորձել: Ես սկսեցի տարբեր պատմաբանների հետ պլանավորել այս ճանապարհը:

Երկու պահանջ էի դրել իմ առաջ: Նախ, նախաձեռնությունը պետք է մարտահրավեր նետեր իմ ֆիզիկական պատրաստվածությանը և երկրորդ՝ այն պետք է կարևոր որևէ արժեք կրեր իր մեջ: Անցած տարի ես ամուսանցա և չկարողացա մտահղացումս իրականացնել և որոշեցի, որ հենց այս տարի պետք է փորձեմ անել դա: Ես սիրում եմ ժայռամագլցումը և Կովկասյան տարածաշրջանի ու Իրանի բազմաթիվ գագաթներ եմ բարձրացել: Հիմա որոշ դժվարություններ ունեմ բարձրության հետ և այդ պատճառով այս անգամ որոշեցի մնալ գետնի վրա և հեծանվարշավ անել:

Ես չէի ասի, թե մուսուլմանական տարածքներով հեծանվարշավելը ավելի հետաքրքիր է: Կասեի, որ դա ընդամենը փաստ էր և եթե ցանկանում ես ճամփորդել այդ տարածքներով, ապա պետք է հարգես  այդ շրջանների մարդկանց սովորույթները՝ կրոնական ու «առօրյա»: Հեծանիվ քշելիս, այսպես թե այնպես դու ծածկում ես քո ամբողջ մարմինը՝ կրում ես սաղավարտ, որ պաշտպանում է գլուխդ, հատուկ հեծանվարշավային համազգեստ, որը ծածկում է ամբողջ մարմինը՝ արագությունից, քամուց պաշտպանելու և մի շարք այլ խնդիրներից խուսափելու համար: Միակ տարբերությունը երևի այն էր, որ մուսուլմանական երկրում ստիպված էի հեծանվարշավային շորտերի վրայից մեկ այլ տաբատ կրել, որն ամբողջությամբ կծածկեր ոտքերս: Եվ իհարկե, երբ հեծանվից իջնում էի, ոչ մի դեպքում չպետք է մոռանայի հիջաբը: Մեծ բան չէր: Պարզապես հարկավոր է պահպանել մշակույթը, ինչը կարծում եմ ճիշտ է: Որևէ նոր կամ արտասովոր բան չկար: Կասեի անգամ՝ զիլ էր․տեսնում էի երիտասարդ, փոքրիկ աղջնակների, տղամարդկանց, որոնք  լայն բացած աչքերով ինձ էին նայում , քանի որ երբ նրանք շրջանով հեծանիվով շրջող մարդ էին տեսնում մեծ շոկի էին ենթարկվում, և դա հիանալի էր, իսկ երբ ես իջնում էի, սաղավարտս հանում և նրանք հասկանում էին, որ ես աղջիկ եմ, այլն էլ՝ արտասահմանցի,  կատարյալ շոկի մեջ էին ընկնում (ժպտում է):

Ես սիրում եմ մարդկանց շոկի ենթարկել, քանի որ դա ստիպում է նրանց մտածել իրենց ապրած կյանքի, իրենց մտածելակերպի մասին, և դա լավ է: Կարծում եմ, երբ ամեն անգամ, երբ մեկին հանդիպում ես պետք է այնպես անես, որ նա քեզ հետ հանդիպումից հետո ավելի լավը դառնա։ Կարծում եմ՝ շատ աղջիկներ էին ոգևորված ինձ տեսնելով, և կարելի էր նկատել, որ նրանք դրականորեն ցնցված էին: Ինձ համար դա ոգեշնչող էր՝ տեսնել, որ դրական ազդեցություն եմ ունենում մարդկանց վրա:

ari1

Մինչև նման մեծ ճամփորդություն սկսելը նախ և առաջ պետք է տվյալ շրջանների մշակույթին և ավանդույթներին ծանոթանալ: Եթե վտանգավոր շրջաններով եք ճամփորդելու, անհրաժեշտ կլինի նաև տեղական քաղաքական իրավիճակին ծանոթանալ: Թուրքիայի այն շրջանները, որոնցով մենք անցանք, հիմնականում քրդաբնակ էին և շատ ապահով: Մարդիկ  շատ-շատ բարեհամբույր էին: Սակայն դու պետք է շատ զգույշ լինեիր: Վտանգավոր կլիներ, եթե չիմանայիր տեղական քաղաքական իրադրությունը և որոշ այլ բաներ այդ շրջանների մասին: Եվ իհարկե, միշտ ավելի հանգիստ ես, երբ տեղացի մեկն է ուղեկցում քեզ: Իմ արշավը լրիվ այլ կերպ կդասավորվեր, եթե ինձ հետ չլիներ իմ քուրդ ուղեկցորդը, ով մեքենայով հետևում էր ինձ:

Անգամ երբ 1-2 կիլոմետր էր մնում օրվա ավարտին հրաժարվում էի մեքենայով գնալ: Միայն Նոր Դագի անունը կրող մի վայրում, երբ արդեն շատ ուշ ժամ էր և ճանապարհին թունելներ էին, որոնց միջով շատ վտանգավոր էր վարելը, ես 10 կիլոմետր մեքենայով գնացի մինչև մեր գիշերակացի վայրը: Դա կոտրեց իմ սիրտը: Բայց հաջորդ առավոտյան մենք վերադարձանք այն կետին, որտեղ որ կանգ էի առել նախորդ օրը և այնտեղից շարունակեցի հեծանվարշավը: Դա սկզբունքի հարց էր և կարծում եմ, եթե գիշերակացի տեղից շարունակեի՝ միայն ինքս ինձ էի խաբելու:

Դու ինքդ քո հետ ես մրցում: Սա մտավոր պայքար է: Եվ կյանքիդ ընթացքում ինքդ քո առաջ նման մարտահրավերներ դնելու  իմաստը, կլինի դա մագիստրոսական թեզ, դիսերտացիա գրելը, շախմատային մրցաշարի, բոքսի մրցաշարի մասնակցելը, հեծանվարշավելը, անգամ Արագած բարձրանալը, ինչը ամենևին էլ դժվար չէ,  սեփական միտքը մարզելն է: Դու անցնում ես որոշ բաների միջով, երբեմն ձախողվում: Ամեն ինչ մտքի և կամքի ամրության աստիճանից է գալիս:

Աշխարհում լավագույն զգացումը քո առջև դրված նպատակակետին հասնելն է: Եվ դա լինում է գլխավորապես մտքի և կամքի ուժի շնորհիվ: Դրանից հետո դու հաստատուն ինքնավստահություն ես ձեռք բերում: Դա ուրիշ որակի ինքնավստահություն է, և դու չես կարող այն ձեռք բերել, եթե խարդախություն անես և ինքդ քեզ խաբես:

Դժվարին պահերը, միանշանակ, հեծանվով վերելքներ հաթահարելու ժամերն էին: Երբ անընդհատ մեռնելով բարձրանում էիր, բարձրանում ու բարձրանում, և մեկ էլ ներքև իջնող հատվածն էր սկսում, ու դու 1-2 րոպե քեզ դրախտում էիր զգում: Քո մարմինը ամբողջությամբ հանգստանում էր, բայց 1-2 րոպե հետո կրկին տեսնում էիր, որ քեզ 5 ժամանոց վերելք է սպասվում: Նման էր կյանքին: Դու պայքարում ես, տառապում՝ 2 րոպե երջանկության համար:  Հիշում եմ հերթական երկարատև վերելքի վրա Գարեգինը խնդրեց թույլ տալ իմ հեծանվով մի փոքր բարձրանալ: Շատ կարճ ժամանակ անց նա ամբողջովին սպառվեց: Կողքից հեշտ է թվում, բայց իրականում այդպես չէ (ժպտում է):

3

Վերելքները հաղթահարելիս մի քանի պահեր եղան, երբ ցանկանում էր հանձնվել… երբ երեսիդ փչող քամին և վերելքը համադրում էիր և գիտակցում, որ հաջորդ օրը զարթնելով այս ամենը նույնությամբ կրկնվելու է: Այս ամենը կրկին մտքի խաղ էր, որը ստուգում էր և մարզում քո մտքի ուժը: Իհարկե, դա ֆիզիկապես էլ էր դժվար, բայց եթե դու պատրաստված ես և մարզում ես միտքդ, մարմինդ կենթարկվի, կանի այն ամենը, ինչ նրան պարտադրում է ուղեղը:

Չէի ասի, որ շատ էին երջանիկ կամ զվարճալի պահերը: Ամեն օրվա վերջում ուրախ էի, երբ նայում էի քարտեզին և տեսնում անցածս ճանապարհը: Չէի ասի զվարճալի, ավելի շուտ՝ իմաստալից պահեր եմ ունեցել: Օրինակ, երբ հեծանվով անցնում էի Վանի, Բինգյոլի (հայկական անունը Չապախջուր) մոտով, շոկային զգացողություններ ունեի: Հայ չեմ, սակայն շատ հայ ընկերներ ունեմ, ում նախնիները Մուշից են, Բիթլիսից, ամուսինս հայ է, նրա նախնիները Կարսից են, հայերենիս ուսուցչուհու նախնիները՝ Էրզրումից, ընթերցածս կենսագրական գրքերից մեկը Սողոմոն Թեհլերյանի մասին էր, ով Երզնկայից էր: Երբ մեքենայով ես անցնում այս շրջաններով ոչինչ չես զգում: Իսկ հեծանիվ վարելիս դու նախ ավելի դանդաղ ես և կապի մեջ ես բոլոր տարրերի հետ: Դու զգում ես քամին, բույրը, հետևում գետերի հունին, և դու ասես վերապրում ես այդտեղ կատարվածը. այն թե ինչպես են հայկական ցեղասպանության ժամանակ հայերին գցել գետերը, և գետերի ջրերը օրեր շարունակ հորդել են հայկական արյամբ: Գետերը հոսում էին ճանապարհի կողքով, հենց քո կողքով:

Ճանապարհին նայելիս էլ հիշում էիր, որ հայերին տեղահանելիս ստիպել են այդ ճանապարհով քայլել՝  հոտի նման քշելով նրանց: Եվ երբ դու դանդաղ հեծանվով գնում ես այդ ճանապարհով, մտածում ես դրա մասին, և դա էմոցիոնալ մեծ ազդեցություն է ունենում քեզ վրա: Արշավի մեծ մասն այդպես էր… Ես երբեք չեմ մոռանա դա:

Ճամփորդությունն ինձ երեք կարևոր կետ սովորեցրեց։ Կկրկնվեմ, բայց առաջինը մտքի, գիտակցության ուժն է։ Դու կամ մրցում ես ուրիշների հետ, ինչպես սպորտում, կամ մարտահրավեր ես նետում ինքդ քեզ: Ինչքան շատ ես անում դա, այնքան ավելի ուժեղ, ինքնավստահ ես դառնում: Աշխարհում լավագույն զգացումն է, երբ հասնում ես մի բանի, անում ես մի բան, որ չէիր էլ կարող պատկերացնել, թե կարող ես:

Երկրորդ. պետք է լինել հետևողական: Երբ հարթ տեղում հեծանիվ ես քշում 20-25 կմ/ժ արագությամբ, ամեն ինչ հոյակապ է թվում, բայց երբեմն բարձրանալիս, դիմացից ուժեղ փչող քամու ժամանակ արագությունդ երբեմն հազիվ 6-7 կմ/ժ-ի է հասնում: Դա սարսափելի է, ասես քայլքի արագություն լինի: Պատկերացրեք ինչքան հիասթափեցնող կարող է լինել նման կերպ մի քանի ժամ հեծանիվ վարելը: Դա սիրտ է  կոտրում, սակայն դու պետք է շարունակաբար առաջ տանես քեզ քայլ առ քայլ, մետր առ մետր և եթե կենտրոնանաս անելիքիդ վրա, վերջիվերջո կհասնես նպատակակետին: Դու չես կարող ինչ-որ բանի հասնել, եթե տարվում ես դրանով ընդամենը մեկ ամիս: Հարկավոր է տարիներով քրտնաջան աշխատել նշանակալի հաջողության հասնելու համար: Ճիշտ նույն կերպ դու չես կարող քաշ կորցնել, եթե երկուշաբթի դիետա պահես, իսկ շաբաթվա վերջում խնջույք կազմակերպես՝ բուրգերներով ու պոնչիկներով: Դու պետք է հետևողական լինես քո սննդակարգի նկատմամբ ամեն օր։ Կարևոր է չհիասթափվել:

Երրորդը. Մարդ պետք է ունենա մի «գիրք» իր թոռներին փոխանցելու համար՝ թոռներին պատմելու բան ունենա: Մարդ պետք է իր կյանքին նայի որպես արվեստի գործի: Պարտադիր չէ ինչ-որ էքստրեմալ պատմություններով լցնել այդ գիրքը: Ինչ-որ մեկը կարող է երազել մի փոքրիկ սրճարան ունենալու մասին և վերջիվերջո իրականացնի դա: Դա արդեն պատմություն է:

Ես այնքան ոգևորված էի: Անհավատալի էր: Անգամ երբ տեսանք դրոշը 5 կմ հեռավորությունից մենք ուրախությունից ցատկոտում էինք՝ չհավատալով աչքներիս: Երևի սա էր առաջինը ինչ ասեցի. «Աստված իմ, մենք ողջ ենք, մենք արեցինք դա»:

Տուն հասնելուն պես առաջինը մտածեցի. «Լավ, իսկ ի՞նչ է լինելու հաջորդը»: Ես ուրախ էի, բայց ես ավելին էի ուզում: Կարծում եմ՝ դա կարևոր է կյանքում՝ երբեք չբավարավել ձեռք բերածով և միշտ առաջ շարժվել: Շատ դժվարություններ, դժվար ժամանակներ էին պատահել: Դա մարտահրավեր էր, որը ես ընդունեցի և հաղթահարեցի, ու ես մտածում եմ, թե որն է լինելու հաջորդ մարտահրավերը, որն է լինելու հաջորդ ձեռքբերումը, որ կանեմ իմ կամ Հայաստանի համար:

4

Փորձեք պատմություններ ստեղծել և ձեր կյանքը արվեստի վերածել: Ձեզ համար դժվար մարտահրավերներ դրեք և փորձեք հասնել դրանց: Յուրաքանչյուր մարտահրավեր մի պատմություն է, որը կարող է տեղ գտնել Ձեր «գրքում»: Ես հպարտ եմ իմ կյանքով և նրանով, ինչը ցույց եմ տալու իմ երեխաներին ու թոռներին: Եղեք հպարտ ձեր ապրած կյանքով, և այն արվեստի գործի վերածեք:

Վստահորեն կասեմ, որ կրկին կհամագործակցեմ Քոաֆի հետ: Նրանք պրոֆեսիոնալ են, կազմակերպված և անում են այն ինչ ասում են: Հիմնադրամին փոխանցած յուրաքանչյուր դոլարը անմիջականորեն ծախսվում է երեխաների վրա: Բարեգործական կազմակերպությունների մեծ մասը հավաքագրած գումարից նախ հանում է իր վարչական ծախսերը, և միայն դրանից հետո մնացած գումարը ծախսում բուն ծրագրի կատարմամն վրա: Քոաֆի պարագայում  խորհրդի անդամներն իրենք են հոգում վարչական և գործառնական ծախսերը, և հավաքագրված գումարն ամբողջությամբ ծախսվում է անմիջականորեն երեխաների վրա, իմ ծրագրի պարագայում՝ դպրոցների: Դա կարևոր է: Դրա համար ես կհամագործակցեմ նրանց հետ: Բարձր եմ գնահատում այն, ինչ նրանք անում են, հատկապես հավանում եմ Սմարթ կենտրոնի նախագիծը:

Եթե նայեք, կտեսնեք, որ բարձր արժեք ունեցող նվիրատվությունների մեծ մասը արտասահմացի շախմատիստների կողմից է արվել (ես գիտեմ նաև մի քանի անանուն նվիրատուներին): Սա մի փոքր հիասթափեցնող է, քանի որ  կարծում էի, որ սփյուռքը ավելի ակտիվ կլինի, հաշվի առնելով գումարների մեծությունը, որ նրանք տալիս են կրոնական կառույցներին և կազմակերպություններին, որ պնդում են թե զարգացնում են երկիրը, սակայն չեն կարողանում ասել, թե ուր են վերջիվերջո գնում այդ գումարները: Ինչպես արդեն ասացի, ամենայն հավանականությամբ այդ գումարները գլխավորապես ծածկում են այդ կազմակերպությունների վարչական և  գործառնական ծախսերը: Իսկ Քոաֆի դեպքում այդպես չէ: Եվ նվիրատվություն անելիս ես խորհուրդ կտայի նվիրատվություն անել Քոաֆին:

Սյունե Սևադա

Արարատ Սահակյան

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register