ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ՍԵՌԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈԼՈՐՏՈւՄ. ՆԱՐԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ

1

Բժիշկ-սեքսոլոգ Նարինէ Ներսիսյանի հետ «Ճամփորդը» զրուցել է սեռականության, սեռական առողջության ու դրա ընկալումների մասին։

Երբեմն նայելով  «առաջատար» երկրներին ու այդ երկրների բնակիչների հարաբերություններին, տպավորություն է ստեղծվում, որ  չկա հոգու ու մարմնի կապ։ Սեռական կյանքը, պարզ է, որ  մարդու երջանիկ կյանքի բաղադրիչ մասն է, բայց արդյո՞ք համաձայն եք այն պնդմանը, որ  սեռական կյանքն առանց զգացմունքային ֆոնի ևս կարող է առողջ լինել։ Թվում է՝ հատկապես եվրոպական երկրներում նման միտում կա՝ ուղղակի ունենալ սեռական կյանք՝ առանց զգացմունքների ու կապվածության։ Հայերը, հակառակը, կարծես թե նախ հոգեկան միացում են փնտրում, հետո նոր այն վերածում սեռական կապի։ Ի՞նչ կասեք սրա շուրջ։

Նայած թե մարդու ՛՛սեռական կյանք՛՛ և ՛՛առողջ լինել՛՛ ասելով ինչ ենք հասկանում։ Սովորաբար սեռական կյանքը նույնացվում է սեռական ակտի, իսկ առողջ լինելը՝  սեռական օրգանների անխափան ֆիզիոլոգիական գործառման հետ։ Եթե հաշվի առնենք նաև հոգեհուզական բաղադրիչի կարևորությունը որոշ անձանց դեպքում, ապա առողջ սեռական կյանք նրանց համար նշանակում է նաև այդ օրգանների գործունեություն՝  հոգեհուզական կապվածության ֆոնի վրա։ Ազգությունը կապ չունի, այպես է մտածում ժամանակակից մարդը, ով ապրում է ներկայիս քաղաքակրթության արժեքներով։

Ի՞նչ ունենք արդյուքում։ Սեռական կյանքի և առողջության մասին վերոնշյալ պատկերացումների շնորհիվ ժամանակակից մարդը  սեռապես  հիվանդացել է, այսօր գրանցվում է սեռական ամենատարբեր խնդիրների աճ, սեռական այլասերվածությունը գնալով տարածվում է, սեռական անբավարարվածությունը և սեռական կիրքը քայքայում են մարդկային  հարաբերությունները, ծնում բազմապիսի հիվանդություններ ու ախտեր։ Այսպես կլինի այնքան ժամանակ, մինչև մարդը՝ յուրաքանչյուրն իր համար, վերաձևակերպի առողջություն և սեռական կյանք հասկացությունները, մինչև նա հասկանա, որ այն, ինչին ինքը սեքս է անվանում, հաճախ այդ երևույթի իմիտացիան է, արտաքին թաղանթը միայն, սակայն ինքը չի գիտակցում, որ խորը խաբկանքի մեջ է ու  հավատում է, որ իրական սեռական մտերմություն ունի։

Հայաստանում սեռական կյանքի որոշակի կաշկանդվածություն կա։ Եվ հաճախ երիտասարդներին, ավելի ճիշտ՝ հատկապես կանանց դժվար է հասկանալ՝ ի վերջո ո՞րն է ճիշտ, ապրե՞լ սեռական կյանքով՝ հասուն տարիքում, թե՞, այնուամենայնիվ, պահպանել ավանդույթներն ու սպասել ամուսնությանը։ Վստահ եմ, որ հաճախ են Ձեզ նմանօրինակ հարցերով դիմում, սովորաբար ի՞նչ եք խորհուրդ տալիս։

Նման դեպքերում աղջիկներին խորհուրդ եմ տալիս լռության մեջ լսել, թե ինչ է հուշում  ներքին ձայնը, խորհուրդ եմ տալիս համբերատար լինել, չշտապել, հապճեպ քայլեր չձեռնարկել, խորհուրդ եմ տալիս չվախենալ ոչնչից ու ոչ մեկից, ու նաև պատասխանատվության կոչ եմ անում՝ բացատրելով սեռական կյանքի բոլոր հնարավոր հետևանքները։ Ինչ վերաբերում է կուսությանը իմ վերաբերմունքին, կուզենայի երկու բառով անդրադառնալ այս հասկացությանը, քանի որ վերջերս համացանցում մեծ աղմուկ բարձրացավ, թե իբր ես կուսություն եմ քարոզում։ Ես կուսություն չեմ քարոզում, այլ համարում եմ, որ կուսությունը բարձր արժեք է։ Մարդիկ թող իրենք որոշեն՝ կառաջնորդվեն այս արժեքով, թե ոչ։ Այստեղ շատ կարևոր մի պարզաբանում պիտի անեմ։ Լեզվամտածողության մեջ սեքսուալ ինտիմ կապը ունի այսպիսի մի բնորոշում՝  ՛՛ճանաչել իրար՛՛։ Այսինքն՝ սեքս ունենալ ինչ-որ մեկի հետ՝ նշանակում է ճանաչել նրան։ Կույս լինել՝ նշանակում է սեռական ճանաչողություն չունենալ։

Երբ աղջիկը կույս է, նա չի ճանաչել որևէ տղամարդու, ուստի այդ առումով նա կույր է, քանի որ ճանաչողությունը լույսի պես է, այն բացում է տեսողությունը։ Կուսությունը կուրություն է այսպիսով, երբ մենք խոսում ենք բնական կուսության մասին, օրինակ մանկահասակ երեխաների դեպքում։ Այն, ինչին ես բարձր արժեք եմ տալիս, ոչ թե այս բնական կուսությունն է, երբ որևէ ջանք չի պահանջվում կույս լինելու համար, ու դա տեղի է ունենում ինքնըստինքյան, այլ գիտակցված կուսությունը։ Սա մի վիճակ է, երբ սեռահասուն աղջիկը կամ տղան գիտակցաբար ընտրում է սեռական ճանաչողության գալու միայն մեկ ու միակ ուղին, որը նա պիտի անցնի մինչև վերջ, անկախ այդ ուղու դժվարություններից։ Սա մի ընտրություն է, երբ սեռահասուն անձը իր զգացական մարմինը պահում ու պահպանում է այն միակի համար, ում հետ առաջին անգամ կզգա, կբացահայտի ու կկիսի սեքսուալ-էրոտիկ աշխարհի բոլոր ապրումները։

Այսպիսի մտածողությամբ կույսը ամենաթանկ նվերն է մատուցում իր ամուսնուն ու եթե վերջինս գնահատում է այդ արժեքավոր նվերը ու խնամքով է վերաբերվում այդ մարմնին, փայփայում ու գուրգուրում է այն, ապա մենք ունենում ենք սեռական ներդաշնակության գալու և երջանիկ ամուսնական կյանք ունենալու ամուր հիմքեր, քանի որ սեռական ճանաչողությունը դուռ է դեպի ավելի խորքային ճանաչողական մակարդակներ։ Իր մարմնի հանդեպ հոգատար անձը չի կարող նույն վերաբերմունքը չտածել հարաբերության հանդեպ, որը նույնքան խնամքի կարիք ունի, որքան մարմինը։ Մարմինը այն տաճարն է, որում մենք բնակվում ենք, եթե այս գիտակցումով մոտենանք հարցին, ապա սեռական կապ ունենալուց առաջ մի պահ կանգ կառնենք՝ խորհելու, արդո՞ք այն ինչ հիմա ուզում եմ՝ իրոք իմ ցանկությունն է։

Որքան փակ է հասարակությունը, այնքան չերևացող են խնդիրները, բայց հաճախ ավելի շատ են՝ քան եթե հասարակությունը բաց լիներ։ Արդյո՞ք սեքսոլոգիայի ոլորտում ևս այդպես է։ Եվ ո՞ր խնդիրներին եք հաճախ հանդիպում, եթե փորձենք թոփ երեք՝ հայկական սեռական կյանքի խնդիրները դուրս բերել, որո՞նք են դրանք։

Իմ պրակտիկայում ամենահաճախ հանդիպող երեք խնդիրները սրանք են եղել՝ վագինիզմ, երկարատև հարաբերության մեջ միմյանց նկատմամբ սեռական կրքի բացակայություն՝ իր բոլոր հետևանքներով, սեռական անկշտություն։ Ընդ որում խոսքը գնում է թե կանանց, թե տղամարդկանց մասին։

Չնայած սեքսուալ թեմաների տաբու լինելուն՝  կամացկամաց մարդիկ ավելի շատ են դիմում մասնագետների՝ ինչպես այլ ոլորտներում։ Այ, օրինակ, հոգեբաններին դեռ տասը տարի առաջ դիմելն առանձնապես ընդունված չէր, նրանց հոգեբույժներից չէին տարբերում ու դիմելիս էլ համարում էին ամոթ մի բան՝ կարծելով, թե ցանկացած խնդիր կարելի է ինքնուրույն լուծել։ Հիմա բավականին շատ մարդիկ են դիմում հոգեբանների, ստանում մասնագիտական օգնություն ու հարցերը հիմնովին լուծում։ Արդեն բավականին երկար ժամանակ է, որ դաշտում եք, զգո՞ւմ եք դրական փոփոխություն, Ձեզ ավելի շա՞տ մարդիկ են դիմում, ինչի՞ հետ կկապեք դա։

Դիմելիության աճը և նվազումը ես չեմ կապում սեռական թեմաների տաբու լինել կամ չլինելու հետ։ Ինձ դիմող մարդիկ այն մարդիկ են, ում խնդիրներն ես ի վիճակի եմ հաղթահարել, անկախ այդ պահին ինչ եմ մտածում։ Լինում է, որ մտածում եմ՝ իմ ուժերից վեր է, բայց հետո խնդրի լուծումը գտնվում է և հասկանում եմ, որ իմ գործի բնույթը ստեղծագործ է, քանի որ յուրաքանչյուր բուժված դեպք՝ արվեստի գործ է, իսկ բուժման ընթացքը՝ ստեղծագործական աշխատանք։ Այնպես, որ այցելությունների թվաքանակը առավել կապ ունի իմ ներքին ստեղծագործականության հետ, քան թե արտաքին հանգամանքների։ Ես երբեք ինքնագովազդ չեմ արել, որևէ կայքում կամ զանգվածային լրատվամիջոցներում երևալու համար երբեք չեմ վճարել, սակայն միշտ ունեցել եմ բավարար այցելուներ, երբեմն նույնիսկ ծանրաբեռնված օրեր, երբ հաճելի հոգնածության պատճառով ի վիճակի չեմ եղել աշխատավայրից տուն հասնել։ Եղել են նաև հակառակ իրավիճակներ, երբ ամիսներով ստեղծագործ ներուժի անկում եմ ապրել, ու այդ ժամանակ այցելուներ չեմ ունեցել։ Ցանկացած խնդիր լուծում ունի, եթե կա մասնագետ, ով ունի այդ լուծումը,  անգործ չի մնում, նրան միշտ գտնում են, անգամ եթե նա հեռավոր գյուղում ապրի։

Սեռականության, սեռական կյանքի մասին գրականությունը շատ տարածվել է վերջերս, ու մարդիկ կան, որոնք փորձում են ինքնաբուժությամբ զբաղվել՝ դրանք կարդալով։ Հարցը պարզունակ է հնչում, բայց և այնպես՝ ո՞րն է տարբերությունը՝ մասնագետի և «ինքնուսույց» բուժման դեպքում։ Ի՞նչ կարող է տալ մասնագետի հետ զրույցը, որ չի կարող տալ, ասենք, հրաշալի, պարզ ու մանրամասն գրած գրականությունը։

Մասնագետի միջոցով այցելուին տրվում է մի բան, որը գրված չէ գրքերում և ինտերնետային որևէ էջում։ Այդ փոխանցումը հնարավոր է միայն մարդկային հաղորդակցման միջոցով։ Կենդանի զրույցը ունի անտեսանելի կողմ, հզոր ներուժ, որը կոչվում է ստեղծագործականություն, բուժողը ստեղծագործ էությունն է, բժշկի միջոցով այդ էության անկաշկանդ ու անվախ դրսևորումը։  Այդ էությունը դինամիկ է, այն շատ դժվար է որսալ գրի մեջ, բացառությամբ, եթե գրողը իրոք տաղանդավոր է և կարողանում է փոխանցել այդ շունչը։

Սեքսոլոգիայի ոլորտը բավական հաճախ է քննադատության ենթարկվում։ Ասում են՝ մասնագետներ չկան, կոմպետենտ չեն, ադաթներով են շարժվում, հոմոֆոբ են և այլն։ Կուզեի լսել Ձեր մեկնաբանությունը անհիմն վիրավորանքների մասին, ու նաև խնդրում եմ մեկնաբանեք՝ ինչպե՞ս եք ինքներդ տեսնում Ձեր իսկ մասնագիտական դաշտը, մենք ունե՞նք լավ մասնագետներ։

Քննադատությանը երբեք լավ չեմ նայել, քննող և դատող հայացքը չի կարող խորը ճանաչողության գալ, հետևաբար հասկանալ խնդրի բուն էությունը։ Զավեշտալի է, որ նույն քննադատողների կյանքում կարելի է գտնել դրվագներ, որոնք ճշտությամբ կրկնում են քննադատության նյութը։ Վիրավորանքներ հնչեցողներին համարում եմ թույլ մարդիկ, ովքեր այլընտրանք չունեն ուժեղին հաղթելու, քան նրան վիրավորելով թուլացնելը և ապա այդ թույլ վիճակում ՛՛ջախջախիչ՛՛ հարված հասցնելը։ Մենք ունենք բազմաթիվ լավ մասնագետներ, ովքեր ոչինչ չեն խնայում իրենց մասնագիտական գործը մինչև վերջ պատվով կատարելու և ավարտին հասցնելու գործում։ Այդ ասողները լավ չեն պատկերացնում բժշկի անցած ուղին, բժշկի աշխատանքը, կրած չարչարանքները, նրանք մակերեսային են մոտենում հարցին։

Եվ վերջում, շատ մարդկանց հետ եք աշխատել, ու գիտեմ նաև, որ հիանալի արդյունքներ եք ցույց տվել, այսքան տարվա փորձառության մեջ ո՞րն է այն կարևոր մեխը, որը հասկացել եք բուժումների ընթացքում։ Ի՞նչ հիմնային ու կարևոր սկզբունք կա մարդկանց հարաբերությունների մեջ, որը հիմք է դնում առողջ սիրուն, առողջ սեռական կյանքին, ու առողջ կյանքին՝ առհասարակ։

Հասկացել եմ, որ կյանք ունեցող ցանկացած համակարգ հիմնվում է մահվան վրա, մարդկային հարաբերությունների մեջ մինչև մեկը չի մեռնում, մյուսը չի ապրում։ Հասկացել եմ, որ ոչ ոք չի ուզում մեռնել, բոլորը ուզում են ապրել։ Ու դրա համար են հարաբերությունները շատ անկայուն ու ողբերգական։  Հասկացել եմ, որ մահվան խնդիրը լուծվում է հենց մահվան՝  գիտակցված մահվան շնորհիվ ։

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register