ՄԵՂՐՈւ ՈՉ ՄԵՂՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

megri

Հայաստանի հարավային դարպասը համարվող Մեղրին՝ Իրանի սահմանակից քաղաքներից է: Չնայած այս հանգամանքին և հարևան երկրի հետ Հայաստանի առևտրատնտեսական զարգացած հարաբերություններին տարանցիկ քաղաք լինելով հանդերձ, Մեղրին  անմասն է մնում երկու պետությունների միջև  իրականացվող առևտրից: Իրանից եկող հարյուրավոր բեռնատարներ են ամեն օր անցնում Մեղրիով: Բայց որքան էլ տարօրինակ թվա, սակայն շատ ապրանքներ Իրանից  Մեղրիի տարածքով Երևան հասնելուց հետո  են միայն ավելի թանկ գնով սպառվելու համար Երևանից կրկին վերադառնում Մեղրի: «Ճամփորդ»-ի թիմն իր վերջին շրջագայության ժամանակ եղավ Մեղրիում, փորձեց ծանոթանալ առկա խնդիրներին: Իրավիճակի վրա լույս սփռեց Սյունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի գյուղատնտեսության գծով համակարգող խորհրդատու Գևորգ Մարգարյանի հետ զրույցը,որն էլ ներկայացնում ենք  առանց խմբագրական միջամտության:

– Պարոն Մարգարյան, ի՞նչ ծրագրեր են այս պահին Մեղրիում իրագործվում : Իրանին սահմանամերձ լինելու  հանգամանքը նպաստո՞ւմ է քաղաքի զարգացմանը:

– Հնարավոր քայլերի դեպքում իրավիճակը կարող էր կտրուկ լավանալ: Առաջին հերթին ցանկալի կլիներ, որ Արաքս գետի ափին Իրանը Հայաստանին կապող կամուրջի կառուցումից հետո հիմնված սահմանամերձ շուկան վերականգնվեր։ Այդ շուկայում ժամանակին  40-ից ավել կրպակներ էին գործում։ Պարսկական ապրանքները գալիս էին Հայաստան, Ագարակի և Մեղրիի բնակչությունը այնտեղ աշխատում էր և առևտուր էր կազմակերպում։ Անհասկանալի պատճառներով  շուրջ 10 տարի է ինչ այդ շուկան այլևս չի աշխատում: Թե՛ մարզպետը, թե՛  երկու քաղաքապետերը պայքարում են դրա վերաբացման համար, բայց այդ հարցը չգիտես ինչու  ձգձգվում է: Երկրորդը, որ անհրաժեշտ է՝ Իրանի և Հայաստանի հողօգտագործողների, ֆերմերների միջև կայուն կապերի հաստատումն է: Մեղրիում աճում է անկրկնելի արքայանարինջ: Հիշում եմ, Իրան-Հայաստան գազատարի կառուցման ժամանակ իրանցի բանվորները տուն գնալուց միշտ Մեղրիի մրգերից առնում- տանում էին,քանի որ իրենց մոտ եղածը այդ  համն ու ապրանքային գեղեցիկ տեսքը չունեին: Մեր բերքը կա՛մ Իրան, կա՛մ էլ սառնարանների մեջ պահելուց հետո պետք է  Դուբայ արտահանել: Ծանոթներից մեկը մեր բերքը Դուբայում տասնապատիկ ավել էր կարողացել իրացնել: Իսկ Հայաստանում մեղրեցու բերքը մնում է, դժվար է իրացվում:

 – Այսօր Մեղրիից Իրան արտահանում չկա՞:

– Չէ, չկա: Սակայն ցանկալի կլիներ, որ նաև Մեղրիի պահածոների գործարանի արտադրանքն արտահանվեր: Ներկա պահին  թեկուզ քիչ խմբաքանակով ընկույզի մուրաբա է րտահանվում: Կարելի էր  ակտիվացնել այդ պահը:

– Եթե միրգն ու դրանից ստացված արտադրանքն այդքան որակյալ են, ապա ի՞նչն է պահանջարկի բացակայության պատճառը:

– Մեր մրգի մեջ պտղաշաքարները, գլյուկոզան, ֆրուկտոզան բարձր են,  համային որակը  շատ լավն է, մեղրեցիները որակյալ պտուղ են աճացնում և չիր են պատրաստում: Դրանց  մի մասն իրացնում են տեղական շուկայում, մի մասն էլ տալիս են վերամշակողներին: Մեղրեցուն  անհանգստացնողը Սադախլոյի շուկան է: Այդ ճանապարհով է ադրբեջանական և վրացական արքայանարինջը Վրաստանից գալիս Երևան և շուկաներում վաճառվում Մեղրիի արքայանարինջի անվան տակ: Արդյունքում մեղրեցին չի կարողանում իր իրապես որակյալ արտադրանքը սպառել: Ցանկալի կլիներ, որ մի 10-15 օր այդ թույլտվությունը ուշ տային, այդ դեպքում՝ մինչ այդ ապրանքի գալը Մեղրիի մրգի 50 տոկոսը կսպառվեր:

– Իսկ ինչո՞ւ  չի արտահանվում Իրան, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են:   

– Նախկինում տարվում էին, հիմա էլ են աշխատանքներ ընթանում, բայց ցածր մակարդակով:  Պարտադիր չէ, որ Մեղրիի միրգը հենց Իրան արտահանվի, թող արտահանվի ցանկացած այլ տեղ: Օրինակ անցյալ տարի կային տղաներ, որոնք արքայանարինջի և թզի չիրը արտահանել էին Ռուսաստան, իրացրել էին և շատ գոհ էին արդյունքներից:

– Մեղրիում իրանցի կամ պարսակահայ գործարարների կողմից  ներդրումներ եղե՞լ են:

– Նախկինում աննշան են եղել, հիմա չեմ կարող հաստատապես ասել:Քաղաքապետը միշտ էլ առաջարկություններ արել է,  բայց դա սահմանների հարց է, վիզաների հարց է, քաղաքականության հարց է:

– Մեղրեցիներն իրանցիների հանդեպ  անհանդուրժողակա՞ն են:

– Ո՛չ, մեղրեցիները միշտ էլ բարյացակամ են եղել իրանցիների նկատմամբ: Լինում են սակայն դեպքեր, երբ նրանք  իրենց լկտիաբար են պահում, սա ասում եմ առանց փակագծերը բացելու: Բայց մենք, մեղրեցիներս, մեզ շատ կոռեկտ ենք պահում: Նրանք շատ ազատ ելումուտ են անում, մենք ոչ մի հարցում նրանց նեղություն չենք տալիս: Մեղրեցիներն ու ագարակցիները պարսիկների նկատմամբ երբեք ազգայնամոլական կամ    անհանդուրժողական վերաբերմունք չեն ցուցաբերել:

– Ո՞ր  խնդիրներն են Մեղրիում գերակա։

 – Մեղրիում երիտասարդությունը գնալով պակասում է: 100 ուսանողից 80-90 այսօր հետ չեն վերադառնում: Ցանկալի կլիներ, որ բիզնեսներ ունեցող  պարսկահայ գործարարները, մի փոքր բիզնես էլ Մեղրիում բացեին, ներդրում անեին, օրինակ փոքրիկ  խանութներ բացեին, որը մեծահարուստ պարսկահայի համար խնդիր չէ, սակայն տեղաբնակների համար կարող էր աշխատատեղ դառնալ: Լավ կլիներ նաև, եթե վերաբնակեցման հարցերով ավելի շատ զբաղվեին:Օրինակ այդքան սիրիահայեր  եկան Հայաստան բնակվելու: Ցանկալի կլիներ, որ մեկ-երկու ընտանիք էլ գար այստեղ: Նրանք մեզանից ինչ-որ բան կսովորեին, մենք էլ նրանցից կսովորեինք:

 – Մեղրիում սիրիահայեր ընդհանրապես  չկա՞ն:

– Ոչ, Մեղրիում չկան: Սակայն լավ կլիներ, եթե ներգաղթող սփյուռքահայերի մեջ մասնագետներ լինեին, ովքեր  կգային այստեղ, իրենց գործը կդնեի, իրենց  տիրապետած ժողովրդական արհեստներով կզբաղվեին և  կսովորեցնեին  մեղրեցի երեխաներին, որոնք էլ հետո դրանով կարող էին ապրել  ու աշխատել…

Այսպիսին էր Մեղրին. իր խնդիրներով ու երազանքներով, կարոտով ու սպասումով:

Սարգիս Սուքիասյան

 

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register