ԿՈւՌՔԵՐԸ ԿՈՐԾԱՆՈւՄ ԵՆ. ՍՅՈւՆԵ ՍԵՎԱԴԱ

1

Մենք սիրում ենք կուռքեր սարքել՝ տեղի-անտեղի, ու փորձը ցույց է տալիս, որ հետագայում հենց այդ կուռքերն էլ մեզ վնասում են, քանի որ կուռք դարձնելով նրանց «մենաշնորհներ» ենք բաժանել ու հետո վճարում ենք այդ անառողջ մենաշնորհի գինը։

Օրինակ՝ հայերը հատուկ ու ընդգծված սեր ունեն բանակի նկատմամբ, ինչը բնական, օրինաչափ, ու անգամ ցանկալի է ռազմապես լարված երկրի համար։ Զինվորների անունով ու սահմանի՝ հերթական լարված վիճակով կարելի է փակել  ու «ջրել» ցանկացած թեմա, իսկ եթե, այնուամենայնիվ, որևէ մեկը փորձի պնդել իր կարծիքն առ այն, որ, ասենք, բանակում ամեն ինչ չէ, որ կատարյալ է, ու անօրիանակությունը չի վերացել, նրան հում-հում կուտեն, որովհետև ինչպե՞ս կարելի է զինվորի ու բանակի մասին նման բան ասել, նշանակում է՝ հայրենիքդ չես սիրում, դավաճան ես: Ու առհասարակ՝ հենց նոր ուրացար Ազատագրական պայքարը, մի քիչ էլ՝ Ցեղասպանությունը․ դե հա, ի՞նչ, այսօր բանակին ես անուն կպցնում, վաղն էլ Ցեղասպանությունը կուրանաս․ ծայրահեղական մարդկանց համար ցանկացած ցավոտ ու փոքր-ինչ սուր հարցի բարձրաձայնում ուրացում է ու դավաճանություն։

Սրա պատասխանը ստացանք՝ տուշոնկաների տեսքով։ Հիշո՞ւմ եք, Ապրիլյան սրացման ժամանակ շատ քիչ մարդիկ, բայց համառորեն ու հետևողականորեն պնդում էին, որ ինչ-որ բան այն չէ, ուտելիքը չի հասնում զինվորին։ Հանրությունն էլ հերսոտում էր՝ ինչպե՞ս ես համարձակվում, հայը հայից նման իրավիճակում ուտելիք կգողանա՞։  Անգամ դիրքերում գտնված մարդիկ էին վերադառնում ու ասում, որ, իսկապես, սնունդը որոշ դիրքերում քչություն էր անում: Այս դիտարկումն էլ պաթոսով էինք ծածկում՝ ազգիս ջանի՛ն մեռնեմ, այնքան շատ են կամավորներ գնացել, որ չի հերիքում ուտելիքը։ Բայց հիշո՞ւմ եք, թե Մաշտոցի պուրակում որքան շատ էր սնունդը, հավանաբար բոլորս գոնե ինչ-որ չափով աջակցել ենք այդ օրերին սահմանի զինվորներին։

Նույնն էլ՝ «Հայաստան համահայկական հիմնադրամը»․ երբ խոսում էին, որ էլի, ինչ-որ բան այն չէ, այս պնդողներին համարյա ցցի էին հանում՝ ամոթ ձեզ, Արցախի համար են անում, ոնց կարելի է, անշնորհակալնե՛ր, միայն ցեխ շպրտել գիտեք։ Իսկ թե ինչ եղավ ու իմացանք հետո՝ անչափ հուզիչ է։

․․․Վերջին իրադարձությունները չէին լինի, եթե մենք սովորեինք սիրել սթափ, բաց աչքերով ու հետևողականորեն՝ առանց կուռքեր սարքելու։ Որովհետև փաստացի, նույն բանակն ու Արցախը մեր կույր ու ագրեսիվ սիրուց ավելի են տուժել, քան եթե մենք ուղղակի շատ հետևողական լինեինք շատ հարցերի մեջ, հանրությունը «հաշիվ պահանջեր» և չվախենար իրերն իրենց անունով կոչելուց։ Արցախը, բանակը, քրիստոնեությունը, այս ու այն հայտնի դեմքը, կաթողիկոսը, վարչապետը․․․Բացարձակ ոչինչ ու ոչ մեկը չունեն «մենաշնորհներ», և նրանց ցանկացած աշխատանքի կարելի է կասկածանքով վերաբերվել, եթե անհանգստանալու համար հիմքեր կան։

Կուռքեր ստեղծելով՝ մենք փչացնում ենք հենց «կուռքերին», հետո էլ՝ վնասում մեզ։ Եթե կա անօրինություն, գողություն, սխալ, անարդարություն, պետք է  դրա մասին բարձրաձայնել, բարձրաձայնել փաստացի ու լծվել խնդիրը լուծելուն՝ հարցը գոնե համապատասխան օղակներ փոխանցելով: Որովհետև հենց դա է իրական սերը, հոգատարությունը, թե չէ ամեն օր Արցախի ու բանակի նկարներ, խաչերով աղոթքներ հրապարակել բոլորն են կարող, իսկ տարակարծության համար դիմացինին խեղդել-վիրավորել-անարգելն ամենահեշտ գործն է։

Եթե ուզում ենք ավելի լավ Հայաստան, պետք է սովորենք փաստացի խոսել խնդիրների մասին՝ չվախենալով ամբոխի կարծիքից։ Որովհետև ամբոխին անգամ կարելի է դարձնել հասարակություն, դժվարությամբ, բայց կարելի է: Հենց այսպես՝ անընդհատ ցույց տալով, որ մեդալն ունենում է երկու կողմ, որ  եթե հայրենիք ու զինվոր սիրող ես, սիրիր խնդիրների հետ համատեղ՝ առանց «ջայլամի հոգեբանության»։

Ոնց կասեր դասականը՝ սթափվեք, սա փոքր երկիր է, մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է ճշմարտությունն ու արդարամտություն-արդարադատությունը։

Սյունե Սևադա 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register