ԱՊԱԳԱՆ ԿԱՆԱՑԻ Է

1

«Գենդերային հավասարությունը կնոջ խնդիրը չէ, մարդկության խնդիրն է», «Ապագան կանացի է», «Ես կին եմ, իսկ որն է  քո սուպերկարողությունը» (անգլերեն գրությամբ), «Իմաստը հագուստի մեջ չէ», «Հեռու տարեք ձեր օրենքներն իմ մարմից» (անգլերեն գրությամբ)… Այս և այլ պաստառներով, բարձր տրամադրությամբ ու պարային համարներով, ֆլեշմոբերով և թնդացող երթով «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողները նշեցին կանանց միջազգային օրը Երևանում: Աշխարհի տարբեր ծագերում մեծացած երիտասարդները «Ազատության» հրապարակում հրաշալի մթնոլորտ էին ստեղծել: Օրն առանձնանում էր իր միասնականությամբ ու մշակութային բազմադիմությամբ:

3

Մեր համաքաղաքացիների մի մասը դարձավ երթի մասնակիցը, իսկ  մյուսներն էլ տարակուսած ու ապշահար հետևում էին «դեպքերի» հնարավոր զարգացմանը: Ելույթներից, ֆլեշմոբերից հետո ուսանողները երթով շարժվեցին դեպի «Հանրապետության հրապարակ»: Թմբուկներով «զինված» պատանի աղջիկների և շեփորահար տղաների առաջնորդությամբ կազմակերպված երթն ավարտվեց  «Հանրապետության հրապարակում»:

7

«Մեր հավաքի նպատակն է միավորել Երևանի և տարբեր երկրների քաղաքացիներին՝ կանանց միջազգային օրվա առթիվ, որպեսզի միասին տոնենք, ցույց տանք, որ կանայք մեծ ուժ են, իսկ Մարտի 8-ն էլ` կանանց իրավունքների մասին բարձրաձայնելու օրն է: Հարկավոր է դատապարտել կանանց  հանդեպ կիրառվող բռնությունը, նրանց իրավունքների ոտնահարումը, աշխատավայրում  դրսևորվող խտրականությունը»,- իր ելույթում նշեց ռուս Դիանա Ֆազլիևան, որ արդեն կես տարի է, ինչ ապրում և ուսանում է Հայաստանում: Դիլիջանի միջազգային դպրոցում  ուսանող սիրիացի Զոյան էլ հավելեց, որ իր համար Մարտի 8-ը շատ գեղեցիկ տոն է` ցույց տալու համար, որ կանայք նույնպես հզոր են.«Կարծում եմ, որ Հայաստանում բավականաչափ հարգում են կանանց, բայց մյուս կողմից, կան խտրականության բազմաթիվ օրինակներ, հասարակությունը մի շարք չգրված օրենքներ ունի, որոնք ճնշում են կանանց»:

6

Մարտի 8-ը` ոչ թե կանանց ծաղիկ, փուչիկ և օծանելիք նվիրելու, այլ` պայքարի օր է, աշխատավոր կանանց միջազգային օրն է, որի մասին շատերը կամ չգիտեն կամ մոռացել են: Դեռևս մեկ դար առաջ Նյու Յորքում 15.000 կին դուրս էր եկել փողոց` պահանջելու աշխատավարձի բարձրացում, ավելի քիչ աշխատաժամեր և ընտրական իրավունք: Այստեղ կարող է հարց ծագել, թե Հայաստանն ի՞նչ կապ ունի Նյու Յորքի հետ: Առաջին հայացքից՝ ոչ մի, այնինչ, եթե ուսումնասիրեք հայկական մամուլում 1920-ականներին Մարտի 8-ին վերաբերող հրապարակումները, կտեսնեք, որ այն ժամանակ նույնպես բարձրաձայնվել են կնոջ իրավունքներին վերաբերող հարցեր, որոնք առ այսօր  էլ շարունակում են մնալ արդիական: Աշխատանքի միջազգային կազմակերպություն տվյալներով` Հայաստանում 25 և բարձր տարիքի կանանց 17.3 տոկոսը գործազուրկ է, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ տարածաշրջանի երկրներում: Երկրորդ տեղում գտնվող Լատվիայում,օրինակ, նույն ցուցանիշը կազմում է 8.6 տոկոս: Այս փաստը կարելի է մեկնաբանել տարբեր տեսանկյուններից:

Առաջնայիններից է ընդհանուր գործազրկությունը կամ աշխատանքային պայմանների սարսափելի վիճակը, երբ առաջարկվում է 12 ժամանոց աշխատանք շատ ցածր աշխատավարձով: Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ հայ տղամարդիկ «կաշվից  դուրս են գալիս» (նաև տարին 10 ամիս խոպան են մեկնում), որ իրենց կանայք չաշխատեն և զբաղվեն միայն տնային գործերով, երեխաներին մեծացնելով: Սակայն վերոնշյալ խնդրի դեպքում էական դերակատարություն ունի  նաև գործատուների  կողմից դրսևորվող խտրական վերաբերմունքը: Ընդ որում, կանանց մեծ մասը, կարծես փակ օղակում լինի: Հայ որոշ գործատուներ մերժում են, օրինակ, ամուսնացած, բայց երեխա չունեցող 25 տարեկան կնոջը, քանի  որ որոշ ժամանակ անց նա կարող է օգտվել հղիության և ծննդաբերության  համար սահմանված արձակուրդի իր իրավունքից: Եթե կինը երեխա ունի, ապա գործատուի տեսանկյունից ոչ կայուն աշխատող է( չէ՞ որ երեխան կարող է հիվանդանալ և կինը ստիպված պիտի լինի բացակայել աշխատանքից): Իսկ երբ երեխաները մեծ են, իսկ կինն էլ 40-ն անց, պարզվում է, որ գործատուին հարկավոր են միայն 18-35 տարեկան աշխատողներ:

8

Մեկ կամ մի քանի դար առաջ, երբ կինը գրեթե ամեն տարի հղիացել և բազմաթիվ երեխաներ է ունեցել, ինչպե՞ս կարող էր կրթություն ստանալ կամ էլ ինքնազարգացմամբ զբաղվել: Դրա համար որևէ հնարավորություն, ռեսուրս չի եղել: Դրան մեծապես խանգարել է նաև ֆիզիկական ծանր աշխատանքը: Արդյունաբերության, տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ՝ աշխատանքը մեր օրերում նկատելիորեն թեթևացել է և կանայք սկսել են  ներգրավվել բազմաթիվ ոլորտներում: Բժշկության զարգացմանը զուգահեռ՝ երեխաների մահացության դեպքերն էլ են քչացել: Տարբեր պատճառներով մարդիկ սկսել են քիչ երեխաներ ունենալ:

10

Նախադպրոցական կրթական հասատատությունների ի հայտ գալով` երեխաների խնամքը  զգալիորեն թեթևացել է: Վերոնշյալների շնորհիվ, կանայք հնարավորություն են ստացել ներգրավվել բազմաթիվ ոլորտներում և վստահաբար՝ մեկ դար անց` կին գրողների, գիտնակաների քանակը հավասար է լինելու: Մինչդեռ Հայաստանում շարունակում է գերակայող մնալ ձևավորված ավանդական մոտեցումը. մանկահասակ աղջիկներին փոքր հասակից պատրաստում են միայն մեկ կարևոր գործի` մայր և կին լինելուն: Իսկ բարձրագույն ուսումնական հասատություն ընդունված  աղջիկների ուսումնառության վկայություն դիպլոմն էլ շատերի կողմից ընկալվում է ոչ թե մասնագիտությամբ աշխատանքի անցնելու  հնարավորություն, այլ ընդամենը՝ օժիտի «պատվաբեր» ատրիբուտ: Կանանց իրավունքների (աշխատանքային, տնտեսական) տարատեսակ խախտումերը, ընտանիքում, աշխատավայրում դրսևորվող խտրական վերաբերմունքը, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները վկայում են որ առկա խնդիրները սպասում են իրենց լուծմանը: Մնում է հուսալ և ձգտել, որ առաջիկայում կանանց իրավունքների և ընձեռված հնարավորությունների մասով զգալի բարելավում կարձանագրվի և գալիք սերունդները՝ նախորդների համեմատ շատ ավելի լավ վիճակում կլինեն:

5

Նյութը և լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register