Սև ու սպիտակից անդին գիտելիքներ

40318584_506740219787901_6200774762046685184_n (1) (1)

Այսօր, երեկ  և վաղը ավանդական թեմայի օրեր են մամուլում. սեպտեմբերի մեկի շեմին, սովորաբար թեժ քննարկվում են դպրոցական զամբյուղի մանրամասները։  Թե ինչ արժե երեխայի դպրոցական հագուկապը,  գրենական պիտույքներն ու ընդհանրապես՝ ինչ արժե դպրոց գնալը։

Այս տարի  թեման բավականին նահանջել է և նույնիսկ օրակարգային եռյակում էլ չի,   հարց է,  ընդհանրապես թեժ տասնյակում էլ կա՞, թե՝ չէ։ Պատճառը միայն  հասկանալի  պատճառներով քաղաքականացված մեր իրականությունը չի, և անգամ քարոզարշավից հինգ պակաս իրավիճակը։ Այլ՝ վերջակետը։ Կրթության նախարարի։

Նոր իրավիճակում Արայիկ Հարությունյանը վերջակետ դրեց տասնամյակներ շարունակ ձգվող վեճին՝ հագնել, թե  չհագնել դպրոցակական  համազգեստ։ Եվ քանի դեռ բանավեճը շարունակվում էր, յուրաքանչյուր դպրոց խնդիրն  իր ճաշակով ու նախասիրությամբ էր կարգավորում։ Էլ չասեմ առանձնահատուկ ձեռնարկատիրական ջիղ ունեցող տնօրենների մասին, որոնք տարիներ շարունակ կողքից «չաղլիկ» եկամուտ էին ապահովում իրենց համար՝ երեխաներին «ֆիրմա գներով» հագուստ  պարտադրելով։ Հանուն ճշմարտության ասեմ, որ հազվադեպ,  բայց համեստ գնով հագցնող դպրոցներ էլ կային։

Այժմ, կրթության նախարարն ազատականացնում է դպրոցական  հագուստը՝ մի շարք հիմնավորումներով․ սկսած երեխաների անհատականությունից մինչ ծախսերի կրճատում։

Եվ այս իրավիճակը շատ  հետաքրքիր է անդրադառնում շուկային․ սև-սպիտակ  հագուստի մեծ տեսականու հանդեպ խոր անտարբերություն է, ընդհանրապես դպրոցականների համար անգամ գունավոր հագուստի առևտրի աժիոտաժ չի նկատվում։

Ինչ է սա, իրավիճակի առողջ ըմբռնո՞ւմ, անտարբերությո՞ւն, թե՞ ամենասովորական աղքատություն․ թերևս՝ 3-ից էլ կա։ Դժվար թե բավարար եկամուտ ունեցող ընտանիքներում չցանկանային երեխաների սեպտեմբերի 1-ը տոն  դարձնել՝ նաև նոր հագուստի միջոցով։ Համենայն դեպս,  կարելի է արձանագրել, որ պարտադրված հագուստի գնման  հոգսերից շատ ընտանիքներ ազատվում են:

Փորձենք  հասկանալ՝ ինչ է տալիս դպրոցականին ազատ հագուստը: Ինչպես և ձևակերպումն է հուշում, նախևառաջ՝ ազատություն: Նախընտրելի հագուստով դպրոց գնացող երեխան չի ունենում նաև համազգեստի հոգեբանական պարտադրանքը: Մտնելով համազգեստի մեջ, դպրոցականը նաև որոշակի  կաղապարների մեջ է մտնում, ուսումն էլ դառնում է այդ պարտադրանքի մեկ այլ, ավելի ծանր բաղադրիչը: Իսկ երբ երեխան դպրոց է գնում ազատ, թեթև ու հարմար հագուստով, որ իր ընտրությունն է, նաև նույն թեթևությամբ է նայում նաև ուսմանը,  այն չի դիտարկում որպես ծանր մի աշխատանք, այլ տեսնում ու գտնում է հետաքրքություններ, սովորում  ավելի հաճույքով:

Ի վերջո, մարդու ձևավորման կարևոր այդ շրջանում  10-12 տարին ևս կարևոր է, երեխայի ճաշակի ձևավորումը հենց այդ տարիքից էլ  կարևոր է, եթե ոչ ՝ ի սկզբանե: Մի խոսքով, կրթությունն իրականում միայն դպրոցական կամ բուհական ուսումնառությունը չէ: Հատկապես դպրոցական  տարիքում այն բազմաշերտ մի համալիր է, որի ամեն օղակը կարևոր է, որտեղ պետք է շատ լինեն լույսն ու ջերմությունը, նաև՝ գույները, սևուսպիտակից անդին:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register