ԻՆՉՔԱՆ  ԼԵԶՈՒ  ԳԻՏԵՍ…

0

Ժամանակակից  աշխարհում  թեև շատ բան է փոխվել, սակայն հաղորդակցության պահանջը մնացել է անփոփոխ: Ավելին, տեխնոլոգիաների  թռիչքին  համահունչ այն  զարգացել է: Եվ առաջվա պես հաղորդակցության հիմնական միջոցը մնում է լեզուն: Արդեն երկար ժամանակ է, ինչ լեզվի իմացությունը միայն  մայրենիի շրջանակով չի ավարտվում:

Հայաստանում նոր սերունդը վաղուց արդեն հայերենից բացի՝ երկրորդ, երրորդ  լեզուների է տիրապետում, իսկ դա՝ փոքր ու միատարր բնակչությամբ  երկրի  սահմանները  հատելիս հաղորդակցության  կարևոր միջոց  է դառնում: Անգլերենը Հայաստանում վաղուց  արդեն  պատվավոր երկրորդ   տեղում  է և հրաշալի  է, որ հատկապես  երեխաներին   օտար լեզուներ  յուրացնելու  նորանոր հարավորություններ են ընձեռվում:

Օրեր առաջ  Հայաստանում  ԱՄՆ դեսպանատունը  և «Հայաստանի մանուկներ  հիմնադրամ» -ը  («COAF») ամփոփեցին  ԱՄՆ պետքարտուղարության հովանավորությամբ իրականացվող  անգլերենի  ուսուցման  «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագիրը: «Աքսես»-ի ամառային ավարտական ճամբարի ընթացքում ծրագրի 102  մասնակիցները  ներկայացրել  են անցած  ճանապարհը  և ավարտական վկայականներ ստացել։ Ծրագիրը շարունակական է: Հաջողակ համագործակցության երրորդ փուլին   մասնակցել է Հայաստանի 3 մարզի 100-ից ավելի դպրոցական, իսկ 2011 թվականից ծրագրի շահառու է դարձել 13-ից 16 տարեկան 300 լուսավոր պատանի:

«COAF»-ն առաջնորդվում է հատուկ փիլիսոփայությամբ՝   երեխաների  միջոցով  փոխել մեր ու նրանց  ապագան՝ այն ավելի լավը դարձնելով։ Ու   մենք համագործակցում ենք բոլոր այն տեղական ու միջազգային կառույցների հետ,  որոնց   գործունեությունը  համահունչ  է մեր  ռազմավարությանն  ու տեսլականին»,- հայտարարել է «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» -ի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

Համագործակցության  նպատակը՝ Հայաստանի գյուղական  շրջաններում  անգլերենի   ուսուցմանն օժանդակելն ու՝ համայնքների  սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին երիտասարդների  մասնակցությունը  խրախուսելն է: Անգլերենից   համապարփակ   գիտելիք  ստանալուն  զուգահեռ՝ «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրի մասնակիցները հմտություններ են ձեռք բերում  երեք  այլ հիմնական  ուղղություններով՝ ԱՄՆ մշակույթ և ժողովրդավարական  արժեքներ, անձնային աճ, համայնքային ծառայություն: Լեզվի  դասընթացից  բացի, նախաձեռնությունը   կենտրոնանում  է  նաև տեղական մասնագետների   կարողությունների   զարգացման  վրա՝ գյուղերի  ուսուցիչներին  ընդգրկելով  որպես  «Աքսես»  ծրագրի դասավանդողների օգնականներ:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ» («COAF») բարեգործական կազմակերպության նպատակը՝ համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով  գյուղաբնակների  կյանքի որակը բարձրացնելն է: 2004 թվականից ի վեր ծրագրերի շահառու է դարձել ավելի քան 67,000 բնակիչ, որոնք ներկայացնում են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքներ:  2015 թ. սկսած՝ «COAF»-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ «ՍՄԱՐԹ» նախաձեռնություն, որը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու  Հայաստանի գյուղերում, ինչի արդյունքում կշահեն թե՛ անհատները, թե՛ հասարակությունը և իհարկե, միջավայրը: «ՍՄԱՐԹ»-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում ևս: Լավագույն ներդրումը կրթության ոլորտինն է, ամենաթանկ կապիտալը՝ ինտելեկտը. այս մոդելի գիտակցությունն անխուսափելի զարգացման կտանի:  Հայաստանում  նոր  գիտելիքի  համար ճանապարհը բաց է, ինչն   անչափ  կարևոր է ու անկասկած  տարիներ հետո լուսավոր պտուղներ  կտա: Իզուր չէ, որ  կրթությունը   կարևորող  մեր  ժողովուրդն ասում է ՝ ինչքան  լեզու գիտես, այնքան մարդ ես:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register