7 ՀԱՐՑ. ԱՐԹՈՒՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Arthur-Mesropyan

Խորագրի հյուրն է բանաստեղծ, թարգմանիչ, «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող և միջազգային կապերի պատասխանատու Արթուր Մեսրոպյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:– Սիրում եմ մարդաշատ տեղեր, բազմազանություն, նոր դեմքեր-կերպարներ: Շատ եմ սիրում Կասկադի, Սարյան փողոցի գինետուն-սրճարանները, իսկ աշնանն ու ձմռանը փաբերում եմ հաճախ լինում: Ինձ դուր են գալիս այն վայրերը, որտեղ մարդիկ խոսում են, ուրախանում, շփվում իրար հետ, երաժշտություն լսում: Մեկուսի վայրեր այդքան էլ չեմ սիրում:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:– Նյարդայնացնող շատ բաներ կան, բայց վստահաբար դրանցից ոչ մեկը չի կարող մրցել մեր երթուղայինների ու երթուղայինների վարորդների հետ: Ահավոր նյարդայնացնում է, երբ վարորդները ծխում են ավտոբուսում: Նյարդայնացնում է նաև, երբ կանգառից մի քանի մետր առաջ կամ հեռու են կանգառում, այն դեպքում, երբ դրա համար շատ գեղեցիկ ու կոկիկ տաղավարներ կան նախատեսված:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։– Աշխարհին ներկայանալուց առաջ պետք է մտածել, թե ինչ այցեքարտ ունի Հայաստանը մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս համար: Ինչով է մեր երկիրը  հետաքրքիր, գրավիչ, դուրեկան, հարմար ու լիարժեք կյանք ապահովում մեզ համար: Երբ կարողանանք բավարար չափով այդպիսի պայմաններ ապահովել, Հայաստանում երջանիկ ապրելու հնարավորությունները բազմապատկել, այդ ժամանակ էլ մեր երկիրն իր բարեկեցիկ քաղաքացիներով այցեքարտ կդառնա աշխարհի համար:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:– Իրոք բարդ է առանձնացնել մի քանիսը, մի տեսակ վախ կա, որ ինչ-որ մեկին կմոռանամ ու կնեղացնեմ(ժպտում է, –խմբ): Բայց ամեն դեպքում նշեմ՝ Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը», Չաք Փոլընիքի «Մարտակումբը» և իհարկե՝ Հոմերոսի անմահ «Իլիականը»:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։– Ընդօրինակելի են այն մարդիկ, ովքեր իրենց ուժերով, իրենց աշխատանքով ու հնարամտությամբ կարողացել են հաջողության հասնել իրենց ոլորտներում, ընդօրինակելի է այն մայրը, որը երկու կամ ավելի տեղ աշխատում է, որ ապահովի իր դպրոցական երեխաների ապրուստն ու ուսումը, ընդօրինակելի է տասնութ տարին նոր բոլորած երիտասարդ տղան, որ սահմանին 40+ աստիճան տապին պահպանում է մեր անվտանգությունը: Օրինակները շատ են:

– Հնարավորություն  ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։– Կկառուցեի մի կենտրոն, որտեղ մեր բնակչությանը ու հատկապես երիտասարդներին մանրամասն ու փաստերով կներկայացվեր Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի կյանքի բոլոր կողմերը, սկսած էմիգրացիոն ճամբարների պայմաններից մինչև ներգաղթյալների աշխատանքային պայմաններ: Այդ կենտրոնում մի առանձին բաժին էլ կարող էր լինել, որտեղ երիտասարդները կարող էին հավաքվել, բիզնես ու ստեղծարար գաղափարներով փոխանակվել՝ Հայաստանում դրանք կյանքի կոչելու նպատակով:

– Շոգից փրկվելու  Ձեր «բաղադրատոմսը»։– Երևանյան շոգն արդեն ստորացուցիչ է դառնում: Փորձում եմ պարզապես քիչ մնալ արևի տակ, շատ մնալ օդափոխիչի մոտակայքում, ուտել շատ պաղպապակ, սառը միրգ, խմել թան կամ սառը կոլա:

 

Լուսանկարը` Անահիտ Պետրոսյանի

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register