ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԿԻՆԸ՝ ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻՆ 6000 ԴՈԼԱՐ Է ՀԱՎԱՔԵԼ ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1900 կմ – 1 խիզախ կին – 100 գյուղաբնակ երեխա
ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին ավարտել է 1900 կմ հեծանվային արշավն ու հասել Հայաստան։ Հոկտեմբերի 17-ին նա մամուլի ասուլիս է հրավիրել «Հոդված 3» ակումբում.
«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր նվիրատուներին ամբողջ աշխարհով մեկ, ովքեր գումար են հանգանակել ՔՈԱՖ-ին՝ շուրջ 6,000 ԱՄՆ դոլար։ Մինչև հոկտեմբերի 19-ը ժամանակ ունենք, որ հավաքագրենք ևս 4,000 դոլար և հասնենք վերջնական նպատակին՝ 10,000 դոլարին»,- ասաց Արիանա Կաոիլին։
Հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Հավաքվելիք 10,000 ԱՄՆ դոլարը կծառայի Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան ու Զորական գյուղերում սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։
Տղաների և աղջիկների ֆուտբոլի, վոլեյբոլի ու թենիսի մեկամյա խմբակներում կընդգրկվեն նշած համայնքների շուրջ 100 երեխաներ։ Պարապմունքներից զատ, երեխաները հնարավորություն կունենան դիտելու Հայաստանում անցկացվող խաղեր, հյուրընկալելու կամ հանդիպելու իրենց սպորտաձևի հայտնի մարզիկների։
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինն իր հեծանվային շրջագայությունն սկսել է սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (ՔՈԱՖ) հոգեհարազատ է Արիանային, քանի որ հնարավորություն է տալիս գյուղաբնակ երեխաներին բարձրացնել իրենց կյանքի որակը և մեծ նվաճումներ ունենալ։
«Կոնվերս բանկը» հովանավորել է բարեգործական արշավին առնչվող որոշակի ծախսեր։
Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավի դրամահավաքին կարելի է միանալ #bike4coaf հեշթեգով, նաև սեփական ներդրումը կատարել հետևյալ հղմամբ