ԻՆՉՈ՞ւ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԻՐԱՐ ՀԵՏ ՉԵՆ ԽԱՂՈւՄ

3

Մոտ հինգ ամյա աղջնակը մոտենում է նախ երկար ծամերով բալիկին, հետո գնդակով տղային…Փորձում է ընկերանալ: Ի վերջո երրորդ երեխայի հետ ստացվում է: Ավազների մեջ խաղում են: Տասը րոպե անց աղջիկը մոտենում է մորը և առաջարկում է տուն վերադառնալ:

-Ինչո՞ւ, բալես, բա քույրիկի հետ չէի՞ր խաղում:
-Ես միամիտ իրա աշտարակին կպա քանդեցի, ինքն էլ ասեց, որ էլ չի ուզում խաղա:

Նկարագրվածը դեռ լավ տարբերակն է: Երեխան ընկերներ փնտրում է: Մանկական խաղահրապարակներում հաճախ հայտնվող ծնողները հավանաբար նկատել են, որ մեր օրերում երեխաներն այնքան էլ ակտիվ չեն նոր ընկերներ, բակում շրջապատ գտնելու հարցում: Ես երկար ժամանակ հետևել եմ բակում իրար կողք կողքի խաղացող երեխաներին: Ամեն մեկն ունի իր գնդակը, հեծանիվը, դույլն ու պարանը, բայց միմյանց կարիքը նրանք կարծես թե չունեն:

Երբ խոսում եմ այս մասին, զրուցակիցներից հաճախ լսում եմ «հիմիկվա երեխաներն ուրիշ են» արտահայտությունը: Հարց է ծագում` ինչո՞ւ: Այդ ի՞նչ «հիմա» է, որ եկավ և տակն ու վրա արեց մեզ ծանոթ մանկության տարբերակը:

Փորձենք վերլուծել և հասկանալ իրավիճակը: Նախեւառաջ ուզում եմ, խուսափելով որեւէ գնահատականից, նշել երեխաների պահվածքի այն դրսեւորումները, որոնք իմ մանկության ժամանակ հազվադեպ էին հանդիպում, բայց այժմ կարծես թե նորմայի մի տեսակ են դարձել:

Եւ այսպես` Երեխաները բակում չունեն նոր ընկերներ գտնելու, հասակակիցների խմբի մեջ ինտեգրվելու, այդ խումը մեծացնելու առանձնակի ձգտում:

Երեխաները խուսափում են կոնֆիլկտներից: Վառ օրինակ է հոդվածի սկզբում նկարագրված իրավիճակը: Մի աղջիկը միամիտ, կամ գուցե դիտավորյալ, քանդեց մյուսի ավազե աշտարակը: Երբ ես փոքր էի այս խնդրի լուծման տարբերակները երկուսն էին` կամ աղջիկները կկռվեին, կամ կհաշտվեին և կշարունակեին խաղը: Բայց այս դեպքում մենք տեսանք երեխաների, որոնք խուսափեցին խնդրին հետագա զարգացում տալուց: Քանդեցի՞ր ամրոցս: Ցտեսություն:

Երեխաները` գոնե նախադպրոցական տարիքի, խաղում են մեծահասակների հսկողության ներքո: Այս դեպքում ծնեղները ոչ միայն հետեւում են նրանց անվտանգությանը, այլ նաեւ պարբերաբար նկատողություններով փորձում են վերահսկել նրանց վարքը և հարաբերությունները հասակակիցների հետ:

Իսկ հիմա փորձենք հասկանալ`ինչու է այդպես ստացվում: Ինձ թվում է, որ բոլոր այս երեք առանձնացրած կետերն ունեն մեկ հիմնական պատճառ: Այն է` նպատակահարմարության բացակայությունը: Այլ կերպ ասած` երեխաները չեն ձգտում նոր ընկերներ գտնել, այլ խմբերի անդամ դառնալ, մեկ պարզ պատճառով` նրանք չեն զգում դրա կարիքը: Եվ իրոք` ինչո՞ւ պետք է շահագրգռված լինեն բակում ակտիվ լինելու մեջ:

Եկեք դիտարկենք «հիմիկվա»  երեխաների կյանքի առանձնահատկությունները: Նախ` նրանց օրակարգը բավականին հագեցած է: Պարտեզից կամ զարգացնող քոլեջից հետո շատերը մեկից ավելի տարբեր խմբակներ են հաճախում: Բակում ինչ-որ բան անելու ուժ և տրամադրություն էլ չի մնում:

Փոխվել են նաև խաղերը: Երբ ես փոքր էի, իմ խաղալիքների մեծ մասը պահանջում էին առնվազն երկրորդ երեխայի առկայությունը` գնդակ, պարան, ռեզին, հոլ…Դե որքա՞ն կարելի է միայնակ հոլ պտտացնել:Իսկ հիմա երեխայի հետ մեծ հաճույքով կզբաղվի համակարգիչը, կամ հայրիկի հեռախոսը: Մուլտֆիլմն այլեւս ժամով չէ: Այն ամենուր է: Երբ ուզես, որքան ուզես: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ փորձել ինչ-որ մեկի հետ ընկերանալ, կռվել, հաշտվել, մրցել, եթե կարելի է հանգիստ մուլտֆիլմ դիտել կամ հեռախոսով խաղ խաղալ:
Մարդու ուղեղն այնպես է աշխատում, որ մենք մեզնից անկախ նախընտրում ենք հեշտ տարբերակը: Աշխատում ենք մաքսիմալ տնտեսել մեր էներգիան: Ժամանակին, եթե դու բակում ընկերներ չունենաիր, ձանձրույթից կմեռնեիր: Հիմա մենակ մնալը ձանձրալի չէ: Երեխան ձանձրանալու ժամանակ էլ չունի: Խմբակներից հետո մուլտֆիլմ, հետո ուրիշ խմբակ, կես ժամ բակում հանգիստ կսահի, հետո տանը մուլտֆիլմ կամ խաղեր, ու բարի գիշեր:

Ինչ վերաբերվում է երրորդ կետին`ծնողներն իրոք ավելի ակտիվ են վերահսկում երեխաներին: Դա հասկանալի է: Ժամանակները փոխվել են, շրջապատող աշխարհն այլեւս անվտանգ չի թվում: Երբ խաղահրապարակում որեւէ կոնֆիլկտ է առաջանում իր և ուրշի երեխայի միջեւ, ծնողը նույնպես փնտրում է ամենահեշտ, էներգիան խնայող տարբերակը` դու այդ տղայի կամ աղջկա հետ գործ չունես:

Արդյունքում ստացվում է, որ մենք օգտվելով մեր հոգեբանությանը հատուկ հեշտին, արագին ձգտող ունակությանը, լավ տեղավորվել ենք 24 ժամյա մուլտալիքներից, համակարգչային խաղերից ու տարբեր խմբակներից հյուսված հարմարավետության տարածքում: Իսկ մանկական խաղահրապարակում իրար կողք կողքի կանգնում կամ վազում են մեր երեխաները: Նրանք զիջելու, հարմարվելու, կռվելու, առաջնորդելու, պայքարելու և հասակակիցների հետ հարաբերվելու այլ կարեւոր ունակություններ չեն սովորի: Ոչ մի խմբակ դա չի սովորեցնում: Դրա փոխարեն գուցե շատ ավելի լուրջ գիտելիքներ ստանան: Հավանաբար մի քանի տարի անց նրանք բոլորը կկարողանան խոսել միանգամից հինգ տարբեր լեզուներով, բայց իրար հետ դժվար թե գոնե մեկ ընդհանուր լեզու գտնեն:
Հեղինակ՝  Լիանա Խաչատրյան (լրագրող, մայրիկ)

Աղբյուրը՝ www.mapa.am

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register