ՀԱՅ 10 ԳՐՈՂՆԵՐ, ՈՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՐԺԱՆԱՑԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

grox

Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակը բաժին հասավ ամերիկացի երաժիշտ, նկարիչ Բոբ Դիլանին: 75-ամյա հանրահայտ երգչին հեղինակավոր մրցանակի շնորհման լուրը գրական աշխարհում  բուռն ալեկոծություն առաջացրեց: Բոբ Դիլանը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացող առաջին երաժիշտն է: Նոբելյան մրցանակի հավակնորդների ցանկում նա  միակը չէր: Աշխարհում անցկացվող յուրաքանչյուր քիչ թե շատ հետաքրքիր միջոցառման համար խաղադրույքներ սահմանող բուքմեյքերական ընկերությունները Դիլանի հաղթանակը գնահատել էին  50/1 գործակցով: Մրցանակի հիմնական հավակնորդ էր դիտարկվում  ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին (4/1), որին  էլ համապատասխանաբար՝  6/1 և 7/1 գործակիցներով հաջորդում էին սիրիացի բանաստեղծ Ադոնիսը և ամերիկացի վիպասան Ֆիլիպ Ռոտը:   Նոբելյան մրցանակի հետ կապված հարցը մակընթացություն առաջացրեց նաև Հայաստանի գրական միջավայրում: Նոյեմբերի 3-ին «Զանգակ» հրատարակչության կողմից «Զանգակ» գրատանը կազմակերպված քննարկում- թեյախմությունը  դրա խոսուն վկայությունն էր: Գրողների, գրականագետների, թարգմանիչների միջև ծավալված քննարկումն առավել քան թեժ էր: Գրական աշխարհը բաժանվել էր երկու մասի՝ շնորհավորողների և քննադատների: Ներկաներից շատերը հեգնում էին, թե այդ դեպքում գրողներին էլ պետք է «Գրեմմի»  մրցանակ շնորհել:

Հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանի դիտարկմամբ՝ մրցանակը Դիլանին շնորհելը արտասովոր, ինչ-որ տեղ նաև անսպասելի ու սկանդալային էր: Արթուր Մեսրոպյանը ներկայացրեց նաև իր տեսակետը, թե ինչու չհաղթեց «ֆավորիտներից»՝ սիրիացի գրող Ադոնիսը: «Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով վերջին տարիներին բազմահազար սիրիացիներ են գաղթել Շվեդիա: Այժմ այնտեղ ահագնացել են ազգամիջյան բախումները, ազգայնականներն ակտիվացել են, իսկ քաղաքական դաշտում ծայրահեղ աջերը դարձել ավելի ժողովրդական»:

Բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի դիտարկմամբ՝ «Մարդիկ կարծես հոգնել են ավանդական արժեքներից: Ձգտում են ասպասելիության, ինչը նկատելի է մշակույթի տարբեր ճյուղերում: Ինչ վերաբերում է Դիլանին, ապա նա, իհարկե, անարժան չէ, բայց մրցանակն իրեն էլ առանձնապես պետք չէր (Բոբ Դիլանը իր պաշտոնական կայքից հեռացրել է Նոբելյան մրցանակ ստանալու մասին տեղեկությունը – խմբ.)»:

Թարգմանիչ Գայանե Գինոյանն էլ  նկատեց, որ  գրականության ասպարեզում նախորդ տարի բելառուս գրող և լրագրող Սվետլանա Ալեքսիևիչին Նոբելյան մրցանակի  շնորհումը նույնպես բուռն քննարկումների  շարժառիթ դարձավ: «Վաղուց արդեն Նոբելյան մրցանակն ունի  քաղաքական ենթատեքստ: Ալեքսիևիչի ստեղծագործությունները  գուցե շատ օգտակար են լրագրության ոլորտում, բայց դրանք որակվեցին որպես գրականություն»:

Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանն էլ խոստովանեց, որ սպասում էր Ադոնիսի հաղթանակին. «Հնարավոր չէ Դիլանի և Ադոնիսի ստեղծագործությունները դնել միևնույն նժարին: Այնուհանդերձ, դա մեծ դժբախտություն չէ: Միայն թե անհրաժեշտ է Նոբելյան մրցանակ ստացած բոլոր գրողների ստեղծագործությունները թարգմանել հայերեն: Հայ  գրողներից՝ Հրանտ Մաթևոսյանն ու Աղասի Այվազյանը միանշանակ  արժանի էին Նոբելյան մրցանակի: Իսկ եթե Դիլանն է ստանում, ապա մեր գրողներից առնվազն 10 -ին կարելի էր շնորհել այդ մրցանակը»:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register