ԳԱՐՈՒՆ»-Ը ՆՈՐ ԳԱՐՈՒՆՆԵՐ Է ԲԵՐԵԼՈՒ

garun

Մեկամյա  ընդմիջումից հետո լույս է տեսել «Գարուն» ամսագրի` 2016թ. առաջին համարը: Ամսագրի խմբագիր Աշոտ Գաբրիելյանի վստահեցմամբ՝ նոր խմբագրակազմն անելու է ամեն ինչ ոչ միայն ամսագրի լավագույն ավանդույթները պահպանելու, այլեւ ժամանակին համընթաց քայլելու ուղղությամբ: Այս տարվա առաջին համարում տեղ են գտել անկախության սերնդի շուրջ 30 հեղինակների ստեղծագործություններ, թարգմանություններ:

– Տիգրան Պասկևիչյանի, Հովիկ Չարխչյանի, Մհեր Արշակյանի ու այլ հեղինակների  գործեր կան, թարգմանություններ Վիրջինիա Վուլֆից, Զորայր Խալափյանի անտիպ նյութերից ենք տպագրել այս համարում… 80 էջի մեջ փորձել ենք խտացնել «Գարուն»-ի ավանդույթները: Մենք փորձելու ենք նաև գրական բանավեճեր հրահրել, որոշակի հարցադրումներ առաջ քաշել և փորձել գտնել նաև պատասխանները,- ասում է Աշոտ Գաբրիելյանը:

Ամսագիրը հրատարակվել է 500 օրինակով, գրասեր հանրությունն այն կարող է ձեռք բերել բոլոր կրպակներից:  Մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 3 համար հրատարակել, որոնցում մեծ տեղ է հատկացվելու հատկապես հրապարակախոսությանը: Նպատակը մեկն է՝  համացանցի դարում, երբ ցանկացած գաղափար արագ տեղ է գտնում սոցիալական ցանցերում, զարգացնել հրապարակախոսության մշակույթը Հայաստանում:

– Ցավոք, մեր երկրում բավականին նվազել են այն հարթակները, որտեղ մեր հրապարակախոսները կարող են արտահայտվել: Մենք փորձելու ենք լրացնել այդ բացը, մատուցել թարմ և արդիական հրապարակախոսություն,- ասում է խմբագրական խորհրդի անդամ Արամ Անանյանը:

«Գարունը» նոր գարուններ է բերելու հայ իրականություն, համոզված են խմբագրական խորհրդի անդամները, որոնց միակ նպատակը՝ շնչող, դինամիկ, մաքուր հայերենով ամսագիր ստեղծելն է, որը կհաղթահարի առկա խոչընդոտներն ու անգամ տասնամյակներ անց չի կորցնի իր արդիականությունը:   Երբ մենք թերթում էինք «Գարուն»-ի արխիվը, այնպիսի գանձեր էինք հայտնաբերում, որ զարմանում էինք: «Գարուն»-ի մեծությունը հենց  դրանում էր, որ 60-ականների համարներն էլ այսօր արդիական են,- նկատում է Արամ Անանյանը:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register