ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՀԵՏՔԵՐՈՎ

book

Հայաստանի ողջ պատմության ընթացքում հայ կանանց վերապահվել են տարբեր դերեր ՝ սկսած միջնադարյան հայ թագուհիներից ու արքայադուստրերից, վերջացրած 19-20-րդ դարերում ազգային լիբերալիզմի համար պայքարող ակտիվիստուհիներ:  Բազմաթիվ նախաձեռնություններ հաջողությամբ են պսակվել հենց հայ կանանց մասնակցության շնորհիվ: Վերջիվերջո, նրանք կազմել են բնակչության 50 տոկոսը: Ուստի, ինչո՞ւ կանայք հավասարապես չպետք է կիսեն այն ճանաչումը և փառքը, որին արժանացել են տղամարդիկ:

Ցավոք սրտի, տարիներ շարունակ հայ կանայք անուշադրության են մատնվել և նրանց դերը սրբագրվել է անգամ մեր պատմության դասագրքերում:

Հայտնի գրող և խմբագիր Սոնա Զեյթլյանի կարծիքով՝ հայ կանայք արժանիորեն չեն գնահատվել մեր պատմության մեջ մի քանի պատճառով: Զեյթլյանի վերջին գրքերից մեկը` «Հայ կանանց պատմության հետքերով», հրատարակվել է Կիլիկիո կաթողիկոսի կողմից և արժանացել Գևորգ Մելիտինեցու գրական մրցանակին:

«Դուք չեք գտնի այս կանանց մասին որևէ ակնարկ մեր պատմության գրքերում,- ասում է Սոնա Զեյթլյանը,- բայց եթե դուք բավականաչափ լա՛վ փնտրեք, կտեսնեք, որ նրանք իրական կանայք են»: Սոնա Զեյթլյանը փոխում է հայ կանանց մասին պատկերացումները, թեև իր պնդմամբ, ինքը միայն ցանկացել է  «մոռացումից փրկել հիշողությունը»:

Զեյթլյանը ծնվել է Կահիրեում, հենց տեղի Ամերիկյան համալսարանում էլ ուսումնասիրել սոցիալական գիտություններ ու հոգեբանություն: Հեռագայում նա մանկավարժությամբ է զբաղվել Կահիրեի եւ Բեյրութի դպրոցներում, ապա նաև՝ Լոս Անջելեսում:  Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին նա այցելել է վտանգվավոր հատվածներում ապրող և աշխատող կանանց և քաջալերել նրանց չկորցնել հաստատակամությունն ու պայքարել հանուն իրենց հայրենիքի:

soya-zeytlyan
ՍՈՆԱ ԶԵՅԹԼՅԱՆ

Իր հասարակական և մանկավարժական գործունեության համար Զեյթլյյանն արժանացել է բազմաթիվ պարգևների: Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցից մի հատված:

-«Հայ կանանց պատմության հետքերով» գիրքը 2013թ.-ին արժանացավ Գևորգ Մելիտիսյանի անվան պարգևին: Պարբերականներից մեկում այն բնորոշվեց որպես գիրք, «որը ծնվել է հսկայական աշխատանքի և ուսումնասիրությունների արդյունքում՝ որպես արխիվացված պատմության վերաիմաստավորում»: Ո՞րն էր այսպիսի գիրք գրելու Ձեր շարժառիթը:

-Ես այս գիրքը գրել եմ առանց հատուկ ակնկալիքների կամ շարժառիթների: Ես պարզապես հավատացել եմ, որ չափազանց կարևոր է հանրությանը ներկայացնել հայ կանանց դերը՝ մեր դարավոր պատմության ընթացքում: Ինձ միշտ անհանգստացրել է այն, որ կանանց դերն արժանիորեն չի ներկայացվել:

Նայեք հեղափոխականների մասին գրքերը կամ մեր պատմությանը վերաբերող ցանկացած գիրք. դրանք կարդալիս դու պետք է շատ ուշադիր լինես, որ որևէ կնոջ անուն կամ կնոջ մասին մեկ-երկու նախադասություն հանդիպես… Դա առաքելության պես բան դարձավ ինձ համար՝ փրկել հայ կանանց մասին հիշողությունը: Սա ամբողջական և բազմակողմանի գիրք է, որ սկսվում է Հայաստանի պատմության սկզբից և հասնում մինչեւ մեր օրերը՝ ներկայացնելով ավանդույթները, ընտանեկան հարաբերությունները, ցանկացած բան, որ վերաբերում է կնոջը:  Դուք կարող եք կարդալ՝ ինչպես են կանայք ապրել անցյալում, ինչպես են հազարավոր դժվարություններ հաղթահարել ժամանակի ընթացքում և ինչ է սպասվում նրանց ապագայում:

-Ինչու՞ է մեր պատմության գրքերում այդքան քիչ գրվել հայ կանանց մասին:

-Այդ հարցը երկու պատասխան ունի՝ կարճ և երկար: Կարճն այն է, որ մեր ողջ պատմությունը պատվիրվել կամ գրվել է տղամարդկանց կողմից: Երկարն այն է, որ որպեսզի ուսումնասիրես և հայտնաբերես հայ կանանց մասին պատմությունները, դու պետք է մանրակրկիտ հետազոտես բազմաթիվ աղբյուրներ: Որպեսզի անես դա, դու պետք է համբերատար, հաստատակամ լինես ու հավատաս քո գործին: Շատերը ձախողվել են հենց հաստատակամության և համառության բացակայության պատճառով:

– Կթվե՞ք հայ կանանց անուններ, որոնք առանցքային դեր են ունեցել մեր պատմության ընթացքում, բայց անուշադրության են մատնվել դասագրքերում:

-Ես կուզեի խոսել երկուսի մասին: Առաջինը Զապել Եսայանն է. նրա մասին շատ է գրվել և հիմա էլ գրվում է. սրանցում հիմնական առանցքը Եսայան գրողն է: Ես չեմ ժխտում, որ նա մեծ գրող է, սակայն ինձ համար առավել հետաքրքրականն այն ջանքերն են, որոնք նա ներդրել է այլ կանանց օգնելու և կանանց իրավունքները պաշտպանելու հարցում: Այս մասին մեր պատմության գրքերը լռում են:

zapel
ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին պառլամենտում կին ներկայացուցիչներ ենք ունեցել, որոնցից շատերը հետագայում նախարարներ են դարձել: Այս կանայք կարևոր դեր են ունեցել Հայաստանում կրթական համակարգի ձևավորման հարցում, ակտիվորեն աշխատել տեղահանված և որբ բնակչության վիճակը բարելավելու ուղղությամբ… Բայց մի օրինակ կա, որի մասին հազվադեպ է խոսվում. տարբեր պետությունների արտաքին հարաբերությունների պատմության ընթացքում Հայաստանն ունեցավ առաջին կին դեսպանը՝ Դիանա Աբգարը: Ցավոք, այս կնոջ գործը ևս արժանիորեն չի գնահատվել: Դեսպան լինելու տարիներին ձևավորած լավ հարաբերությունների արդյունքում նա կարողանում էր օգնել հազարավոր վտարանդիների, որոնց հոսքը դեպի Արևելյան Հայաստան չէր դադարում թե՛ Եղեռնի տարիներին, թե՛ դրանից հետո:  Նա անգամ սենյակներ էր տրամադրում իր սեփական տանը, մինչև աքսորյալների իմիգրացիայի փաստաթղթերը պատրաստ կլինեին:

Շատ մարդիկ այսօր հավատում են, որ փողը կարող է լուծել ցանկացած հարց, բայց այս կանայք մի գրոշ էլ չունեին: Նրանք կամք և հաստատակամություն ունեին և պատրաստ էին զոհաբերել անգամ իրենց կյանքը՝ հանուն ազգի բարեկեցության: Հենց սրա համար եմ ես գնահատում նրանց պատմությունները:

abgar
ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ

-Հայ կանայք տարբեր դերեր են ունեցել՝ սկսած միջնադարյան հայ թագուհիներից ու արքայադուստրերից, վերջացրած 19-20-րդ դարերում ազգային լիբերալիզմի համար պայքարող ակտիվիստուհիներ: Ի՞նչ դեր կարող են ունենալ այսօր հայ կանայք Հայաստանում և Սփյուռքում:

– Հայաստանի առաջին Հանրապետությունն առաջին երկրներից էր, որ կանանց ընտրելու իրավունք տվեց: Տասնամյակներ են անցել, և այսօր այդ իրավունքը բավականաչափ չի արժևորվում և գնահատվում: 70 տարի Խորհրդային միությունում ապրելուց հետո  մենք վերջապես նոր կառավարություն ունենք՝ նոր գաղափարներով և խոստումներով: Նոր էջ է բացվել, բայց կանանց իրավունքները միայն հետընթաց են ապրել և ոչ մի քայլ առաջ: Եթե մարդիկ բավականաչափ հեռատեսություն են ունեցել և Առաջին Հանրապետության տարիներին, կարևորել կանանց դերը՝  նրանց ընտրելու իրավունք տալով, ի՞նչ իրավունք ունենք մենք այսօր դա չանելու: Հայաստանում այսօր կանայք ընկալվում են որպես երկրորդ, անգամ երրորդ կարգի մարդիկ. սելեկտիվ աբորտները, ընտանեկան բռնությունները և շատ այլ օրինակներ վկայում են, որ սեռերի անհավասարությունը վտանգավորության չափ աճել է: Ես հավատում եմ, որ եթե մենք սովորենք գնահատել հայ կանանց և թույլ տանք նրանց ակտիվ մասնակցություն ունենալ ազգային հարցերում, շատ բան կսկսի փոխվել:  Սրա համար մեծ համբերություն է պետք:

Թարգմանությունը՝ Տաթևիկ Սարգսյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register