ԻՆՉՊԵ՞Ս ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼ ՖԵՅՍԲՈւՔՈւՄ

«Հնարավոր չի, «Ֆեսբուքը» չունի նման հավելված»,- կասի ձեր մի մասը, բայց հաճելիորեն կսխալվի։ Ֆեյսբուքյան անսահմանության մեջ կա մի հետաքրքիր գրքային բոտ, որը թույլ է տալիս ընտրել գրքեր ըստ ժանրերի ու կարդալ դրանք կամ էլ լսել աուդիո տարբերակով։ Իսկ երբ ծուլանում եք ու որոշ ժամանակ չեք կարդում՝ բոտը հումորային ու բարձր տրամադրությամբ տեքստերով հորդորում է վերադառնալ գիր ու գրականությանը՝ չաթերը մի կողմ թողնելով։
Ֆեյսբուքի հայ օգտատերերի մի մասն արդեն հասցրել է սիրել այս բոտը, մյուս մասին էլ նոր է սպասում սերը՝ առաջին հայացքից։ «Ճամփորդը» զրուցել է վերջին ժամանակներում շատ սիրված գրքային բոտի համահեղինակ Վահե Բաղդասարյանի հետ։ Վահեն պատմել է բոտի ստեղծման պատմությունը, ընթացքը և նաև ներկայացրել շուտով սպասվելիք թարմացումները։ Վահեի մեկնաբանությունները՝ ստորև․
Book_bot-ը հանդիսանում է Brainbit ընկերության ոչ կոմմերցիոն պրոդուկտը: Երկու տարուց ավել բոտեր սարքելուց հետո, որոշեցինք ստեղծել նաև ինչ-որ ոչ կոմերցիոն բնույթ կրող բոտ: Կային մի քանի տարբերակներ, բայց ընտրվեց Book_bot-ի գաղափարը, քանի որ այն ուներ կրթական բնույթ և հերթական ինչ-որ հավես բան լինելուց բացի կօգներ երիտասարդներին կրթվել և հեշտությամբ գտնել և կարդալ ամենահետաքրքիր՝ հայերեն թարգմանությամբ գրքերը, կամ լսել գրքերի աուդիո տարբերակները:
Բոտը սարքել սկսել ենք անցյալ տարվա սեպտեմբերի վերջից, հիմնական աշխատանքները տարել ենք ես ու ընկերս: Տեխնիկական հարցերով զբաղվել եմ հիմնականում ես, իսկ բիզնեսի և մարքեթինգի մասը կատարում է ընկերս՝ Դավիթ Ղարիբյանը: Բոտը արդեն ակտիվ գործում է մոտ երկու ամիս:
Բոտի օգնությամբ կարդում են, այն էլ՝ շատ։ Երկու ամսվա ընթացքում արդեն ունենք մոտ 5000 օգտատեր, որոնցից 1000-ից ավելին ամեն օր կարդում է մեր բոտի օգնությամբ:
Իրականում կա կարծրատիպ, որ Ֆեյսբուքով դժվար թե գիրք կարդան, բայց մեր 5000 օգտատերերը դրա՝ կարծրատիպային լինելու վառ ապացույցն են: Գժվելու բան է, 14-15 տարեկան մի շարք օգտատերեր ունենք, ովքեր կարդում են այնպիսի բարդ հեղինակների գրքերը, ինչպիսին են Դեն Բրաունը կամ Դանթեն, որոնց գրքերը բարդ է հասկանալ նույնիսկ հասուն տարիքում:
Բոտում ամենաշատը փնտրում են Ագաթա Քրսիտիի, Դանիել Դեֆոյի, Ալբերտ Քամյուի գրքերը: Իսկ վերջին 10 օրում ամենաշատը որոնվել է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքները» և Մարկ Մենսոնի (շուրջ 500 անգամ) «Թքած ուենալու նուրբ արվեստը» գիրքը:
Բոտի հիմնական նպատակն է գիրքը հասանելի դարձնել գրքասերին, և մարդկանց օգնել գտնել իրենց սիրելի բոլոր գրքերը և կարդալ: Մեր հիմնական լսարանը երիտասարդներն են՝ 16-30 տարեկան, որոնք պարբերաբար օգտվում են բոտից:
Հայերեն գրքերի շարքը պարբերաբար թարմացվում է, իսկ ահա շուտով կունենանք նաև ռուսերեն և անգլերեն գրքերի բաժին, որտեղ առկա կլինեն և նոր և հին բարձրակարգ գրականություն՝ ինչպես PDF, այդպես էլ աուդիո տարբերակով: Ռուսերեն բաժնի ստեղծումը ընթացքի մեջ է արդեն և ամենայն հավանականությամբ ամսվա վերջում բոտում կունենաք ռուսերեն հսկայական մեծ գրադարան:
Բոտին միանալը շատ հեշտ է և պարզ: Ընդամենը պետք է ունենալ Messenger, անցնել այս հղմամբ և հետևել բոտի հրահանգներին:
Սյունե Սևադա