3 ՊԱՏՃԱՌ՝ «ԶԱՆԳԱԿ» ԳՐԱՏՈւՆ ԱՅՑԵԼԵԼՈւ ՀԱՄԱՐ

cover

 Հուլիսի 19-ին Աբովյան 7 հասցեում բացվեց նոր՝ «Զանգակ» գրատունը։ «Ճամփորդը» շրջել է գրատնով ու առանձնացրել մի քանի պատճառ՝ անպայման գրատուն այցելելու համար։ Մեր ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

Կոտրում են կարծրատիպերը

«Զանգակ» գրատանը շրջելիս հասկանում ես, որ այն ստեղծած՝ գրական-գրահրատարակչական գործով զբաղվող մարդիկ նախ և առաջ ընթերցող են, ու լավ, փորձառու ընթերցող։ Սա զգացվում է թե՛ դիզայնից, թե՛ լուծումներից, թե՛, անգամ, գրքերի դասավորությունից։

1

Մենք սովորաբար «խիստ» գրախանութներից ենք օգտվում, որտեղ ընդունված է լուռ լինել, «չշեղվել» այլևայլությունների վրա և այլն։ Սովորաբար սրա պատճառը լինում է գրախանութների փոքր լինելը, մեղադրելու չէ, վստահաբար նրանք ևս կուզեին «բազմաֆունկցիոնալ» տարածք ստեղծել, ափսոս, հնարավորությունները չեն ներում։ Բայց ցանկացած գրքասեր երազում էր մի վայրի մասին, որտեղ հնարավոր կլիներ ոչ միայն գիրք գնել, այլ  հենց տեղում թերթել այն։ Երազանքները կատարվում են. նոր գրատանը կարելի է ոչ միայն գրքեր գնել ու ընթերցել դրանք հատուկ անկյունում, այլ անգամ սրճել առաջին հարկում, շփվել հատուկ բաց տարածքում, և այլն։

7

Հիմնադիրները գիտեն, որ մենք սիրում ենք ընթերցելիս ինչ-որ խմիչք ֆռթացնել, մի անկյուն գտնել ու ինքնամոռաց նշումներ անել գրքերի վրա, հետո նույն ոգևորությամբ քննարկել դրանք այլ գրքասերների հետ։ Պայմանները ստեղծված են, դասականին հիշելով՝ մեր ձեռքը կբռնեն, ցավը կըմբռնեն, կվառեն ուրիշ լույսեր մեր հոգում։ Մնում է գնալ, տեսնել, վայելել։

9

Գրքերի մեծ ու բացառիկ տեսականի

Ինչպես աշխատակիցներից Հովհաննեսը հուշեց՝ գրատանը շուրջ քսանից քսանհինգ հազար անուն գիրք կա։ Ճիշտ կարդացիք՝ ոչ թե քանակ, այլ՝ անուն։ Եվ գրքերը դեռ ավելանում են։ Դարակներից հետաքրքիր գրքեր էին ծիկրակում՝ հայտնիների կենսագրականներ, Հայաստանում դժվար ճարվող մի շարք գեղարվեստական ու մասնագիտական գրքեր, որոնք, փաստորեն, այս գրախանութում կան։ Գրքերը մեծամասամբ ռուսերեն են, անգլերեն գրականություն ևս կա, բայց ամենապատվավոր տեղում հայերեն գրքերն են, հատուկ խնամքով ու ուշադրությամբ են ներկայացված հայ ժամանակակից գրողները, ինչն իսկապես ուրախալի փաստ է։ Մնում է զինվել համբերությամբ ու ֆինանսներով, անկեղծ լինենք․ պատկերը չափազանց գայթակղիչ է, չես կողմնորոշվում՝ որ գիրքը գնել, վերջում որոշում ես գնել բոլորը․․․ լավ է, որ շնորհանդեսին ասեղ, այս պարագայում՝ գիրք գցելու տեղ չկար, սա փոքր-ինչ մեղմում էր գրքային քաղցը։ Բայց մեզնից շատերը մոտ ժամանակներս կվերադառնան գրախանութ ու կհեռանան ծանր տոպրակներով՝ աչքերը մատնում էին նրանց ցանկությունները։ Կարևորը չմոռանաք՝ առաջին հարկում  հիմնականում մանկական՝ բավականին ճոխ գրականությունն է, մեր դրախտը վերևում է՝ երկրորդ հարկում։

3

Ճիշտ ընտրված աշխատակիցներ

Աշխատակիցներից խոսեցինք՝ հիշեցի, այս կետին պետք է առանձնահատուկ անդրադառնալ։ Գրքասերները գիտեն․օրեր են լինում, երբ քեզ ուղղակի պետք է ճեմել  գրքերի շարքերի միջով, բացել գրքերը, կարդալ դրանցից մի քանի տող, շոշափել գրքի թուղթը, համեմատել այլ տպագրական թղթերի հետ, մի քիչ խորը հոգոց հանել, մի փոքր էլ՝ ծիծաղել (երբեմն մեզ ադեկվատ չենք պահում, պատահում է), անցնել մյուս շարքերին։  Այսպես, եթե  ամոթներս կորցնենք, գրախանութներում կարող ենք զբոսնել թեկուզ քառասուն րոպե՝ ինքնաբավ դեմքով, խիստ երջանիկ ու  անսահման խաղաղ։ Սովորաբար այս երջանկությունից զրկվում ենք, որովհետև աշխատակիցները փորձում են կարճել մեր երջանիկ զբոսանքի րոպեները, կամ հակառակը՝ երբ «կոնկրետ գործով» ես գրախանութում ու օգնության կարիք կա՝ կողքիդ չեն։ Աշխատակիցները ևս լավ ընթերցողներ էին, կարողանում էին գուշակել՝ ինչ տրամադրության մեջ ես, ուզում ես ուղղակի դանդաղ անցնել դարակներով, թե՞ խորհրդի կարիք կա։ Ի դեպ, գրական լավ ճաշակ ունեն  ու շատ բարեհամբույր են,  եթե կարդալ եք ուզում, բայց գրքի հարցում չեք կողմնորոշվում, հենվեք գրախանութի աշխատակիցների՝ խիստ ամուր ու կարդացած ուսերին, չեք փոշմանի։

4

Կարճ ասած՝ բացվել է գրախանութ, որը ստեղծել են ընթերցողները՝ ընթերցողների համար։ Հաջողություն գրատանը։

Սյունե Սևադա

Լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register