ԱՄԵՆԱԱԶԱԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

3

Աշխարհը փոխվում է, երկիրը պտտվում է, ժամանակի հետ հասարակությունը դառնում է ավելի հասարակ, մարդիկ նոր ուղիներ են ստեղծում իրենց աշխատանքը հեշտացնելու համար, որոնք տալիս են շատ հնարավորություններ, հավելյալ ազատ ժամանակ, բայց միևնույն ժամանակ զրկում նրանց ավելին մտածելու հնարավորությունից։ Չնայած 21-րդ դարում արդեն գրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով, սակայն գրադարանները շարունակում են մնալ և համալրվել կենդանի գրքերով։ Չմոռանանք, որ դեռևս մ. թ. ա. Հռոմում տաճարներին կից հիմնվել են գրադարաններ։ Գիտելիքը կարևորվել է բոլոր ժամանակներում։ Համաշխարհային մշակույթին մարդիկ ծանոթացել են գրքերով, երբ դեռ չկային ռադիոն, հեռուստացույցը և ինտերնետ կապը։

Մեծ է հանրային գրադարանների նշանակությունն ու պատմությունը։ Բոլոր երկրներում ամենամեծ ֆոնդ ունեցող գրադարանները հանրային գրադարաններն են։ Այդպիսի մասսայական գրադարանների ատեղծումը սկսվել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից, որոշ գրադարաններ դարձել են համազգային մշակույթի կարևոր մաս։

Հայաստանի ազգային գրադարանում ամեն օր գրքի և մտքի տոն է. ոչ թե օրն է հիշեցնում մարդկանց գրքերի գոյության մասին, այլ մարդիկ են իրենց ամեն օրը լցնում գրքերով և զուգահեռ մտքերով։ Այստեղ կարելի է ինքդ քեզ ժամանակավորապես նվիրել  անհրաժեշտ գրեթե բոլոր գրքերը, եթե ունես ընթերցողական տոմս և, իհարկե, ցանկություն։ Դժվար թե Երևանում գտնվի մի ընթերցասեր մարդ, ով լսած չլինի ազգային գրադարանի մասին։ Այն աշխարհում հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է, որի մասն են կազմում հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը», առաջին պարբերականը՝ «Ազդարարը» և 1-ին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը»։

Սա փաստում է ֆոնդի բազմակողմանի հարստության մասին։ Գրադարանը կազմավորվել է 1832թ.-ին հիմնված Երևանի Արական գիմնազիայի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա՝ սկզբում լինելով Ալ. Մյասնիկյանի անվան՝ 1990թ.-ին վերանվանվել է Հայաստանի ազգային գրադարան։ Այն կազմված է չորս մասնաշենքերից, որոնցից ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է։ Այս շենքում են  ընթերցանությամբ զբաղվել  Ավ. Իսահակյանը, Պարույր Սևակը, Վիկտոր Համբարձումյանը, էդ. Ջրբաշյանը և այլք։ Փաստորեն՝ «երևանաստեղծ» ճարտարապետի ձեռագրին է պատկանում այն շենքը, որտեղ ունեցած ընթերցանության շնորհիվ ձևավորվել է հայ անվանի գրողների և գիտնականներից շատերի բուն ձեռագիրը։ Հիմնանորոգված ազգային գրադարանը այժմ նույնպես ունի բազմաթիվ ընթերցողներ, ընդ որում նրանց մեծամասնությունը ամենատարբեր մասնագիտությունների տեր ուսանողներ են։

Հատկանշական է այն, որ այցելուների մի ստվար հատվածը հնդիկ ուսանողներ են, ովքեր դարձել են ազգայինի ընթերցասրահում ստեղծված  յուրահատուկ «հնդկահայկական» միջավայրի հեղինակը։ Ազգային գրադարանը այցելուներին հնարավորություն է ընձեռում  օգտվել նաև ինտերնետային կապից ու համակարգչից։ Լուսավոր և հարմարավետ ընթերցասրահը լի է հատկապես ցերեկային ժամերին։ Կարդալու համար ավելի տրամադրող միջավայր չի կարող լինել, քան շուրջբոլորը ընթերցող դեմքեր տեսնելը։ Հայաստանի գրադարանների մեծ մասում խորհրդանիշ են դարձել գրադարանավարուհիների մռայլ դեմքերը, ինչը ազգային գրադարանում որքան էլ զարմանալի է, սակայն բացակայում է։ Սա նպաստում է գեղեցիկ մթնոլորտի ձևավորմանը։ Եվ վերջապես՝ ազգային գրադարանը մեր առջև դռներ է բացում ծանոթանալու համաշխարհային մշակույթին, ինչը միշտ եղել է զարգացող սերնդի առաջընթացի գլխավոր ուղին։

Իսկ թե ինչու՞ կարդալ հենց գրադարանում.

▶ Գրադարանում դուք ժամանակ չեք վատնի այլ գործերի վրա, ինչը շատ հնարավոր է անել տանը, այնտեղ գնում եք, վերցնում գիրքը և սկսում կարդալ։

▶ Ձեր շուրջը գրքեր են և ընթերցող մարդիկ, ինչը շատ տրամադրող է։

▶ Դուք հնարավորություն ունեք ընդլայնելու ձեր մտահորիզոնը և այդ հնարավորությունից կարող եք օգտվել գրադարանում։

▶ Քանի որ այստեղ առկա է տարբեր լեզուներով և թեմատիկ բազմազանությամբ գրականություն, ինչը որպես սեփականություն ձեռք բերելը շատ դժվար է։

▶ Դուք հնարավորություն ունեք աշխարհը ավելի լավ ճանաչելու հենց գրադարանում։

Ան Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register