ՀԱՂԹԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ

2

Երբևէ  նկատե՞լ եք, թե Շուշին ինչ մոտ է երկնքին ու երկինքն ինչ սիրուն ամպեր ունի՝ ալեհեր քաղաքի ճակատը զարդարելու համար: Երբ քաղաքի ստորոտից ես նայում, թվում է, թե ուղղակի մի մեծ քուլա ամպի վրա է նկարված այդ ամենը: Հին բերդաքաղաքի պատերից ամպերը ծվեն-ծվեն կախվում են, որ մեղմեն քարե խստաշունչ ծանրությունը:

Քաղաք մտնելիս ակամա դեպի Սուրբ Ամենափրկիչ ես ուղևորվում. որտեղ առաջին աղոթքը խաղաղությանն է ու այն նվաճած տղաներինը: Այն տղաներինը, որոնք առանց ետ նայելու գրոհեցին ու ազատագրեցին Շուշին, վերջին անգամ, վերջնական:

Քսանհինգ տարվա պատմություն ունի Շուշիի ազատագրումը ու քաղաքը դեռ իր վիրավոր մարմնին կրում է պատերազմի հետքերը: Հաղթանակի հետքերն ու կնիքը:

Այնպես է ստացվել, որ մեզ համար մայիսը հաղթանակներ ունի պահած բոլոր ժամանակներում: Ու հենց Հաղթանակի օրը նշանավորվեց Շուշիի ազատագրման փայլուն հաղթանակով: Մայիսին էր, որ տասնամյակներ շարունակ ազերու ձեռքով հայից օտարված քաղաքը սկսեց լիաթոք շնչել ու Շուշին վերստին մաքրամաքուր հայերեն խոսեց: Այնինչ մինչ այդ գերեվարված քաղաքը հատկապես վերջին երկու տարիներին թշնամու ձեռքին հարմար հենակետ էր դարձել և բարձունքից անխնա խփում ու խփում էր Ստեփանակերտին, ամեն անգամ ռուսական զինաբազայի նորանոր արտադրանքն ուղղելով խաղաղ բնակչությանը: Շուշիի ազատագրումը միայն հայկական հողի ազատագրում չէր, այլև՝ այնտեղ բույն դրած ադրբեջանական զինյալների հենակետերի ոչնչացումն ու Ստեփանակերտի անվտանգությունը: Երբ մեր տղաները մայիսի ութի լույս իննի գիշերը մտան Շուշի ու քաղաքը լիակատար հսկողության տակ առան, շատերն իրենց քայլերն ուղղեցին դեպի Ամենափրկիչ, ինչպես այսօր, ինչպես բոլոր ժամանակներում: Իսկ ազերին այնտեղ զինապահեստ էր սարքել ու պաշար կուտակել, քաջ գիտենալով, որ հայն իր եկեղեցու վրա ձեռք չի բարձրացնի:

Հաղթանակի քառորդ դարը շատ է, թե քիչ, գիտի միայն պատմությունը: Մեզ՝ այդ հաղթանակի պտուղը վայելողներիս, մի ուրիշ պարտք ու պարտավորություն է բաժին ընկել. ամրացնել, ամրապնդել, շենացնել ու ծաղկեցնելՇուշին, որ այն կրկին վերածնվի որպես հայկական կրթական-գիտական կենտրոն ու իր շուրջը համախմբի հայերին՝ ամբողջ աշխարհից:

Եվ ոչ միայն Շուշին: Այսօր մենք նոր պատերազմ ունենք,պատերազմ՝պատերազմից հետո: ԵրբՀաղթանակի օրվա առթիվ գեղեցիկ ու ջերմ շնորհավորանքներ են հնչում, դրանք առաջինն ուղղվում են ազատամարտի տղաներին, իսկ մեզ մնում է շարունակությունը, մեզ մնում է Շուշին ու ազատագրված մեր մյուս քաղաքներն ու շեները ոտքի կանգնեցնելու պարտքը: Հակառակ դեպքում իմաստազրկվում են պայքարն ուՀաղթանակը:

Մայիսը Հաղթանակի ու պարտքի ամիս է, դրա համար ապրիլ ունեցանք , 2016-ի, երբ արդեն հաղթողների ու հող պահողների երկրորդ սերունդն ամրագրեց Արցախն ազատ պահելու կամքը ու պայման թելադրեց հակառակորդին: Շուշին, Արցախը պահողն այսօր այնտեղ ապրող հայն է ու այնտեղ ծնվող մանչուկը, սահմանին կանգնող զինվորն ու սպան, իր աշխատանքով ներսից ու դրսից երկիր սիրող ամեն մարդ:

Հաղթանակը վարակիչ է, բավական է մեր ներսում ամրագրենք այն ու մեզ համար հաղթանակած կլինեն տարվա բոլոր ամիսները: Գնանք ու շրջենք Արցախում, այնտեղի ամեն քար ու թուփ Հաղթանակի պատմություն ու դաս ունի պահած, խոնարհում ու լույս ունի նահատակված տղաների հիշատակին:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register