ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՉԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ

biznes

Վահագն Դիլբարյանը անցյալ տարի հրատարակված և  իր հանդեպ հետաքրքրությամբ մեծ աղմուկ հանած «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակն է: Բացի բիզնեսի տեսաբան լինելուց Վահագնը նաև պրակտիկորեն է կիրառում  իր գիտելիքները. զբաղվում է բիզնեսով, իսկ գրքի միջոցով իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է ընթերցողներին:

 – Անցյալ տարի դուք ընթերցողին ներկայացրիք ձեր «100 բիզնես գաղտնիքներ»  գիրքը, որը սպառվեց շատ կարճ ժամանակում և աննախադեպ էր եղավ  իր վաճառքի քանակով, չնայած դրա համեմատաբար բարձր գնին։ Ինչպե՞ս առաջացավ հենց նման գիրք գրելու միտքը ու ո՞րն էր դրա արագ վաճառքի  պատճառը։

– Գիրքն իհարկե առաջացավ պահանջարկից, քանի որ Հայաստանում որպես այդպիսին բիզնես գրականություն,  այն էլ հայերենով, շատ քիչ կա: Ինքս քանի որ կողմնակից եմ պրակտիկ գիտելիքների ու գործիքների, որոշեցի, որ կարող եմ ստեղծել այնպիսի գիրք, որն իսկապես պետք է մեզ: Գրքում ներառված են 100 խնդիրների լուծումներ, որոնք պետք կգան յուրաքանչյուրին իրենց բիզնեսում: 18 ամսում ես կարդացի մոտ 150 բիզնես գրքեր, համադրեցի այդ տեղեկություններն ու, իմ փորձի հետ համեմելով՝ ստացա մի գիրք, որն այս պահին ամենաշատ կարդացվող բիզնես գիրքն է Հայաստանում:

– Գրքի մասին փոքրիշատե պատկերացում ունենք, իսկ ի՞նչ ոլորտում է Ձեր անձնական բիզնեսը:

– Ես մասնագտությամբ մարկետոլոգ եմ՝ շուկայագետ, իսկ իմ բիզնեսը օն-լայն հարթակում է և ծառայություն է մատուցում իր դաշտի տարբեր ընկերություններին: Ես անընդհատ շեշտում եմ, որ մեր երկրի համար շատ կարևոր է հենց ՏՏ ¥տեղեկատվական տեխնոլոգիաների¤ ոլորտը, ուստի այս դաշտի հետ շատ մեծ հույսեր ունեմ և զբաղվում եմ գովազդային գործունեությամբ այս հարթակում:

– Կարո՞ղ եք կարճ սահմանել հաջողության կամ բիզնեսում հաջողակ լինելու  գաղտնիքը։

– Հաջողության հասնելու համար մի քանի կարևոր կետեր կան ինձ համար:  Առաջինը  թիմն է, քանի որ միայնակ ոչ ոք չի կարող մեծ հաջողությունների հասնել, իսկ թիմ ասելով հասկանում ենք համառ, աշխատասեր ու նպատակասլաց մարդկանց խումբ: Երկրորդ կարևոր գործոնը պահն օգտագործելն է, քանի որ յուրաքանչյուրս էլ ունենում ենք պահեր, որոնք պետք է օգտագործենք, իմ պարագայում օրինակ՝ գիրքն էր, երբ մարդկանց պետք էր հայերեն բիզնես գրականություն: Երրորդ պայմանը տարբերվելն է, այսինքն՝ ինչպես ես դու կարողանում առանձնանալ միջավայրում, ինչով են քեզ հիշելու, ինչով ես աչքիընկնելու, և վերջապես չորրորդ պայմանը՝ չհանձնվելը, անընդհատ փորձելը: Ինքս մոտ չորս բիզնես եմ ձախողել, բայց ամեն անգամ ավելի մեծ ոգևորությամբ էի սկսում: Երբեք պետք չէ հանձնվել:

– Ինչպե՞ս եք գնահատում մանր ու միջին բիզնեսով զբաղվելու հնարավորությունները մեր երկրում։  Արդյո՞ք Հայաստանի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը որևէ կերպ չի ազդում ձեռնարկատիրական գործունեություն սկսելու վրա։

-Իհարկե ոչ: Մեր օրերում համացանցը հիանալի հնարավորություն է տալիս ինչ-որ ծառայություն կամ ապրանք առաջարկել արդեն ողջ աշխարհին: Հայաստանը շատ փոքր ու հագեցած շուկա է, պետք չէ մտածել միայն Հայաստանի մասին: Պետք է կենտրոնանալ դրսի վրա, առաջարկել աշխարհին, քանի որ մենք ունենք մտավոր մեծ պոտենցիալ ու արդեն մի քանի հաջողված օրինակներ ունենք, երբ մեր արտադրանքը առաջարկել ենք աշխարհին: Այնպես որ, ելքը կա, արտադրում ենք այնպիսի գաղափարներ, որոնք հնարավոր է արտահանել ու ցանկալի է՝  համացանցի միջոցով:

– Կրկին վերադառնանք գրքին. կա՞ն արդյոք հաջող օրինակներ, ստացե՞լ եք ինչ-որ արձագանքներ այն մասին, որ որևէ ընթերցող, ներշնչվելով ձեր գրքից, սեփական բիզնես է սկսել։

– Այո, կան: Ինձ անգամ գրել են, որ հեռացել են աշխատանքից, որպեսզի սկսեն սեփական բիզնեսը: Գրքի օգնությամբ արդեն մի քանի ընկերություններ փոխել են իրենց մոտիվացիոն սխեմաները, կամ ասենք՝ նամակագրության մեթոդները, կան գործարարներ, ովքեր կիրառելով իմ առաջարկած գործիքները հասել են վաճառքի ավելացման: Սրանք շատ ոգևորիչ փաստեր են, որոնք խոսում են գրքի օգտակարության մասին:

 

Վաղինակ Գևորգյան

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register