ԱՄԻՍ՝ ՊԱՏԱՌԻԿՆԵՐՈՎ

Մեկը` ապագա ինժեներ, մյուսը` տնտեսագետ, մեկը` հասարակ բանվոր, մյուսը` արդեն 1 երեխայի հայր, մեկ ուրիշն էլ` հենց նոր բակային խաղերից կտրված պատանյակ: Բոլորս լուռ, առանց որևէ բառ փոխանակելու ուղևորվում ենք զորամաս:
Հրաժեշտ առօրյա հագուստին: Հրամանատարների` կրկնվող արտահայտությունը. «Ովքեր ուզում են, կարող են իրենց հագուստն ուղարկել տուն»: 20 տարի շարունակ չէի մտածել, որ այդպիսի թախծոտ հայացքով կնայեմ իմ առօրյա հագուստին: Արդեն նոր հագուստ` զինվորական, որի նշանակությունը դեռ ոչ ոք չի գիտակցում:
Վա՛շտ, վե՛ր կաց»: Զրնգուն ձայն, որից անակնկալի ես գալիս: Հորանջելու ժամանակ չունես, արագ շորերդ ես փնտրում: Աջ ու ձախ միայն բղավոցներ ու խառնաշփոթ: Այդ ժամանակ անմիջապես մորդ ձայնն է գալիս ականջիդ. «Տղա՛ ջան, վեր կաց, որ դասից չուշանաս»:
Ձախ,- ձախ,- ձախ, աջ, ձախ: Առաջին շարային քայլերը` առաջին զինվորական կոշիկներով, որոնք մրմռացնելու աստիճան սեղմում են ոտքերդ: Անտեսում ես, քայլում ու դեռ էդ սրտով երգում վաշտի երգը: Հիշեցի, թե ինչպես քաղաքում կոշիկ գնելիս ուզում էի, որ հա՛մ տեսքով լինեն, հա՛մ էլ անգամ կես սանտիմետր փոքր չլինեն:
…Անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա` չխնայել կյանքս: Երդվու՛մ եմ»: Զինվորական երդումն է, որ 180 աստիճանով տարբերվում է այն երդումներից, որոնք ամեն օր տալիս ենք զորամասի պատերից դուրս` ընկերների շրջապատում: Այս երդումը մեկն է ու ամբողջ կյանքի համար:
Թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենայի փոխարեն` դրանից 10 անգամ մեծ ու թանկ զրահատեխնիկա: Քարի ու պարսատիկի փոխարեն` իսկական ինքնաձիգ: Հասկանում ես, որ այ սա է հպարտանալու բանը, ոչ թե ուրիշների վրա տպավորություն գործելու համար ու հորդ փողերով գնած երկաթի կտորը: Կրակելու անհագ ցանկություն, իսկ առջևումդ միայն փայտից թիրախն է, այլ ոչ թե իրական թշնամի:
Խրամատ, սահման, փոքրիկ կացարան: Դու ու զենքդ` միակ ընկերդ, որի հետ չես էլ կարող զրուցել: Բա որ լսեն… Իսկ թիկունքում մի ամբողջ ազգ է քնած, գիշերվա երեքն է, ու մայրդ էլ չի ասում. «Տղա՛ ջան, ուշ չգաս տուն, չթողնես մութն ընկնի»:
Ընկերներ` իսկական. տխրության և ուրախության: Անգամ մականուններն են բանակում տարբերվում` ավելի «տղայական» են: Քաղաքի Պոնչ, Բոյով, Չախկալ նուրբ մականունների փոխարեն` Արջ, Գիժ, Չեպե: Տղերքի բնավորությունները լավ գիտենք: Մեկը հենց գժվեց, թշնամուն պատառ-պատառ կանի, իսկ Արջն էլ` սաղ-սաղ կուլ կտա: «Դուխի» հարց ա:
Անցավ 2 տարին, անցավ պատերին, առաստաղներին, հատակին ծառայության օրերի թիվը գրելու ժամանակը: Վերջին օրն է: Շարահրապարակում շարված է ամբողջ զորքը: Անուն-ազգանունդ են կարդում ու ավելացնում. «Դեպի հայրական օջախ` քայլով մա՛րշ»: Գրկախառնվում ես, հուզվում ու ասում. «Բարի ծառայություն, տղե՛րք ջան, անփորձանք»:
Նախկին զինվոր
Գևորգ Խաչատրյան