ՄԻ ՊԱՏԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

pat

Հայերը տեսել են շատ պատերազմներ ու ճակատամարտեր: Հաղթել են, պարտվել, նորից ոտքի կանգնել, նորից կռվել ու ճանկռելով քերել են կյանքից ու ճակատագրից ապրելու իրենց իրավունքը: Բայց մենք ունեցել ենք միայն մեկ ճակատամարտ, որի ժամանակ չի թափվել մի կաթիլ արյուն անգամ և որում մենք անվերապահորեն հաղթել ենք: Դա հայոց գրերի ստեղծումն է՝ հայ ազգի ամենամեծ, անարյուն հաղթանակը:

Հենց այս գաղափարն է դրված «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆի հիմքում, որն այսօր զարդարում է Մատենադարանի հարևանությամբ գտնվող պատը: Նախագծի հեղինակը imyerevan.com կայքի զարգացման գծով ղեկավար Գայանե Մանուկյանն է: «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի տառերի էսքիզների հեղինակը` նկարիչ, դիզայներ Վահան Բալասանյանն է:

Երևանի համար նոր երևույթ և քաղաքային մշակույթ ձևավորող այս նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Քաղաքի հարմարավետ և բարեկարգ միջավայրի ապահովմանը ուղղված ,Հայոց գրերի երթե արտ-ռելիեֆ նախագիծը «Մի պատի պատմություն» հայեցակարգի մաս է կազմում, որը ենթադրում է պատը դարձնել արվեստի հարթակ, ինտերակտիվ ցուցասրահ՝ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար, որտեղ վեց ամիսը մեկ կներկայացվի նոր արտ-ինստալացիա, իսկ հին ցուցադրությունը կտեղափոխվի և կցուցադրվի Հայաստանի այլ քաղաքներում՝ հնարավորություն ընձեռնելով արվեստի համապատասխան աշխատանքները ցուցադրել նաև այլ քաղաքների բնակիչներին ու հյուրերին: Երևանի քաղաքապետարանը շարունակելու է այս ուղղությամբ քաղաքականությունը և աջակցելու է նման նախաձեռնությունների իրագործմանը:

Այս արտ-ինստալիացիան գրերի երթ է, որը գալիս է դարերի խորքից, ցույց է տալիս մեր տառերի ուղին` անցյալը ու ներկան և ուղևորվում է առաջ: Այս պատի վրա համադրվել են ժամանակակից գրերը՝ մեսրոպյան գրերի հետ, այդ կերպ ցույց տալով, թե որքան են դրանք փոխվում ժամանակի ընթացքում: Ամեն ցանկացող կարող է ծանոթանալ գրերի պատմությանը այս նախագծի միջոցով: Տառերի տակ տեղադրված QR կոդերի միջոցով ցանկացողները կարող են կարդալ տառի ձևավորման ամբողջ  պատմությունը. տեսնել դրա զարգացման ուղին:

Տառերը չժանգոտվող մետաղից են, պատի խորշերից յուրաքանչյուրում կա այբուբենի մեկ կամ երկու տառ, իսկ իրիկնային ժամերին պատն ամբողջությամբ լուսավորվում է:  Պատի վրա տեղադրվել են նաև տեսահսկող համակարգեր և անվճար WiFi: Երբեմնի անշուք, դատարկ և լքված պատն այսօր դարձել է քաղաքի տեսարժան վայրերից մեկը:

 

Գոհար Հայրապետյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register