ԳՅՈՒՄՐԻԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Գյումրիի շախմատային կենսագրության, մարզադպրոցի գործունեության, առկա խնդիրների մասին «Ճամփորդը» զրուցել է մարզադպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանի հետ:
– Տիկին Խալիկյան, ե՞րբ է հիմնադրվել Գյումրիի մարզադպրոցը: Այն միա՞կն է քաղաքում:
– Գյումրիի շախմատի մարզադպրոցը գործում է 1985 թվականից: Գյումրիում, սակայն, շախմատի խմբակներ վաղուց են եղել: Երկար ժամանակ այս դպրոցը միակն էր քաղաքում: 2011 թվականին բացվեց մեկ այլ դպրոց «58» թաղամասում:
– Դուք երկար տարիներ է, ինչ աշխատում եք: Ներկա պահին սաներ ունե՞ք, թե՞ միայն դպրոցի ղեկավարն եք:
– Մարզադպրոցում աշխատում եմ բացման օրվանից՝ որպես մարզիչ և մեթոդիստ: Ղեկավարում եմ մարզադպրոցը 1998 թվականից: Զուգահեռաբար միշտ շարունակել եմ մարզչական աշխատանքը:
– Քանի՞ մարզիչ է աշխատում մարզադպրոցում:
– Ունենք 14 մարզիչ, կա՛ն առանձին խմբակներ, կա՛ն համատեղ: Մեր մարզադպրոցն ավարտած, մարզչական աշխատանքով զբաղվելու ցանկություն ունեցող շնորհալի սաներ ունենք: Նրանք օգնում են գործող մարզիչներին:
– Որքա՞ն աշակերտ ունի դպրոցը:
– Տարվա ընթացքում աշակերտների թիվը փոփոխվում է: Տարեսկբին ունեինք 240 աշակերտ: Այժմ նվազել է. 200-ին մոտ է: Սակայն ամառվա ընթացքում կրկին կաճի:
– Ի՞նչ հիմունքներով են պարապում երեխաները:
– Տարեկան 10000 դրամ վարձ են մուծում: Հենց այս գումարներով ենք մուծում մարզադպրոցի կոմունալ վճարները, լուծում առկա խնդիրները: Պետբյուջեից գումար հատկացվում է միայն աշխատավարձերի համար: Տարիներ շարունակ այսպես է եղել:
– Ովքե՞ր են դպրոցի նշանավոր սաները: Դպրոցը գրոսմայստեր տվե՞լ է:
– Մեկ գրոսմայստեր՝ Արա Մինասյանը: Նա 1985 թվականին է ընդունվել: Միջազգային վարպետներ ունենք: Հովհաննիսյան Մհերը մոտ է գրոսմասյտեր դառնալուն, նա Բելգիայում է ապրում և այժմ այդ երկրի բազմակի չեմպիոնն է: Վահագն Խաչատրյանը միջազգային վարպետ է, այժմ որպես մարզիչ աշխատում է Երևանի շախմատի ակադեմիայում: Միջազգային վարպետ է նաև Դավիթ Քալաշյանը: Նրանից բացի միջազգային վարպետի կարգ ունեն Կարեն Հովհաննիսյանը և Նորայր Թորոսյանը:
– Տարվա ընթացքում դպրոցում ի՞նչ մրցաշարեր են անցկացվում:
– Կան մրցաշարեր կարգ չունեցողների՝ անկարգների համար (ժպտում է,-խմբ.): Անցկացվում է նաև 3-րդ, 2-րդ կարգայինների մրցաշար: Տարվա ընթացքում 3 անգամ ենք այսպիսի մրցաշարերի շարք անցկացնում: Այստեղ անցկացնում ենք նաև տարիքային տարբեր մրցաշարեր, մարզի պատանիների առաջնությունը: Կայծակնային և արագ շախմատի մրցաշարեր:
– Գյումրիում միջազգային մրցումներ անցկացվե՞լ են:
– Գյումրիում երկու տարի միջազգային մրցաշար անցկացվեց: Վերջին անգամ 4, թե 5 տարի առաջ էր: Ցանկություն կար այն դարձնել ամենամյա, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ընդհատվեց: Այժմ Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահը փոխվել է: Միսակ Բալասանյանը գործարար է: Հնարավոր է, որ կրկին միջազգային մրցաշարեր անցկացվեն Գյումրիում:
– Հանրակրթական դպրոցներում արդեն 5 տարի շախմատը որպես պարտադիր առարկա է դասավանդվում: Ի՞նչ փոփոխություններ եք նկատել այս ընթացքում, շախմատով հետաքրքրվողների թիվն ավելացե՞լ է:
– Ճիշտն ասած չեմ կարծում, թե այդ օրինագիծը նման նպատակ է հետապնդում: Որքան հասկացել եմ, նպատակն այլ է. երեխաների տրամաբանությունը, մտածելու կարողությունը զարգացնելը: Որակական առումով դպրոցի սովորեցրածը երբեմն ավելի շատ վնաս է տալիս շախմատով զբաղվել ցանկացող երեխաներին:
– Ձեր մարզիչներից հանրակրթական դպրոցներում դասավանդողներ կա՞ն:
– Այո, ունենք երեք մարզիչ: Նրանք նաև հանրակրթական դպրոցից են փորձում ընտրել շնորհալիներին:
– Որո՞նք են շախմատի զարգմացման հիմնական նախադրյալները Գյումրիում:
– Մեր մարզադպրոցի աշակերտները, որոնք ցանկանում են կյանքը կապել շախմատի հետ, այստեղ հիմնավոր գիտելիքներ են ստանում: Հետագա առաջընթացի համար նրանց անհրաժեշտ է լուրջ մրցաշարերի մասնակցել: Շատ հաճախ,սակայն, ֆինանսական խնդիրների պատճառով դա նրանց չի հաջողվում: Մի կողմից երեխան պետք է ցույց տա, որ հեռանկարային է, մյուս կողմից էլ, պետք է մասնակցի, որ իմանան այդ երեխան արժանի է:
– Այսինքն անհրաժեշտ է նաև որ հենց Գյումրիո՞ւմ ավելի շատ մրցաշարեր անցկացվեն: – Այո, ես մի քանի անգամ առաջարկել եմ, որ գոնե Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչն անցկացվի Գյումրիում:
Զրուցեց ՝ Գարեգին Ալեքսանյանը