«ՏԱՐՈՆ ԱՎԻԱ»-Ն ԳՅՈւՄՐԻ – ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԹՌԻՉՔ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ

«Տարոն Ավիա» հայկական ավիաընկերությունը վերադառնում է Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Դեռ ժամկետը հստակ չէ, սակայն շատ հարցեր արդեն կարգավորված են:
Նշենք, որ «Տարոն Ավիա»-ին հայկական շուկա վերադարձնելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերի մասին Գյումրիում հունիսի 4-ին խոսել էր այդ ժամանակահատվածում ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը:
Ընդհանուր առմամբ, Շիրակ օդանավակայանի թռիչքուղին հնարավորություն է տալիս, որ տարբեր ծանրության եւ մեծության ինքնաթիռներ վայրէջք կատարեն եւ օդ բարձարանան: Վերջին շրջանում նաեւ լուրջ վերանորոգումներ են իրականացվել, սակայն ժամանման եւ սպասարկման սրահների հետ կապված խնիրներ կան: Ճարտարապետը փոփոխություն կատարել թույլ չի տալիս, այնինչ ընդլայնվելու անհրաժեշտություն կա:
Նշենք, որ Իսրայելական «Լոջիստիք էֆ թի զի» ընկերությունը լոգիստիկ կենտրոնը Գյումրիում հիմնելու որոշումը կայացրել է հենց օդանավակայանի առկայության համար:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 21-ին էր «Լոջիստիք էֆ թի զի» ընկերության եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ կնքվել փոխըմբռնման հուշագիր, որով քաղաքից ընկերությանն է հանձնվել 330 հա հողատարածք՝ Գյումրու Մարմաշենի խճուղու աջ ու ձախ հատվածները: Այն բաժանված է լինելու 4 մասի, որոնց վրա կառուցվելիք շինություններում աշխատանքներ են ծավալելու ոչ միայն իսրայելական, այլեւ համաշխարհային հայտնի ընկերությունները: Ընկերության ղեկավարը դեռ փետրվարին հայտարարել էր, որ Գյումրին ծրագրի հիմքում է, քանի որ այստեղ կա օդանավակայան, նաեւ հանգիստ քաղաք է:
Սրանք կարեւոր նախապայմաններ են լոգիստիկ կենտրոնի հիմնման համար: Գյումրին նախագծից իր օգուտը կունենա աշխատատեղերի մասով: Միլիոնավոր դոլարների ներդրմամբ իրականացվող ծրագրով թե ինչքան աշխատատեղ կբացվի, դեռ հստակ չէ, մի քանի հազարի մասին է խոսքը: Սկզբի համար Գյումրի կգան եւ տեղում կաշխատեն ընկերությունների արտասահմանյան մասնաճյուղերի աշխատակիցները, նրանք նաեւ տեղում կիրականացնեն վերապատրաստումներ, որպեսզի գյումրեցի աշխատակիցները եւս կարողանան գործի անցնել: