ԵՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿ՝ ՄԹԻՆ ԿՈՂՄԻ ՄԱՍԻՆ

stalker

Ես եսապաշտ եմ՝ բառի ամենալավ ու դրական իմաստով: Եթե ավելի մեղմ, դրան կարելի է  նաև «առողջ եսակենտրոնություն» անվանել: Ես հաճախ եմ բոլորին առողջ սնունդ օգտագործելու և առողջ կենսակերպ վարելու կոչ անում ՝ չմոռանալով հիշեցնել հոգու ու մտքի առողջության մասին: Եվ ես ինքս էլ փորձում եմ այդպես վարվել ինձ հետ, ակտիվ ու «մաքուր» ապրել: Ես քարոզում եմ և փորձում են առաջնորդել մարդկանց այդ ուղով, սակայն, երբեմն ինքս եմ շեղվում այդ ճանապարհից: Մենք բոլորս էլ սխալական ենք ու ոչ կատարյալ, բայց կարծում եմ, որ  դա չպետք է խանգարի, որ  մենք մշտապես ձգտենք կատարելության՝ թեկուզ դրան երբևէ չհասնելով: Համարում եմ, որ խոսքը պետք է գործ դառնա, որպեսզի հետո էլ կարողանաս բարձրաձայնել արածիդ մասին ու սեփական փորձով մոտիվացնել շրջապատիդ: Կյանքի նկատմամբ նման վերաբերմունքը տարածված է աշխարհում՝ հատկապես առաջնորդության մեջ: Ես չեմ պահանջում մյուսներից այն, ինչ ինքս չեմ կարող անել. դա իմ ու դիմացինիս նկատմամբ ազնիվ վերաբերմունք չէ: Հայաստանում աշխատելով տեսա, որ շատերն են նման անազնիվ ճանապարհ բռնում: Երիտասարդ, խելացի, մոտիվացված անձնակազմը հաճախ այնպիսի առաջադրանքներ է ստանում գործատուից կամ աշխատանքը համակարգողից, որը  իրենք էլ չեն փորձել հաղթահարել, գոնե՝ պատկերացնել, բայց ստիպում են, որ աշխատակիցն այն հասկանա ու լուծի: Նման պարագայում տարօրինակ չէ, որ հեռանկարային երիտասարդը կարող է հիասթափվել իր աշխատանքից ու ապագայից, քանի որ լավ օրինակ ու առաջնորդ չունի իր աչքի առաջ, որի աշխատանքը տեսնելով կմոտիվացվի՝ շարունակելով  անընդհատ կատարելագործվել:

Այս խնդիրն ուշադրության է արժանի ոչ միայն առաջնորդության ոլորտում: Մերօրյա սոցիալական մեդիա և տեխնոլոգիաների աշխարհը արժեզրկել են  գիտելիքը: Այժմ համակարգչի մեկ «քլիքով» ամեն ինչի մասնագետ են դառնում, բայց իրականում մասնագիտանում են միայն ինքնախաբեության մեջ: Երբ սկսում ես թեմային ավելի խորքային անդրադառնալ, հասկանում ես, որ «քլիքային մասնագետը» հասարակ երեսպաշտ է՝ բառի ամենավատ ու թերի իմաստով, որը մի կերպ կարողանում է կցկտուր տեղեկատվությունն իրար կցմցել ու պատասխանելմակերեսային հարցերին, բայց ոչ երբեք՝ խորքայիններին: Նրանց մոտ հաճախ լավ է ստացվում քծնելն ու սնապարծ լինելը, բայց որպես մասնագետ նրանք զրո են: Վախենում եմ, որ նման պահվածքը մի օր կանդրադառնա նաև իրենց մարդկային տեսակի վրա:

Կարծում եմ՝ Հռոմի պապի այցը վառ օրինակ է մեզ համար: Մարդիկ ոգևորված են, իրարանցման մեջ, սակայն  շատերը չգիտեն, թե ով է նա և անգամ որ եկեղեցին է ներկայացնում: Ու ինձնից անկախ այդ ոգևորության մեջ կեղծիքի հատիկներ եմ նկատում, ինչը նախ տեղեկատվության պակասից է:

Էժանագին գիտելիքների ժամանակաշրջանում սոցիալական մեդիայի շեփորահարության ներքո, որը չնչին բաների հանդեպ մեծ երազանքներ է արթանցնում ու հաճախ ստիպում հավատալ, թե ինֆորմացիոն փշուրները հերիք են ամբողջական իրավիճակը հասկանալու համար, մենք հաճախ կորցնում ենք իրական տեղեկատվության, գիտելիքի, իրական ոգեշնչման և ըմբռնման աղբյուրը:

Իմ նպատակը, և հույս ունեմ, որ ձերը նույնպես, առավել խորքային գիտելիքին ձգտելն է, մակերեսային գիտելիքով չսահմանափակվելը, որպեսզի մեզ ճիշտը առաջ տանի, հիմնավորված գաղափարը, ապացույցները, փաստերը: Երբ հետևում եք ինչ-որ մեկին, կուրանալու փոխարեն լայն բացեք ձեր աչքերը ու հարցեր ներկայացրեք ինքներդ ձեզ, կասկածեք, կուզեք՝ անգամ թերագնահատեք, բայց հրաժարվեք կուրորեն հետևելուց:         Եվ իհարկե, ինքներս երեսպաշտ և սնապարծ չլինենք, որովհետև նախ՝ կեղծիքն արագ է աչք ծակում, և հետո՝ այդ ծակոցն առաջինը հենց մեզ է վնասում:

 

ԱՐԻԱՆԱ

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register