ԿԻԹԱՌԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈւՄ

Երևանի և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացնեն «Երևանյան կիթառի 2-րդ միջազգային փառատոնը»: Փառատոնին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից: Բացման համերգին՝ հունիսի 28-ին, ելույթ կունենան Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիայի և ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիր, ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփփելը (Գերմանիա) և Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժորա Սարգսյանը:
Փառատոնային երկրորդ համերգին՝ հունիսի 29-ին, ելույթ կունենա Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Փակման երեկոյին՝ հուլիսի 1-ին, հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա):
Փառատոնի մասնակիցները կանցկացնեն նաև վարպետության դասեր, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար: Հունիսի 29-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում իր փորձով կկիսվի Հյուբերթ Քեփփելը, իսկ Դմիտրի Մուրինը հունիսի 30-ին վարպետության դաս կանցկացնի «Այբ» դպրոցում: LOFT ինքնազարգացման կենտրոնում նախատեսված է Դավիթ Դյակովի վարպետության դասը:
Փառատոնի կազմակերպիչներն են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: