FACEBOOK-Ի ԳԵՐԵԶՄԱՆՈՑ

mogila-fejsbuk

Սոցցանցերը դարձել են մեր կյանքի մի իրական հատվածը, այնքան իրական, որ երբեմն դադարում են գործել իրականի ու վիրտուալի սահմանները: Սոցցանցերում շփվում ենք հազարավոր մարդկանց հետ և ով գիտի, եթե օրինակ Ցուկերբերգը հինգ հազարի սահմանաչափ չդներ, գուցեև մեր վիրտուալ ընկերները միլիոնների հասնեին: Վիրտուալն այնքան է ընդլայնվում մեր կյանքում, որ հաճախ փոխարինում է անգամ անհրաժեշտ ու կարևոր իրական շփմանը, աստիճանաբար ստիպելով ցանկալին իրականության տեղ ընդունել, շատ հաճախ: Երևի թե սա է պատճառը, որ մեր վիրտուալ ընկերների ցանկում հանդուրժում ենք բազում մեռած հոգիների կամ ֆեյքերի:

Տարիներ անց հոգեբանները հաստատ աշխատություն կգրեն ֆեյքերը որպես հոգեբանական խոցելի կատեգորիա թեմայով, իսկ մինչ այդ փաստենք, որ ֆեյքի դիմակի տակ թաքնվող մարդիկ սոցցանցում բազում նպատակներ են հետապնդում՝ սեփական «ես»-ի ու ինքնագնահատականի արժևորումից՝ մինչ այլոց սրտերի խորքը թափանցելն ու հեռահար հարցեր հետապնդելը ամենատարբեր ոլորտներում:

Ֆեյքերը վաղ թե ուշ ինքնաբացահայտվում են, մնում է  նրանց թողած ծխածածկույթը, իսկ շփման անկեղծությունն ու պարզությունն անգամ վիրտուալ տիրույթում անփոխարինելի են մնում:

Եվ եթե ֆեյքերի դեպքում ինքնակամ ենք գնում կեղծ կոնտակտի, ապա, ցավոք, հաճախ ոչ մեր կամքով անհրաժեշտ է լինում հրաժարվել նաև վիրտուալ, բայց իրական կարևորության ընկերներից:

Վիրտուալ աշխարհն, ի տարբերություն իրականի, անմահ է թվում: Բայց քանի որ այն հենց իրականի արտացոլումն է, մարդիկ արդեն երկրային կյանքը կորցնելու հետ մեկտեղ կորցնում են նաև իրենց վիրտուալ  «մարմինը»՝ սոցցանցային հաշիվը: Այստեղ է, որ մենք հարկադիր հրաժեշտ ենք տալիս վիրտուալ ընկերությանը: Այս մասին հետաքրքիր վիճակագրություն կա.

2015 թվականի դրությամբ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված էր 1.3 միլիարդ մարդ,  աշխարհի բնակչության մոտ 1/7-րդ մասը: Ըստ վերջին տվյալների, մահացած մարդկանց հաշիվները 2010 թվականին չորս միլիոն էին, 2014-ին՝ արդեն երեսուն միլիոն: Թվաքանակը աճում է սոցցանցի հայտնիությանը զուգահեռ: Եվ սա միայն մեկի տվյալներն են, սոցցանցերի՝  «մահացած էջերի» իրական թիվը միայն կարող ենք գուշակել:

Պարզվում է, որ սրան նույնպես լուծում կա: 2015 թվականից ի վեր մարդիկ կարող են կտակել իրենց ֆեյսբուքյան հաշիվը բարեկամներից կամ հարազատներից մեկին: Նման պարագայում «կտակատերը» կարող է դիտել մահացած օգտատիրոջ էջը, պատասխանել մեկնաբանություններին ու գրառումներ կատարել տվյալ էջից: Միայն թե մահվանը պետք է նախօրոք պատրաստվել, ի սկզբանե կարելի է էջը կտակել որևէ մեկին, նման գործողություն կա ֆեյսբուքյան ցանկացած հաշվում: Որպեսզի կեղծ կամ կորուսյալ վիրտուալ ընկերության զրույցը տխուր նոտայով չավարտենք, մնում է բոլորին մաղթել երկարակեցություն՝ իրական կյանքում, ապա և՝  «ֆեսբուքում»:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register