ԵՐԵՎԱՆԸ ՀՅՈՒՐԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

hyurer

Գերմանացի Միքայել Շթոուբախն ու Քեթրին Բեքը Հայաստան են այցելել հայազգի  ընկերների խորհրդով: Ասում են՝ Գերմանիայում բնակվող ընկերներն այնքան են պատմել Հայաստանի ու հայաստանցիների մասին, որ որոշել են գալ՝ աշխարհի հնագույն քաղաքներից  մեկի մշակույթը, հյուրընկալությունն ու կոլորիտն անձամբ տեսնելու և ճանաչելու:

– Արդեն մի քանի օր է՝ Երևանում եք, ի՞նչն է ձեզ դուր գալիս այստեղ: – Մարդիկ շատ բարի են այստեղ, շատ ջերմ: Հայաստան այցելող ցանկացած մարդ իրեն շատ ապահով է զգում, այստեղ շատ անվտանգ է:Մեզ նաև  ձեր ուտելիքն է դուր գալիս, գարեջուրն այստեղ հրաշալի է…

– Մինչ Հայաստան այցելելն ի՞նչ գիտեիք մեր երկրի մասին:– Պետք է ասեմ, որ այնքան էլ շատ բան չգիտեինք, միայն մեր ընկերներից լսել էինք Ցեղասպանության մասին, բայց ձեր մշակույթի, հավատքի մասին գրեթե ոչինչ չգիտեինք:

– Երևանով հասցրե՞լ եք շրջել, ո՞ր վայրերն են Ձեզ դուր գալիս:– Այնքան էլ շատ չենք շրջել, գինու գործարան ենք այցելել, հրապարակում զբոսնել: Երևանի տոնին այստեղ էինք՝ ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մարդիկ իսկապես ուրախ էին ու երջանիկ: Մեր հայ ընկերների հետ այցելեցինք հին մեքենաների ցուցադրությանը, այն մեզ իսկապես շատ հետաքրքրեց:

– Հայկական խոհանոցի ճաշատեսակներից ո՞րն եք հավանում:– Դեռ շատ քիչ բան ենք փորձել: Որպեսզի կարողանանք մեկն առանձնացնել, պետք է բոլորը փորձենք (ժպտում են՝ հեղ.): Լավաշը ֆանտաստիկ համեղ է:

– Հայաստանից մեկնելիս ի՞նչ եք  տանելու ձեզ հետ:– Անպայման ուտելիք կվերցնենք, հատկապես՝ մրգեր, դրանք ձեր երկրում բոլորովին այլ համ ունեն: Եվ, իհարկե, կյանքի նոր փորձ, քանի որ այստեղ շատ բան նոր է մեզ համար:

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register