ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԳԵՐԻՆ

CHAMPORD#77-1

Միջազգային կազմակերպություններից մեկի կողմից մայիսին հրապարակված վիճակագրության համաձայն՝ հարցմանը մասնակցած հայերի գերակշիռ մասը բարոյապես սխալ էր համարում թմրանյութերի օգտագործումը, մարմնավաճառությունը, հղիության արհեստական ընդհատումը, ալկոհոլի օգտագործումն ու մինչամուսնական հարաբերությունները: Տակավին վերջերս էլ ես հանդիպեցի մեկ այլ վիճակագրության, որն ինձ մտորելու տեղիք տվեց: Հրապարակված տվյալների համաձայն հղիության արհեստական ընդհատման գծով Հայաստանը առաջատարների ցանկում էր: Խոստովանեմ, ինձ ապշեցրեց  քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին պետության՝ «թոփ հնգյակում» հայտնվելը: Իսկ ապշեցրեց, քանի որ թե՛ իմ, թե՛ շատերի ընկալմամբ քրիստոնեությունը նախևառաջ  սեր է ու հոգածություն: Ուրեմն ինչպե՞ս կարող է նման ժողովրդի մոտ մանկասպանության մեծ ցուցանիշ գրանցվել: Այն, որ կովկասյան հովերով տարված, տղա երեխաներին գերապատվություն տալու միտում կա, գիտեմ: Գիտեմ նաև, որ աբորտների ստվար հատվածի պատճառը հաճախ աղջիկ երեխաներից ազատվելն է, բայց որ իրականությունն ու վիճակագրությունը կարող էին այսքան աղաղակող լինել, երբևէ չէի էլ պատկերացնի: Մանկասպանությունը  քրիստոնեության հետ իսկապես անհամատեղելի է: Իսկ աբորտը ոչ այլ ինչ է, քան մանկասպանություն: Նոր սաղմնավորվող կյանքի սպանությունը, բժշկական-մասնագիտական ցուցումից բացի, այլ արդարացում ունենալ չի կարող:

Հենց բժշկական տեսանկյունից, աբորտը սպառնալիք է նաև կնոջ օրգանիզմին:

Այնինչ, քսանմեկերորդ դարում կանայք կան, որոնք ինքնագոհ կարող են հայտարարել, թե տասնյակ աբորտներից հետո անգամ, իրենք բողկի պես առողջ են, առանց պատկերացնելու, որ վաղ թե ուշ հետևանքներն իրենց  զգացնել են տալու:

Երեխան Աստծո պարգևն է ու օրհնություն ընտանիքում, նա պետք է սիրո ծնունդ լինի ու սպասված:Իսկ հայկական ընտանիքներում իսկապես երեխայի պաշտամունք կա, երեխայի շուրջ կառուցված ընտանիքի առանցք կա: Այս դեպքում որտեղ է հակասությունը՝ մի կողմից ծայրահեղության հասնող հոգատարություն սեփական երեխաների նկատմամբ մինչև խոր ծերություն,  մյուս կողմից՝ արդեն սկիզբ առած կյանքի արհեստական ընդհատում: Ծայրահեղությունից ծայրահեղություն: Մինչ երբ ու մինչև ուր…

Բացի այդ, երկակի ստանդարտներով ապրելը մեղմ ասած ինքնախաբեություն է: Ինչի են պետք հռչակված արժեքներն ու լոզունգները, գեղեցիկ հայտարարությունները, եթե դրանց թիկունքում տխուր վիճակագրութուն պիտի թաքնվի, եթե դրանց ետևում պահված իրականությունն այլ գույներով է:

Ինչու ենք հայտարարում մի բան ու անում հակառակը,  ինչու ենք հասարակության ականջը շոյում հումանիստական հռչակագրերով ու դրանք ոտնատակ տալիս  տրամագծորեն հակառակ մեր արարքներով:

Ներդաշնակ պետք է լինի ոչ միայն մարդը, այլև հասարակությունը, իսկ ներդաշնակ հասարակությունը ձևավորվում է ներդաշնակ մարդկանցից: Ուղղակի պետք է անենք այն, ինչ ասում ենք ու ասենք այն, ինչ անում ենք: Պետք է հիշել, որ առանց աչք թարթելու կյանք սպանող մայրերի կողքին անպտղությամբ տառապող հազարավոր այլ կանայք էլ, որոնք սպասում են Աստծո Հրաշքին:

Պետք է մշտապես հիշել 1700-ամյա քրիստոնեկան արժեհամակարգի ու այն մասին, որ երկակի ընկալման «ձևավորված փորձը» օրերից մի օր էլ կարող է հանգեցնել ամենաիսկական պատուհասի…

 

Սիրով՝ ձեր  Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register