ԵԹԵ ՄԵՆՔ ՉԾՆՎԵԻՆՔ ․․․

question-mark

Եթե այսօր Ձեր ծննդյան օրն է, ապա տեղեկացնենք, որ Ձեր նախորդ ծննդյան օրվանից հետո աշխարհի բնակչությունն աճել է մոտ 76 միլիոնով։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալը, ի՞նչ կլիներ, եթե մենք չծնվեինք։ «Ճամփորդը»  հետաքրքիր փաստեր է հավաքել այն մասին, թե ինչ ու որքան է օգտագործում մարդը՝ միջին տևողությամբ իր 70-ամյա կյանքի ընթացքում։ Ըստ այդմ, եթե մենք չծնվեինք, ապա չէր օգտագործվի 2 միլիոն 560 հազար լիտր ջուր, որից վաթսուն հազարը ծախսվում է խմելու, 25 հազարն էլ՝ ջրային պրոցեդուրաների վրա։ Լողանալու վրա ծախսվող ջուրը կբավականացներ օլիմպիական լողավազանը երկու անգամ ամբողջովին լցնելուն։

 Չէիք ուտի մոտավորապես 45 տոննա ուտելիք, որը հավասար է մոտ յոթուկես փղի, կամ  62 կովի քաշի։ Դուք չէիք շնչի-արտաշնչի 550 միլիոն անգամ՝ ծախսելով 220 միլիոն լիտր թթվածին և արտաշնչելով  11.037.600 լիտր ածխաթթու գազ, որը «մարսելու» համար մեկ հեկտար տարածք զբաղեցնող անտառից կպահանջվի 150 տարի։

Միջին հաշվարկով Դուք չէիք քայլի 177.000 կիլոմետր, որը հավասար է չորս անգամ ամբողջ աշխարհով շրջելուն ։  Տեղի չէր ունենա մոտ 15.000 վիճաբանություն, որը հրահրում է մարդը (ծիծաղելի թիվ է, սա կանանց ամենօրյա  նորման է։ Նաև տղամարդկանց՝ եթե ֆուտբոլի ժամանակ հարց տաս)։  Ձեր կյանքի երեք շաբաթը չէր ծախսվի երթուղային տաքսիներում կամ մեքենայում՝ կարմիր լույսի տակ սպասելու վրա։  Աշխարհում չէր կուտակվի  Ձեր կողմից ստեղծած, երեքուկես ֆուտբոլային դաշտի մակերես զբաղեցնող  25.550 կիլոգրամ աղբ։ Չէր օգտագործվի ամենաքիչը 41.657.342 վատ հոսանք: Այսքան հոսանքը կբավականացներ սառնարանին՝ 180 տարի անդադար աշխատելու համար (գրազ եկեք երեխաների հետ, գուցե հետմահու հաղթեք)։  Ամեն օր մարդ արտադրում է այնքան ջերմություն, որը կհերիքեր 33 լիտր ջուրը եռացնելու համար։ Ստացվում է, որ Դուք կարող էիք դրա հաշվին հալեցնել 280 տոննա սառցաբեկոր։ Սա էլ նշանակում է, որ  Ձեր գոյությունը նպաստում է գլոբալ տաքացմանը։ Դուք չէիք սիրահարվի միջինը  2.5 անգամ։ Չէիք ծիծաղի 290.000 անգամ (Հայաստանում թիվը հաստատ ավելի մեծ է, մենք սիրում ենք  ծիծաղել)։

Ներկայացվող  փաստերն, անշուշտ, հետաքրքիր են, բայց շատ ավելի հետաքրքիր է ապրելը, և այս ամենը մաշկիդ վրա զգալը՝ թեկուզ առանց հաշվելու։ Վայելեք կյանքը Երկրի վրա, չէ՞ որ այն բացառիկ է:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register