ՄԱՔՐԱՍԵՐ ՆՈԹԱՏԵՏՐԸ  

IMG_4904

Մի պահ պատկերացրեք մարդ-տեխնոլոգիա-բնություն՝ առաջին հայացքից ոչ այնքան բարեկամական եռանկյունին: Մարդը շահագործում է բնությունը, իսկ նորահայտ տեխնոլոգիաների շնորհիվ պրոցեսը սկսում է ընթանալ էլ ավելի վիթխարի տեմպերով: Այս պատմությունը հար և նման է հնդկական կամ ասենք՝ բրազիլական սերիալի, երբ թվում է թե ամեն ինչ պարզ է՝ 367-րդ սերիայում տեղի է ունենում զարմանալի, խիստ անսպասելի շրջադարձ: Ենթադրաբար, ոչ բոլոր տեխնոլոգիաներն են վնասում բնությանը: Օրինակ` էլեկտրոնային գրքերի ի հայտ գալուց հետո ամբողջ աշխարհում միլիոնավոր հեկտարների անտառներ փրկվել են հատումից: Եվ ահա, հպումային էկրաններով հեռախոսների, պլանշետների  կողքին հայտնվում է հին և բարի թղթե նոթատետրը` որպես… նոր փրկություն: Առաջին հայացքից` թվում է, թե դա աններելի «դավաճանություն» է թղթե տետրի կողմից: Սակայն, միայն առաջին հայացքից:

IMG_4917

Թղթե նոթատետրն ունի նորագույն տեխնոլոգիաներին բնորոշ «կախարդական» հատկություններ: Հուլիսի 19-ին, «Նոյան Տապան» գրախանութում տեղի ունեցավ «Ecopad» նոթատետրի շնորհանդեսը: Այն նախագծվել և ստեղծվել է Հայաստանում՝ «TSD»(«Technology & Science Dynamics») ընկերության երիտասարդ ինժեներների և գիտնականների կես տարվա ջանադիր աշխատանքի շնորհիվ: Շնորհանդեսի մասնակիցներից  շատերը կարծում էին, որ նոթատետրի որոշ էջերի գրվածքներ կամ նկարազադրումներ բջջային հավելվածի միջոցով միանգամից հայտնվելու են թվային աշխարհում: Սակայն կիրառվեց սքանավորման տարբերակը: «TSD» ընկերության նախագծերի ղեկավար Արմինե Ամիրյանը ներկաներին բացատրեց, թե ինչպես է աշխատում ընկերության ստեղծած բջջային հավելվածը՝ նոթատետրի հետ միասին:Հավելվածը հասանելի է թե՛ անդրոիդ, թե՛ «iOS» բջջային համակարգերի համար:

«Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նոթատետրի պարունակած ողջ ինֆորմացիան հեշտությամբ սքանավորել և պահպանել ձեզ հարմար համակարգում կամ դրանք զետեղել սոցիալական ցանցի էջերում:

Ընդ որում, նոթատետրի յուրաքանչյուր էջ ունի սև շրջանակ, դա պարզապես դիզայնի հարց չէ. շրջանակի շնորհիվ սքանավորումը կատարվում է միայն նոթատետրի ներսի հատվածում: Նոթատետրում առկա ինֆորմացիան հնարավոր է ջնջել ինչպես գրիչին ամրացված հատուկ ռետինով(խոսքը վերաբերում է փոքր գրառումներին), այնպես էլ վարսահարդարիչի օգնությամբ(առանձին էջեր), իսկ ամբողջ նոթատետրը ջնջելու համար անհրաժեշտ է,որ այն մի քանի րոպե հայտնվի միկրոալիքային վառարանում»: Նոթատետրի տարբեր` 70 էջից բաղկացած A5 և A4 չափեր կան:

IMG_4924

Նրա  հետ տրվում է մեկ գրիչ ( այս տեսակի գրիչները վաճառվում են նաև գրախանութներում): Ավելի ուշ պարզվեց, որ միկրոալիքային վառարանի և վարսահարդարիչի հետ կապված հնարքները հնարավոր չէ անվերջ կիրառել: Առաջին դեպքում առավելագույնը 10, երկրորդ դեպքում հնարավոր է մոտ 20 անգամ կիրառել: Նոթատետրի գինը 13.000 դրամ է: Հարցուպատասխանի ժամանակ լրագրողներից մեկը ուշագրավ տարբերակ առաջարկեց. հնարավոր է արդյո՞ք,  որ հաջորդ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները լինեն այս նոթատետրի տեխնոլոգիայով: Դիտարկմանն ի պատասխան Արմինե Ամիրյանը նշեց, որ կազմակերպությունը բաց է համագործակցության համար, իսկ «TSD»-ի տնօրեն Վահան Շաքարյանն էլ մեջբերելով հայտնի ֆիլմի` «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»  հատվածը՝ այդ կերպ արտահայտեց իր վերաբերմունքը հարցադրմանը:

Գարեգին   Ալեքսանյան

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register