ԿՈՆԻ ՄԵՂՐ. ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ԲԱԼԱՍԱՆ

  • ԿՈՆԻ ՄԵՂՐ. ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ԲԱԼԱՍԱՆ
  • ԿՈՆԻ ՄԵՂՐ. ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ԲԱԼԱՍԱՆ

Ստեփանավանի բուսաբանական այգին Գյուլագարակ համայնքից 3կմ է հեռու: Չնայած դրան՝ այգին ասոցացվում է ոչ թե Գյուլագարակի, այլ Ստեփանավանի հետ: Լոռեցիներ են, ի՞նչ կարող ես ասել: Հատկապես հանգստյան օրերին Լոռիում հաճախ կլսես՝ «Չթեքվե՞նք Ստեփանավանի դենդրոպարկ»:

Վանաձորում էինք, որոշեցինք մենք էլ «թեքվել»:

Հատկապես հանգստյան օրերին բուսաբանական այգի այցելողների հոսքն ավելանում է: Հայաստանի տարբեր կետերից այստեղ են գալիս ոչ միայն բնությանը մոտ լինելու ու պասիվ հանգստի համար, այլև բուժման նպատակով: Ասում են՝ ծառերից ու ծաղիկներից արտազատվող փոշեհատիկները բարերար ազդեցություն են ունենում հատկապես թոքերի ու բրոնխների խնդիրների ժամանակ:

Բուսաբանական այգու դիմաց վաճառակետեր են: Տիկին Արփիկն առաջարկում է փորձել կոնի մուրաբա:

– Կոնի՞,- զարմանում ենք մենք՝ չկարողանալով դիմակայել գայթակղիչ առաջարկին:

– Կե՛ր, կե՛ր, աղջիկ ջան, թոքերին շատ լավ է, գրիպի ժամանակ էլ 4 գդալ ուտում ես ու առողջ ես,- ասում է տիկին Արփիկն ու շարունակում մաքրել կոները՝ մուրաբայի նոր բաժինը պատրաստելու համար:

Կոնի մուրաբայի պատրաստման գաղտնիքը տիկին Արփիկը Ռուսաստանից ժամանած խոհարարից է սովորել դեռ 15 տարի առաջ: Առաջին փորձերն այնքան հաջող են ստացվել, որ որոշել է պատրաստել ոչ միայն ընտանիքի, այլև բուսաբանական այգի հաճախող հյուրերի ու տուրիստների համար:

– Տղաս չէր հավատում, որ օգտակար է, մինչև մի օր գրիպով հիվանդացավ ու մի քանի օր չբուժվեց, ասավ՝ «մա՛մ, հլը բեր էն կոնիցը»: Տվեցի կերավ, երկու օր հետո առողջ էր,- ասում է նա:

Կոնի մուրաբաների կողքին կոնի «մեղրն» է, ժողովրդական լեզվով ասած՝ դոշաբը: Հատկապես հազի ժամանակ անփոխարինելի միջոց է, վստահեցնում են պատրաստողները: Ես ու Գարեգինը որոշում ենք գնել.«Հանուն այս կոնի հիվանդանալ էլ արժե»,- մտածում ենք մենք: Տիկին Արփիկը տոպրակներում տեղավորում է մուրաբաներն ու ծաղկափոշի նվիրում.

– Սա էլ իմ կողմից ձեզ նվեր,- ասում է նա,- նրանք, ովքեր փոշոտման շրջանում չեն հասցնում գալ, նրանց համար ծաղիկները հավաքում ենք, չորացնում, փոշի պատրաստում, որ այդպես ընդունեն: Կավելացնեք արդար մեղրին, կուտեք:

Ստեփանավանի բուսաբանական այգին Գյուլագարակ համայնքից 3կմ է հեռու: Որոշում ենք ոտքով իջնել ու հաշվել «գնդակոծված» ճանապարհի բոլոր փոսերը:

– Գա՛ր, արդար մեղր որտեղի՞ց ենք գտնելու….

 

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register