ՎԱՆԱՁՈՐՈւՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՌԱՋԻՆ ԼԵՌՆԱՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՊԱՐԿԸ

Հայաստանն իր աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով արկածային տուրիզմի զարգացման մեծ հնարավորություններ ունի: Այս հնարավորություններն օգտագործելու եւ Հայաստանում ակտիվ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով մի խումբ երիտասարդներ համախմբվել ու որոշել են Հայաստանում կառուցել առաջին լեռնահեծանվային պարկը:
«Բու»՝ հենց այսպես է կոչվելու պարկը, որը տեղակայված է լինելու Վանաձորի մերձակա անտառներում՝ Փամբակ լեռնաշղթայի գոտիներում: Այն արկածասեր հեծանվորներին հնարավորություն է տալու լիարժեք կազմակերպել իրենց հանգիստը, վայելել տեղի հրաշք բնությունը, զարգացնել Լոռին որպես ակտիվ զբոսաշրջային գոտի: Նախատեսվում է, որ պարկը պատրաստ կլինի արդեն 2020 թվականին: Այն իր մեջ կներառի երթուղիների ցանց, հեծանվային վարձույթի եւ սպասարկման կենտրոն, սննդի եւ կեցության հնարավորություն:
Կառուցման աշխատանքների եւ առաջիկա անելիքների մասին «Ճամփորդը» զրուցել է «Բու» պարկի հիմնադիրներից Էմմա Պետրոսյանի հետ:
Ինչպես սկսվեց ամեն ինչ
«2015թ.-ին հնարավորություն ունեցա գերմանական ընկերություններից մեկի առաջարկով նկարահանվել Հայաստանում լեռնահեծանվասպորտի, էկոտուրիզմի զարգացման հնարավորությունների մասին: Հենց այդ ժամանակ ծանոթացա լեռնահեծանվային սպորտի առանձնահատկություններին: Ինձ հետ հեծանիվ քշող աղջիկներն էլ քաջալերեցին ինձ սկսելու այս մարզաձեւի զարգացման ծրագիրը, որը Հայաստանում զարգանալու մեծ հեռանկար ունի: Սկսեցի վառվել այդ գաղափարով եւ ուսումնասիրել այդ ամենը: Հասկացա, որ շատ եմ ուզում՝ Հայաստանում եւս լինի հեծանվային պարկ: Մասնագիտությամբ տուրիզմի մասնագետ եմ, սակայն ծրագրի կազմման, կառավարման փորձ չունեի: Մասնակցեցի «Էկոլաբ» հիմնադրամի դասընթացներին: Հենց նրանք էլ օգնեցին ինձ ծրագրի հարցում: Երբ ծրագիրն արդեն կար, սկսեցի կամավորներ ներգրավել, նրանց հետ զբաղվել հեծանվային արահետների կառուցմամբ: Որպես պարկի տարածք ընտրեցինք Վանաձորի մերձակա գոտիները, որոնք իդեալական են նման պարկի համար:
Իր երկրում հեծանվային պարկ ունենալը յուրաքանչյուր հեծանվորդի երազանքն է: Մենք մեր թիմով անում ենք ամեն ինչ, որպեսզի այն հնարավորինս շուտ իրականություն դառնա:
Լոռու զարգացման լավագույն ծրագիր
Այս տարի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տուրիզմի հեքեթոն էր կազմակերպվել, որին մասնակցում էին Լոռոիում տուրիզմի զարգացման բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ: Մեր հեծանվային պարկի ծրագիրն արժանացավ Լոռու զարգացման լավագույն ծրագիր անվանակարգին:
Ֆինանսական միջոցների ներգրավման մասին
Մինչեւ այժմ տարբեր փոքր ու մեծ դրամաշնորհների ենք դիմել, մի մասը ստացել ենք, մյուս մասը՝ ոչ: Բայց երբեք չենք հուսահատվել: Սա մեր երազանքների գործն է, ու մենք այն սիրով ենք անում՝ շաբաթական 7 օր, օրը 24 ժամ:
Սեպտեմբերի 10-ից indiegogo կայքում մեկնարկել է քրաուդֆանդինգ՝ Փամբակի լեռնագագաթներում քայլարշավային եւ հեծանվային ուղիներ մշակելու համար: Բոլոր նվիրատուներին նվերներ ենք տրամադրելու: Հատուկ քրաուդֆանդինգի համար ստեղծել ենք «Տար ինձ սար» մետաղական բաժակը, որը շատ հարմար է արշավների գնալիս եւ յուրահատուկ է իր տեսակի մեջ: Այլ նվերներ եւս կան՝ շապիկներ, սքեչբուքեր, Բու պարկի տոմս, գիշերակացի հնարավորություն… Այս ամենը նվիրելու ենք այն մարդկանց, որոնք որոշակի քանակի ներդրումներ կանեն հեծանվային պարկի ստեղծման համար: Բոլոր ցանկացողները կարող են անցնել այս հղմամբ ու գումար նվիրաբերել :
Հոկտեմբերի 10-ին indiegogo-ում կավարտվի քրաուդֆանդինգը, բայց դրանից հետո եւս մարդիկ կկարողանան գումար նվիրաբերել եւ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով նվերներ ստանալ»:
Տաթեւիկ Սարգսյան