«DoՆոր» մեղր՝ Վաղազինի շենացման համար

«DoՆորը» սոցիալական ծրագիր է, որի նպատակը Վաղազինում դրական փոփոխություններ բերելն է։ Թե ինչ փոփոխություններ կարելի է սպասել, ու թե ինչպես են դրանք երազանքներից դառնալու իրականություն, ներկայացնում է ծրագրի գաղափարի հեղինակ, համակարգող Նարինե Վարդանյանը, ով «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում «պատահաբար» հայտնվեց Վաղազինում, ու սիրեց այն «ոչ պատահական» ու անվերջ սիրով։
Նարինեն «Ճամփորդին» պատմել է Վաղազինի, այնտեղ ապրելու դժվարությունների, ապագա նպատակների ու նոր ծրագրի մասին, կիսվել աշակերտների հետ լուսանկարներով՝ ցույց տալու համար, թե, ինչպես ինքն է սիրում հաճախ նշել, ինչպես է դասավանդվում սերը։
Ազատագրված հայրենիք, տուն, հող․ մտքիս մեջ երջանկությունից պարելով, էնտեղ ապրելու մտքից խելագարվելով, ոտքերս ամպոտ՝ հասա աշխարհի էս իմ նոր սկիզբը՝ Վաղազին։ Հետո՝ ավերակներ, ավերակներ, տուն, ավերակներ․․․ Դժվար ու ծանր զգացողություն էր սկզբում՝ ամենուր անտերություն կար մի տեսակ։
Ես գյուղում եմ ծնվել, իմ գյուղում այլ է․ ամեն մետրը հստակ մեկինն է` պապերից եկած, որ կտորն էլ մեկինը չէ, ոչ թե անտեր է, այլ տեր են բոլորը․ խոտհունձի ժամանակ էլ, կովը տանել, էնտեղ կապելու ժամանակ էլ, էդ տարածքը մաքրելու ժամանակ էլ։ Ազատագրված էս հողերում այլ է։ Պատասխանատվությունը հողի նկատմամբ քիչ է, սերը քիչ է, կապվածությունը քիչ է։ Գերեզմաններ դեռ չկան․ քսան տարվա գյուղ է, արմատ չեն թաղել դեռ։ Եկել են, ապրել, հետո գնացել, հետո ուրիշներն են եկել․․․ գյուղում հարյուրից ավել ընտանիք է ապրել երևի, հիմա տասն են մնացել։
Բայց խնդիրները շատ են, շատ-շատ․ ճանապարհ չկա` գյուղ տանող, տրանսպորտ չկա, դպրոցից բացի՝ աշխատանք չկա։ Հույս չկա։ Ամենաշատը, ամենածանրը։ Ու սկսեցի մտածել ուղիներ, որ կօգնեն գյուղին չդադարել ապրել։
Ծրագիրը վառարանի ներքևում նստած էի գրում, ամանորյա միջոցառման էինք պատրաստվում միաժամանակ, տոնածառի լույսերի, խաղալիքների ու աշակերտներիս նվերների մեջ էր դրված համակարգիչս, մի ձեռքով փաթիլներ էի կտրտում, մյուսով գրում «DoՆորը»։ Գաղափարը հետևյալն է․ սա սոցիալական ծրագիր է, որի նպատակը ոչ թե բիզնեսն է, այլ բիզնեսի միջոցով գյուղում դրական փոփոխություն անելը։
Նախագիծը դառնալու է գյուղի համար դոնոր՝ լուծելով ներկա ու ապագա խնդիրները։ Մենք արդեն գնել ենք մեղվի փեթակներ, որոնցից ստացված մեղրը փաթեթավորում ենք, բրենդավորենք, վաճառելու ենք ու ստացված շահույթն ամբողջությամբ ուղղենք գյուղացիների հետ նախօրոք քննարկած խնդրի լուծմանը։ Երեք ուղղություն ենք որդեգրել՝
- Բնակչի անհատական բիզնես-գաղափարի աջակցություն
- Դպրոցի տեխնիկական վերազինում/ մշակութային կյանքի ակտիվացում
- Գյուղացիների մեղվի փեթակների ավելացում
Ծրագրի նպատակներից մեկն էլ գյուղացիներին «դուխ» տալն է, որ տեսնեն փոքր գումարով ինչպես կարելի է ստեղծել բիզնես, զարգացնել, ինչպես կարելի է նույն մեղրը վաճառել ավելի հեշտ՝ ընդամենը գեղեցիկ փաթեթավորելով։ Գյուղերում համատարած խնդիր ունենք՝ գյուղացիները վախենում են նոր գաղափարներ մտածել ու իրականացնել․ ուզում եմ միասին կոտրենք դա։
Ի դեպ, մենք գյուղացիներից մեղվապահ ունենք, ով ծրագրի շնորհիվ ունի եկամուտ, նախատեսում ենք լավ վաճառքի դեպքում գյուղացիների մեղրը ևս գնել։ Այսինքն՝ սա անմիջական ազդեցություն է ունենալու գյուղացիների վրա։
Ծրագիրը գրել, ապա նաև դրամաշնորհը շահել ինձ շատ օգնել է «Դասավանդիր, Հայաստանի» իմ թիմը՝ խորհուրդներով, մարդկանց հետ կապելով։ «Դոնորը» ես եմ համակարգում ու հետագայում ևս ես եմ լինելու համակարգողը, ինչն, ի դեպ, ինձ համար առիթ է լինելու, որ կապս գյուղի հետ երբեք չընդհատվի։
Սկզբում թվում էր՝ փոքր բան է։ Բայց հաջորդ բիզնես-գաղափարս պանրի արտադրամաս հիմնելն է՝ գյուղացիներից մեկի համար։ Առնվազն մեկ սարքավորում «Դոնորը» կարող է գնել նոր բիզնեսի համար։ Ու էսպես շարունակ։ Որովհետև մեղուները չեն հոգնելու, մյուս տարի էլ են լինելու դոնոր, մյուս տարի էլ են ֆինանսավորելու նոր, ուրիշ գաղափար։ Չափերը փոքր են, բայց գյուղն էլ է փոքր։ Ուզում եմ ամուր հող դառնա հետագայի համար, մի ոտքի, բայց ամուր։
Գյուղացիները և՛ ոգևորել են, և թերահավատ են նայել այս ամենին։ Բայց աջակցում են՝ ինչով կարող են։ Առաջին ներդրումից հետո, կարծում եմ, ամբողջությամբ կներգրավվեն։
Ինձ ու ինձ հետ ապրող- աշխատող ընկերուհուս ամենադժվար ժամանակ անգամ իրենք՝ գյուղացիներն են պահել գյուղում, իրենց հոգատարությունը, սրտացավությունը։ Փոքր գյուղ ենք, բայց մեծ գերդաստան՝ 45 հոգանոց։ Գյուղի մի ծայրում մեկը հոգոց է հանում, ամբողջ գյուղով հավաքվում են։ Չէին հավատում, որ կմնանք։ Մի ամիս ամեն օր զարմանում էին, որ քաղաքից եկած աղջիկները չեն գնում դեռ։ Հետո ընդունեցին իրենց ընտանիք։ Գյուղում խանութ չկա, ու ամեն անգամ, երբ ինչ-որ բանի կարիք ենք ունենում ու պիտի խնդրենք Բերձոր իջնող որևէ մեկից մեզ համար գնել այդ բանը, վայրկյաններ անց ուղարկում են տնից։
Գյուղերի ակտիվացման, զբաղվածության խնդիր լուծելու մեջ կարևոր մի սխալ է միշտ թույլ տրվում․ չփնտրել ցավի գլխավոր օջախը։ Չի կարելի խնդիրներով լի գյուղում հազարերորդական խնդիր լուծել։ Օրինակ, պատկերացրեք մենք նախաձեռնեինք մանկապարտեզի կառուցում մի գյուղում, որտեղ երկու նախադպրոցական տարիքի երեխա կա, այն դեպքում, երբ այդ նույն երեխաները խմելու ջրի խնդիր ունեն, երբ գյուղից գնում են՝ ճանապարհ չլինելու պատճառով։ Չէ՞ որ, եթե ճանապարհը բարեկարգես էդ գումարով, մարդիկ չեն գնա, մի քանի տարի անց երկուսի փոխարեն տասը-տասներկու երեխա կլինի, ու գուցե հենց նրանց ծնողներն էլ օգնեն կառուցել մանկապարտեզը։ Մեր խնդիրը ցավին հեռվից նայելն ու ախտորոշում տալն է։ Պիտի գաս, շոշափես, դարձնես քոնը, տեր լինես էդ ցավին, որ կարողանաս նաև տեր կանգնել։
Հ․գ․ Եթե կցանկանաք ֆինանսապես աջակցել նոր ծրագրին, ահա տվյալները՝
Հաշվեհամար՝ 1570026817550200
Ameria bank Նարինե Վարդանյան
Քարտի համար՝ 4083 1001 0074 6791
N. Vardanyan
Սյունե Սևադա