ԿԱՐԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

IMG_5003

 

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Համայնքային զարգացում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրին են դիմել հետաքրքիր գաղափարներ ունեցող մարդիկ՝ տարբեր մարզերից: «Ճամփորդն» արդեն անդրադարձել է Բավրայում հեկտարներով հնդկաձավար աճեցնող Կորյուն Սմբուլյանի ծրագրին, Գորիսում Նարեկ Մկրտչյանի և ընկերների կողմից պլաստիկ աղբի վերամշակմանն ուղղված նախաձեռնությանը, ինչպես նաև Կապանում Սիրանուշ Վարդանյանի և ամուսնու` Արմեն Ղազարյանի հիմնած յուրօրինակ էկոճամբարին: Օրերս «Ճամփորդը»  Լոռու մարզկենտրոնում` Վանաձորում էր: Հենց այստեղ էլ մենք հանդիպեցինք հաշմանդամություն ունեցող անձանց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»  ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանին: 26-ամյա Անուշն ընկերների հետ դիմել է ծրագիրն և շահել դրամաշնորհ: Նրանք կարի արհեստանոց են հիմնել` նպատակ ունենալով պատրաստել հայկական ավանդական տիկնիկներ:

IMG_4998

«Մեր կազմակերպությունը երիտասարդ է, այն երեք տարվա կենսագրություն ունի: Սկզբնապես մենք սկսել ենք  գործել իբրև իրավախորհրդատվական կազմակերպություն: Բայց փորձն ու հետագա հարցումները ցույց տվեցին, որ ավելի լավ է ուղղվածությունը փոխենք, և իրավունքների պաշտպանությանը զուգահեռ, իրականացնենք սոցիալական ծրագրեր: Մեր ՀԿ-ի գործունեության շրջանակներում ունենք խմբակներ, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կամավորների հետ միասին հայկական ավանդական տիկնիկներ են պատրաստում: Ձեռագործ աշխատանքով շատ գեղեցիկ տիկնիկներ էին պատրաստում, սակայն  դա շատ ժամանակատար էր: Մտածեցինք, որ կարի ժամանակակից մեքենաներ ունենալու դեպքում մենք կկարողանանք ոչ միայն տիկնիկներ, այլև  գոգնոցներ, բարձեր և այլ իրեր կարել»,- պատմում է Անուշը:

IMG_4988

ՀԿ-ի ծրագրային թիմի կամ ինչպես իրենք՝ երիտասարդներն են ասում` «stuff»-ի (թիմ) կազմում են Անուշ Ասլանյանը, Անուշ Առաքելյանը՝ կազմակերպության համահիմնադիր և ծրագրերի ղեկավար, շահերի պաշտպան, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տարոն Մկրտչյանը:

«Այսպես մենք դիմեցինք «Համայնքային զարգացում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրին և ստացանք 7000 եվրոյի դրամաշնորհ, որի 90 տոկոսը ծախսվել է տեխնիկա ձեռք բերելու ,7 տոկոսը դասընթացավարների, 3 տոկոսը՝ տարածքի վարձակալության վրա: Ձեռք ենք բերել ասեղնագորողծ մեքենա, 5 կարի մեքենա, որոնցից 4-ը սովորական, 1-ը՝ «overlock» (հագուստի եզրերն ամբողջությամբ փակող մեքենա): Սարքերն ամբողջությամբ արդարացրին մեր հույսերը, դրանք բավական հասանելի են հաշմանդամների համար»,- խոստովանում է Անուշը:

Կար ու ձևի երկամսյա դասընթացներին մասնակցում է 5 մարդ: Նրանցից երկուսն ունեն հաշմանդամություն, իսկ երեքը սոցիալապես անապահով ընտանքներից են: Դասընթացի ավարտին մրցույթով կընտրեն լավագույն երկուսին, որոնք  էլ կանցնեն արդեն հիմնական աշխատանքի՝ կարի արհեստանոցում:

«Մենք մեր առջև չորս ապրանքատեսակ ստեղծելու նպատակ ենք դրել: Թվարկեմ հեշտից բարդ. առաջինը՝ մանկական կրեատիվ գոգնոցներն են, երկրորդը՝  մանկական՝ նորածինների համար նախատեսված անկողնային պարագաները, երրորդը՝ դեկորատիվ բարձերն ու չորրորդը՝ ավանդական հայկական տիկնիկները: Շուտով սկսելու ենք տիկնիկների արտադրությունը».- նշում է Անուշը: Երիտասարդների եռյակը նպատասլաց է, որակյալ աշխատանքը գնահատող: Նրանք խոստովանում են, որ այս երեք տարիների ընթացքում իրենց երբեմն  թերահավատորեն են վերաբերվել, սակայն ի վերջո քրտնաջան աշխատանքի շնորհիվ իրենց հաջողվել է ցրել բոլոր կասկածները:

 

Զրուցեց՝  Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register