ԵՐԲԵՔ ՄԻ ԱՍԵՔ՝ ԵՐԲԵՔ…

11

«Չես կարող»-ի մասին հիշողություններն ինձ ուղեկցում են վաղ մանկություն: Քույրերս պատմում են, որ երբ առաջին անգամ կանգնել ու որոշել եմ քայլել, հորաքույրներս, տատիկ-պապիկներս և բոլոր նրանք, ովքեր հավաքված են եղել մեր տանը, սկսել են տարբեր կողմերից կանչել՝ «Գրկեք էդ երեխուն», «Քայլելու երեխա՞ է, որ ուզում է քայլի»: «Էս երեխու մերն ու՞ր է, ասեք թող գա տանի»: «Հեսա կընկնի, ոտքը կկոտրի»,- վրա է բերել հորեղբայրս:

Իրարանցումից ու բարեկամական «համընդհանուր» ուղղորդումներից ապշած՝ գետնին դրմփալուցս հետո ինձ մոտ՝ «Քայլելու տարիքի երեխա չի» ախտորոշումն ավելի է ամրապնդվել: Մայրս գրկել-տարել է ինձ կողքի սենյակ, դրել օժիտ ստացած խալուն ու 6 ամսական երեխայիս ասել՝ «Էստեղ ինչքան ուզում ես քայլի էլ, ընկի էլ»:

…Դպրոցում հագուստիս թևքերը բարձրացնելու սովորություն ունեի: Հիշում եմ՝ դաս պատասխանելիս ուսուցիչներս միշտ հարցնում էին՝ «Ինչու՞ ես թևքերդ քշտել»:  Ուսուցչի զարմանքից զարմացած՝ չէի հասցնում բառեր գտնել, երբ  դասընկերներս էին սրամտում ՝ «Լվացք է անելու»: Այդ պահերին ինձ թվում էր, թե բոլորը գիտեն, որ մենք լվացքի մեքենա չունենք, որ հորս վերնաշապիկները ես եմ լվանում-արդուկում, որ հաջորդ օրն օսլայված օձիքով աշխատանքի գնա… Ես անգամ վիրավորվում էի, երբ հորս գործընկերները կատակում էին՝ «Էս պուճուր աղջիկդ է էսպես հարդուկե՞լ, թե՞ մեկին ճարել ես…»:

11 տարեկանիս ուղեղը չէր ըմբռնում՝ ինչու չեմ կարող ես լվանալ ու արդուկել այնպես, ինչպես մեծերը…  Հետո հասկացա՝ « փոքր էի, չէի կարող»: …Լվացք անելու ու մուրաբահոտի արանքում սերտած դասերը լավ են հիշվում. «Կժերն ուսած թռվռալեն ձորն են իջնում աղջիկներ…», կամ՝ «Ոսպ-բրձով փլավների, ապուրների բույրը վառված, Ու Նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում…»:

«Չկարողանալու» հետ առաջին լուրջ բախումս ավագ դասարաններում էր: Որոշել էի լեզվաբանության ֆակուլտետ ընդունվել: Այդ ժամանակներում էր, որ պարզվեց՝  մաթեմատիկա «չեմ կարող» սովորել: Համենայնդեպս այնպես, ինչպես դասընկերներիցս շատերը: Ուսուցիչներս հաճախ էին ասում. «Լեզվաբանությունն ո՛ւր, մաթեմատիկան ո՛ւր, մարդու ուղեղը մի բանից է լավ լինում՝ կա՛մ հումանիտար առարկաներից, կա՛մ բնագիտական»: «Կյանք ապրած մարդիկ են, ուրեմն մի բան գիտեն, որ ասում են»,- մտածում էի ես ամեն անգամ, երբ մաթեմատիկայի դասս չհասկացած գնում էի տուն:

…Ավարտական քննության ժամանակ վերջին «շպառգալկայից» օգտվել այդպես էլ չհաջողվեց: Դասընկերոջս կողմից արված «օդային փոխանցումը» տնօրենիս կողմից աննկատ չմնաց: Հայացքն ավելի խստացնելով բարձրաձայն հայտարարեց՝ «Սարգսյա՜ն, ոտքդ էն կողմ տար էդ «շպառգալկայի» վրայից, տուր ինձ»: Սթրեսի մեջ էի: «Սարգսյա՜ն, մի մաթեմատիկան ի՞նչ է, չկարողացար գերազանցությամբ հանձնել»,- ամեն օր նախատում էի ինքս ինձ՝ այդպես էլ չկարողանալով գտնել հարցիս պատասխանը:

…Դպրոցն ավարտելուցս անցել է 10 տարի: Արդեն 26 տարեկանում լեզվաբանիս կրթությունն ու լրագրողական փորձս սկսեց ինձ չհերիքել: Նորից էի ուզում համալսարան ընդունվել. երազանքներս տանում էին մինչև հայրական այգու մշակման ու բերքատվության բարձրացման նախագծեր… Բայց Արմավիրի մարզը պատուհասած հերթական կարկտահարությունը ստիպում էր դուրս գալ հայրական այգու սահմաններից ու մտածել՝ ինչո՞ւ է հայ գյուղացու աշխատանքն ամեն տարի զրոյի հավասարվում, ինչո՞ւ բնական արհավիրքի դեմ պայքարի տարբերակ ազգովի չենք կարողանում գտնել, որտե՞ղ ենք սխալվում հաշվարկներում…

«Ագրոբիզնես»,- որոշեցի ես:  «Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն»-ում («Agribusiness Teaching Center») փաստաթղթերս ընդունող հանձնաժողովին ամենայն լրջությամբ հայտարարեցի.- Ես լեզվաբան եմ, չգիտեմ՝ բիզնես, վիճակագրություն, մաթեմատիկա կարո՞ղ եմ սովորել, թե՞ ոչ… Բայց շատ եմ ուզում… Բայց լեզվաբան եմ…

– Մեզ մոտ ամենալավը լեզվաբաններն ու քաղաքագետներն են սովորում: Ամառային կուրսին կմասնակցես, կհասկանաս, որ կարող ես:

… Ամառային կուրսն արդեն անցյալում է, ես՝  «Agribusiness Teaching Center»-ի ուսանող: Պարզվում է՝ վիճակագրությունից լավագույնս գլուխ հանող մասնագետները լեզվաբաններն ու լրագրողներն են, որովհետև հարցազրույցների ու հոդված գրելու արանքում սովորած կանոններն ամենալավն են հիշվում. «Statistics is a branch of Mathematics»… Ակնպես որ՝ երբեք մի ասեք՝ երբեք:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register