7 ՀԱՐՑ. ԿԱՐՄԵՆ ԹՈՍՈւՆՅԱՆ

1

Խորագրի հյուրն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Կարմեն Թոսունյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:– Այս տարի ընտանիքով հանգստանում էինք Աղվերանում: Մեզ համար հետաքրքիր բացահայտում էր հյուրանոցից ոչ հեռու  գտնվող Արզականի եկեղեցին` 1207 թվականին կառուցված Սուրբ Աստվածածինը: Նրանից այժմ միայն փլատակներ են մնացել: Մեկուսի, անտառապատ տեղում կառուցված եկեղեցու գոյության մասին շատերը չգիտեն, բայց ես, ամուսինս և բալիկս երկար փնտրեցինք և գտանք: Առեղծվածային և հետաքրքիր անկյուն է:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում է Ձեզ:– Հին շենքերի քադումն ու նրանց տեղում զանգվածեղ շինությունների կառուցումը: Հին կառույցներն ինձ ավելի են դուր գալիս: Նյարդայնացնում է նաև մեր ճանապարհների անհարմարությունը, մեքենաների քանակի ավելացմամբ պայմանավորված շարունակական խցանումները:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։– Եթե մենք մեր հանգստյան վայրերն ավելի բարելավենք, ինչպես ժամանակին Սաակաշվիլին արեց Վրաստանում, Հայաստան ժամանող մարդիկ Երևանից դուրս նույնպես կգնան: Կբացահայտեն ոչ միայն հայտնի տեսարժան վայրերը, այլև` գողտրիկ անկյունները, որոնց հանրամատչելիացման մասին պետք է մտածել:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:– Պատանեկության տարիներին կլանված էի ռուսական գրականությամբ` Լև Տոլստոյ, Ալեքսանդր Պուշկին… Դժվարանում եմ առանձնացել, ռուսական գրականությունն ընդհանրապես մեծ ազդեցություն է թողել իմ աշխարհընկալման վրա: Փոքր-ինչ ուշ ծանոթացել եմ նաև հայկական գրականությանը, որը նույնպես հրաշալի է: Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոսը» շատ տպավորիչ է:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։– Շատ եմ գնահատում այն մարդկանց, ովքեր չունենալով ոչինչ, ձգտում են հաջողություների, կյանքում մի բանի հասնելու, ստեղծելու:

 – Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։– Նոր համերգասրահ կկառուցեի: Պարզապես երազում եմ: Օպերայի այս շենքը մեզ չի բավարարում: Մեր դահլիճում ակուստիկան շատ վատն է: Մի քանի անգամ դիմել ենք Թամանյանի թոռանը: «Երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած» նա ոչինչ ձևափոխված տեսնել չի ուզում: Գուցե հարկ կա  ճապոնացի, չինացի մասնագետների հրավիրել, ովքեր  հնչողության բարելավման համար դահլիճում ինչ-որ բան կավելացնեին: Արտերկրյա տարբեր դահլիճներում մեր նվագախումբի անդամներն իրար ավելի լավ են զգում ու հասկանում, քան այստեղ: Փողայիններն, օրինակ, լարայիններին լավ չեն լսում, դրան հակառակ նրանց ձայնը մեզ համար անասելի բարձր է… բալանսը նորմալ չէ: Չունենք փորձի համար նախատեսված սենյակներ, որտեղ կկարողանայինք գործից հետո պարապել: Չէ որ շատ հաճախ տանն էլ հնարավոր չէ պարապել, հատկապես փողայինների դեպքում, հարևանները պարզապես ոստիկանություն կկանչեն(ժպտում է,-խմբ.):

–  Շոգից  փրկվելու  Ձեր «բաղադրատոմսը»։– Տարբերակ չկա:  Որքան էլ տանը օդորակիչ միացնես, միևնույն է` լուծում չէ: Պետք է դիմանալ եղանակին, որովհետև ոչ մի բան հավերժ չէ (ծիծաղում է,- խմբ.):

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register