ԷԿՎԱԴՈՐՑԻ ՄԵՐ ՓԵՍԱՆ

6

Փողոցային երաժիշտների էկվադորյան խումբը արդեն քանի ամիս է, ինչ հրաշալի մթնոլորտ է ստեղծում Երևանում` փողոցներով ճեմող անցորդներին գրեթե ամեն օր ներկայանալով հոգեպարար կամ պարային(լատինո) երաժշտությամբ: Երկու ժամ ձգվող համերգները անցորդներին գրավում ու դեպ իրենց են ձգում ոչ միայն յուրօրինակ, էկզոտիկ երաժշտության, այլև` երաժիշտների  կրած հազարերանգ տարազների պատճառով: Աքաղաղի հսկա կատարի տեսքով շարված սրածայր, երկարաձիգ փետուրները երևում են շատ հեռվից:

1

 

«Սումակ Կույուր»: Այսպիսին է  էկվադորցիների երաժշտական խմբի անվանումը: Ներկայիս կազմը ձևավորվել է 7 ամիս առաջ: Խմբի հենասյունը 45-ամյա Ֆրանցիսկո Մարգոնադո Գուախան է, ով նախկինում միայնակ է այցելել և նվագել Հայաստանում: Նա խմբի մենեջեր Սուսաննա Առաքելյանի ամուսինն է:

Թիմի մյուս անդամներն են` 30-ամյա Ֆրանկլին Անգուայան և հասակակից Ռիչարդ Մորալեսը: Փողոցային համերգների ժամանակ  խմբի անդամներն «օգտվում» են տարբեր երկարության բազմաթիվ խողովակներ ունեցող «Սամպոնյա»  և ֆլեյտայի  նմանվող «Կենա» կոչվող գործիքների ծառայությունից: Ինկերի կողմից  օգտագործված երաժշտական  այս գործիքներն էլ ունկնդիրների համար հուզական երաժշտություն  են ապահովում: Երևանում խմբի անդամներին ճանաչում են որպես «հնդկացիների»: Նրանց տարազներն, իսկապես, հնագույն ժամանակների հնդկացի զինվորների հագուստի է նմանեցված ( կենդանիների՝ գայլ, արջ և այլն, հազար ու մի փոքր ոսկորներով ու իսկական ատամներով է համալրված հագուստը): Փասիանների փետուրներով և տարատեսակ կենդանիների նկարներով են զարդարված տարազները, որոնց նշանագիտական վերլուծության համար առանձին հոդված կպահանջվի:

3

Այնուհանդերձ, ուշարժան մի փաստի չանդրադառնալ չենք կարող: Երաժիշտները նշում են , որ հնում փետուրների քանակն ուղիղ համեմատական է եղել զինվորի սխրագործությունների քանակին: Խումբը նվագում է հանգիստ, մեդիտացիոն, ազգային կամ պարային երաժշտություն: Համերգների ժամանակ օգտագործում են բարձրախոսներ: Թեև սիրողական երաժիշտներ են, բայց բավական հմուտ և համաչափ են կատարում հատկապես պարային համարները: Համերգներ են տվել Ռուսաստանում, Թուրքիայում, Վրաստանում, Եվրոպայում: Մինչ ապրիլի սկիզբ դեռ Երևանում են լինելու, որից հետո մեկնելու են Իրան:

4

«Սումակ Կույուրին» լսելու համար հարկավոր է շաբաթ կամ կիրակի օրերին կեսօրից հետո այցելել «Վերնիսաժի» հարևանությամբ գտնվող պուրակ: Խումբը հանդես է գալիս` Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ: Այլ օրերին էկվադորցի երաժիշտներին կարելի է հանդիպել Հյուսիսային պողոտայում կամ Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձանի մոտ:Էկվադորցի երաժիշտների համար Հայաստանում ամենատհաճ դեպքերը կապված են ոստիկանների հետ:

5

Ֆրանցիսկո Մարգոնադո Գուախան նշում է, որ իրենց շրջագայած ոչ մի երկրում ոստիկանները համերգների  ժամանակ արգելք չեն հանդիսացել: «Մեզ թույլ չէին տալիս տեխնիկայով փոքր համերգներ կազմակերպել փողոցում, մինչդեռ մենք որևէ մեկին չէինք խանգարում կամ վնասում: Մենք նույնիսկ գումար չենք խնդրում մարդկանցից, գումար տալ-չտալը՝ յուրաքանչյուրի ցանկությունն է: Սակայն չի կարելի չնշել ժողովրդի ջերմ վերաբերմունքը, ժպիտները, որ տեսնում ենք ամեն անգամ», – պատմում է էկվադորցի երաժիշտը:

Խումբը Հայաստանում համերգներով հանդես է գալիս ոչ միայն Երևանում: Նրանք արդեն այցելել են Գյումրի, Սևան, Ստեփանակերտ: Նվագում են նաև տարբեր ռեստորաններում և միջոցառումների ժամանակ: Փողոցային համերգների ընթացքում ամենաշատը երեխաներն են ուրախանում, որոնք անդադար պարում են հեռուներում ստեղծված, բայց ջերմությամբ լեցուն երաժշտության ներքո: Երաժիշտները նշում են, որ հայերը և էկվադորցիները նման են, իսկ այստեղ իրենց ստացած դրական էներգիան այն գրավականն է, որ հետագայում միանշանակ վերադառնալու են Հայաստան:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register