ՍԻՐԱՀԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ

stop

Երևանի «ՍՏՈՊ» ակումբում է նվագում սիրիահայ թմբուկահար Րաֆֆի Խորոզյանը: Ինչպիսի՞ն է նրա աչքերով երաժիշտի կյանքը Հայաստանում:

 

– Երբվանի՞ց ես մշտական բնակություն հաստատել Հայաստանում։ – Սիրիայից Հայաստան եմ եկել 2014-ի հունիսին: Ճիշտ է, պատերազմը 2011-ին էր սկսվել, բայց Հալեպում մնալը 2014-ին ուղղակի անհնար դարձավ: Ընտանիքիս հետ տեղափոխվեցի այստեղ և առ այսօր Հայաստանում եմ: Սակայն իմ ուսանողական տարիներն էլ են անցել Հայաստանում: 1987 թվականին ընդունվել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրական մեքենաների ֆակուլտետը, որն ավարտել եմ 1992-ին:

– Հայաստանցիներն ի՞նչ երաժշտական նախասիրություններ ունեն։ – Կարող եմ համեմատություն անցկացնել Հալեպի հետ. բլյուզն ու ջազը, իմ համոզմամբ, Երևանում շատ ավելի նուրբ են զգում: Իհարկե, Հալեպում նույնպես նվագում էինք: Մեկ-երկու ամիսը մեկ՝ համերգ էինք տալիս: Այնտեղի երաժշտությունը սակայն՝ արաբական և հայկական ոճի մեջ էր ներկայացվում: Փոխարենը՝ այնտեղ վարձատրություն էր ավելի լավ: Ռեստորանների հետ պայմանագրով էինք աշխատում: 6  կամ 9 ամսվա պայմանագիր էր կնքվում:  Այնտեղի և այստեղի միջև մի հետաքրիր տարբերություն էլ կա: Հալեպում կար երաժիշտների սինդիկատ (իրավունքները պաշտպանող կազմակերպություն), որը ցանկալի կլիներ, որ  այստեղ էլ գործեր: Այն նաև երաժիշտների մակարդակն է սահմանում: Հետևում է, որ ամեն մեկը չգա ու ներկայանա որպես երաժիշտ:

– Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել  ու հանդիպում Հայաստանում հաստավելուց հետո: – Դժվարությունները շատ են, բայց քանի որ ես այստեղ եղել եմ 90-ականների սկզբին, այստեղի կյանքին արդեն ընտելացել էի, ավելի սովորէի: Բնականաբար, ի տարբերություն այլ սիրիահայերի, ադապտացիոն շրջանը ավելի հեշտ տարա: Դժվարությունները հատկապես շատ են աշխատանք գտնելու առումով: Ես այն կարծիքին եմ, որ մարդ պետք է աշխատասեր լինի,  հարգի իր գործը: Այդ դեպքում նա անպատճառ տեղ կհասնի: Այո, շատ դժվար է, բայց անհաղթահարելի չէ:

– Ինչպե՞ս ընդունեցին  Ձեզ երևանյան  երաժիշտները։ – Այստեղ՝ Երևանում դու պետք է փաստես, որ լավ երաժիշտ ես: Եթե դու անհրաժեշտ մակարդակը չունես, քեզ համար շատ դժվար կլինի, քանի որ Երևանում երաժիշտները բավական որակյալ են: 16-17 տարեկան  տղաներ են երբեմն գալիս, նվագում «Ստոպ»  ակումբում: Ուղղակի զարմանում ես. չնայած  փորձառության պակասին, նրանք շատ  տաղանդավոր են: Չէ՛, այստեղ պետք է շատ լուրջ մոտենաս երաժշտությանը:

– Խաղաղության հաստատման դեպքում կրկին կվերադառնա՞ս Սիրիա։ – Ավաղ, մի բանը որ քանդվում է, մի բան, որ կիսատ ես թողնում ու հարկադրված ես լինում դուրս գալ, դժվար է արդեն վերականգնելը: Այս երկու տարվա ընթացքում այստեղ մի բան արդեն սարքել եմ, չեմ ուզում դա էլ  քանդեմ ու էլի գնամ: Եվ, բացի այդ, միշտ էլ Հայաստան գալու  և  Հայրենիքում մշտական բնակություն հաստատելու փափագն ինձ մոտ կար: Սփյուռքահայի համար հայրենասիրությունը շատ կարևոր բան է:

– Նվագելուց բացի որևէ այլ գործունեությամբ Հայաստանում զբաղվու՞մ ես։ – Հիմա ոչ, բայց ցանկանում եմ մի բանով անպայման զբաղվել: Երաժշտությունն իհարկե կա, բայց ընտանիք պահելու համար բավարար չէ: Դրա համար կողքից էլ մի բան պետք է մտածել:  Այնպիսի բան, որ համատեղվի երաժշտության հետ, քանի որ աշխատանքս միշտ գիշերային է, իսկ ցերեկները ազատ եմ լինում: Մտածում եմ զբաղվել այնպիսի գործով, որը նյութապես կօգնի ընտանիքիս:

– Րաֆֆի, նվագելուց  բացի չե՞ս ուսուցանում, աշակերտներ չունե՞ս: – Հալեպում ունեի:  Հարվածային  գործիքների դեպքում հատուկ տարածք  է պետք, հատուկ հարմարություններով ստուդիա: Իհարկե, դա էլ կարելի է մտածել, բայց դա մի քիչ ավելի բարդ է և համբերություն  է պահանջում: Հալեպում նշածս հարմարությունները կային և շատ աշակերտներ ունեի: 20-25 տարվա մեջ այնտեղ ստեղծել էի այդ հարմարությունները, իսկ այստեղ՝ Հայաստանում, երկու տարվա մեջ  հազիվ իմ երաժշտական գործունեությամբ եմ զբաղվում:

 

Ալեքսանդր Հովհաննիսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register