ՁՐԻ ՇՈւԿԱ

2

Դեյվիդ Ֆինչերի հանրահայտ՝ «Մարտակումբ» ֆիլմի գլխավոր հերոս Թայլեր Դերդենը դրվագներից մեկում ասում է` «Իրերը, որոնց տիրապետում ես, ի վերջո սկսում են տիրապետել քեզ»: Այս սարսափելի միտքը հրաշալիորեն նկարագրում ու ներկայացնում է ժամանակակից սպառողական հասարակության վարքագիծը, նրանցից շատերի՝ հանրահայտ բրենդներից շատ իրեր ունենալու, կուտակելու և պահելու  տարածում գտած մարմաջը: Իրեր, որոնք հաճախ նույնիսկ հարկավոր չեն: Կապիտալիստական աշխարհի հաջողության գաղտնիքը՝ սպառման մոլուցքը մշտապես վառ պահելն է: Կարևորը, որ առևտուրը երբեք չդադարի, արտադրությունը կանգ չառնի, մարդկանց ախորժակը մշտապես մնա անհագ: Շուկան անխիղճ է հատկապես երեխաների հագուկապի ապրանքներ վաճառելիս: Հաշվարկն անվրեպ է. ծնողը կարող է խնայել իր համար որևէ բան գնելիս, բայց երեխայի համար  մեկ է՝ նա պիտի ձեռք բերի ամենալավը: Այսպես, ապշել կարելի է, թե փոքրիկ չափերով հագուստն ինչպես կարող է, օրինակ, 15 հազար դրամ արժենալ: Ընդ որում, ֆիզիկապես արագ աճելու պատճառով այդ հագուստը երեխան կարող է կրել ընդամենը 3-6 ամիս: Իսկ եթե գնել եք, ապա ինչ անել լավ պահպանված հագուստը, երբ արդեն երեխան մեծացել է և չի կարող այն կրել: Կարելի է, օրինակ, դրանք տալ տարիքով ավելի փոքր երեխաներ ունեցող ընկերներին ու բարեկամներին: Այս կերպ նրանք կխնայեն գումար ու ժամանակ, իսկ դուք էլ պահարանները կազատեք իրերից, որոնք ձեզ հարկավոր չէին:

Free Market - Dzri Shuka (5)

Պիտանի իրերը վերօգտագործելու հետաքրքիր գաղափարն է ընկած ամեն տարի Երևանում անցկացվող «Ձրի շուկա» («Free Market») նախաձեռնության հիմքում: Նախաձեռնությունն ունի հիմնական կարևորագույն կանոն` ոչ մի առևտուր, ոչ մի շահույթ: Մարդիկ բերում են այն իրերը, որոնք պիտանի են օգտագործման, բայց իրենց հարկավոր չեն: Ընթացքում հաճախ գտնում են մեկ այլ բան, որն իրենց է հարկավոր: Օրերս «Ձրի շուկա» էր կազմակերպվել «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության գրասենյակում: Կազմակերպիչները` Արփինե Գալֆայանը և Անի Խաչատրյանը, «Ճամփորդի» հետ զրույցում պատմել են «Ձրի շուկայի» հիմնական նպատակների և սկզբունքների մասին:

Free Market - Dzri Shuka (6)

Արփինե Գալֆայան. «Ձրի շուկան» բարեգործական նպատակ չի հետապնդում: Ըստ էության, այն սպառողական տնտեսության այլընտրանքն է: Այսօր երկրագնդի տարբեր ծագերում ստեղծվում են շատ ու շատ ապրանքներ, որոնց կարիքը մարդիկ չունեն, բայց որոնք վաճառելու նպատակ ունեն արտադրողները` ավելի շատ փող աշխատելու համար: Այդ ապրանքներն ստեղծելիս՝ հիմնականում շահագործվում են մարդիկ, նույնիսկ` երեխաներ, բնության մեծաքանակ հարստություն է փչացվում, ու նաև ստեղծվում է մշակույթ, երբ մարդուն չափում են իր ունեցած իրերով: Կոպիտ ասած` ինչքան շատ, ինչքան բրենդային բաներ ունենաս, այդքան «լավ» մարդ ես: Մենք  փորձում ենք դրա այլընտրանքը ստեղծել, որովհետև բոլորս ունենք բազմաթիվ իրեր, և ինչու թափել այն իրերը, որոնք լավ, պիտանի վիճակում են, ինչու գնալ խանութ, եթե իրար մեջ կարողանում ենք դրանք փոխանակել»:

Արփինեն վստահ է, որ այս ձևաչափով  իրականացվող ապրանքափոխանակության դեպքում հիերարխիայի որևէ հարց չկա. անպայման չէ, որ նվերն ընդունողը չունենա գումար և հնարավորություն գնելու այդ իրը: Նա վերցնում է, քանի որ կա արդեն այդ իրը:

Անի Խաչատրյան. ««Ձրի շուկան» անցկացնում ենք ամեն տարի, եղել են նաև տարին մի քանի անգամ կազմակերպելու դեպքեր: Այստեղ որևէ մեկը չի ասում` «ես քեզ լավություն եմ անում», ոչ, ուղղակի ազատվում ես անհարկի իրերից, փոխարենը վերցնում ես այն, ինչ իսկապես քեզ հարկավոր է, ոչ թե` «որովհետև այն անվճար է»: Մարդկանց միջից պետք է դուրս գա՝ «եթե ինչ-որ բան անվճար է, ուրեմն անպայման պետք է վերցնել» մտայնությունը, անհրաժեշտ է ձերբազատվել այս հոգեբանությունից»:

Kazmakerpich

Անին նշում է, որ թեև վերջնական նպատակը բարեգործությունը չէ, ամեն դեպքում, օրվա վերջում բոլոր այն իրերը, որոնք մնացել են, փոխանցվում են անապահով ընտանիքներին աջակցող կազմակերպություններին:

Իսկ ի՞նչ կար «Ձրի շուկայում»: Գերակշռողը՝ տղամարդկանց,կանանց և երեխաների համար նախատեսված հագուստն ու կոշիկներն էին: Կային նաև բազմաթիվ գրքեր, պայուսակներ, բույսեր, խաղալիքներ, կախազարդեր, ակնոցներ, տան հեռախոս, բլենդեր և բազմաթիվ այլ իրեր: Հետաքրքիր էր, որ միջոցառման ընթացքում «շուկան» անընդհատ թարմացվում էր: Յուրաքանչյուր այցելու իր հետ նոր իրեր էր բերում: Ես,օրինակ, տարել էի Ջերոմ Սելինջերի` «Տարեկանի արտում` անդունդի եզրին» գիրքը, փոխարենը 3-ամյա աղջկաս համար «շուկայից» բոլորովին անվճար գարնանային ռեզինե կոշիկ (որին սովոր ենք «կալոշ» անվանել ) ձեռք բերեցի: Այս կոշիկից շատ էինք փնտրել, սակայն չեզոք գույներով մեզ այդպես էլ չէր հանդիպել: Պարզվեց, որ կոշիկը շատ խնամքով ժամանակին հագել է կազմակերպիչներից մեկի` Անի Խաչատրյանի որդին: Սպասվում է, որ հաջորդ «Ձրի շուկան» կկազմակերպվի առաջիկա ամռանը կամ աշնանը: Սակայն, եթե գաղափարը ձեզ դուր է գալիս, բնավ պետք չէ երկար սպասել, կարող եք այն հանգիստ իրագործել ձեր ընկերների, բարեկամների հետ կամ ֆեյսբուքում՝ ակտիվ տարբեր խմբերի միջոցով:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register