«ԼԱՎ ԷԼԻ». ՍԻՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

laveli

«Լավ էլի» խմբի համահիմնադիր, կիթառահար, վոկալիստ Մհեր Մանուկյանի հետ մեր զրույցը նոր ձայնասկավառակի, անցած ճանապարհի և առաջիկա ծրագրերի մասին է:

 «Լավ էլի- Love Էլի -Լավ  alley

Հենց այս բառախաղն էր, որ ստիպեց «Սնեք» խմբի նախկին անդամներին փոխել խմբի անվանումն ու թողարկել «Առաջին Lav ալբոմը»: Ալբոմների թիվը 20 տարիների ընթացքում ավելացավ, խտացան նաեւ «Լավ էլի»-ի երկրպագուների շարքերը, որոնք համալրվեցին երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով:

Առաջին երգերը

Գնա», «Սարեր», «Քո աչքերը», «Աղջիկ ջան»,«Սկիզբը», «Գտա քեզ երկնքում»… Հենց այս երգերն էին, որ Վանաձորում հիմնադրված ռոք խմբի համար ճանապարհ հարթեցին: Հիմա էլ, ինչպես 2 տասնամյակ առաջ, Հայաստանում դժվարությամբ կգտնես մեկին, որն առաջին հնչյունները լսելուց հետո չի շարունակի երգել՝ «Քո աչքերը ինձ դարձրել են խելագար, Քո շուրթերը գինետուն են ինձ համար…»

Ամենամեծ հաջողությունը

Երիտասարդ տարիներին համաշխարհային փառք երազող «Լավ էլի»-ի անդամների կյանքում տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Ինչպես իրենք են ասում՝ իմաստությունն է այցելել, և համաշխարհային բեմեր նվաճելու ձգտումը փոխարինվել է պարզ ցանկությամբ՝ հայ հանդիսատեսի կյանքում լրացնել այլ բովանդակության ու այլ երաժշտության երգերի բացը:

Ամենակրտսեր անդամը

Լավ էլի»-ում ամենակրտսերը Շողեր Մանուկյանն է: Արդեն 4 տարի է՝ նա խմբում թավջութակ է նվագում: Շողերը դպրոցական է, դեռ չգիտի,թե ինչ մասնագիտություն է ընտրելու: Բայց հաստատ է որոշել՝ անկախ մասնագիտությունից շարունակելու է նվագել «Լավ էլի»-ում:

Հետաքրքիր դեպքերի պակաս չի եղել

«Լավ Էլի»-ն տարիների ընթացքում հասցրել է համերգներ տալ Հայաստանի տարբեր մարզերում ու համայնքներում: Մհեր Մանուկյանը կիսվում է խմբի գլխով անցած զավեշտալի պատմություններով.

– Մի անգամ մեզ Գյումրի էին հրավիրել նվագելու, հաշվի չէին առել, որ սոված կլինենք: Մտածել էին՝ մենակ ծարավ կլինենք, ու գարեջուր էին միայն առել: Մեր Գոռը, որ այն ժամանակ ախորժակից չէր բողոքում, սովը հագեցնելու համար սկսեց անհագ գարեջուր խմել: Արդյունքում մենք համերգի առաջին երգը բոլորով սկսեցինք, բայց Գոռը բոլորովին ուրիշ երգ էր նվագում… Մինչև կարողացանք Գոռին հասկացնել, որ ուրիշ երգ է  նվագում, ահագին ուրախացել էինք համ մենք, համ հանդիսատեսը:

Ճամփորդելու, համերգներ տալու համար մենք սովորաբար ավտոբուս էինք վարձում՝ հին, փոքր ավտոբուս, որի վարորդն ահավոր մելանխոլիկ, շատ հանգիստ, առանց կրակի մարդ էր, անունը՝ Աշոտ: Ավտոբուսը գազով էր աշխատում, մեզնից մի քանիսն էլ այն ժամանակ ծխում էին: Մի անգամ ճանապարհին կանգնել ենք, պատուհանները բացել ու ավտոբուսի մեջ ծխում ենք, մեկ էլ Աշոտը գալիս կագնում է մեզ մոտ, հանգիստ, առանց էմոցիաների, ցածր տոնով, դանդաղ ասում.- Տղեեերք, էս ավտոբուսի գազը տանում ա…Մենք քիչ էր մնում կուլ տայինք էդ ծխախոտները:

« Լավ էլի»-ից դուրս

Գոյության 20 տարիների ընթացքում « Լավ էլի»-ի կազմը փոփոխությունների է ենթարկվել: Այժմ խմբում ընդգրկված են Գոռ Մխիթարյանը (կիթառահար), Մհեր Մանուկյանը (կիթառահար, վոկալիստ), Դավիթ Գրիգորյանը (թմբկահար), Տիգրան Ոսկանյանը (բաս կիթառահար), Բագրատ Ազնաուրյանը (կիթառահար) և Շողեր Մանուկյանը (թավջութակահար) : Իսկ ովքե՞ր են «Լավ էլի»-ի տղաները խմբից դուրս: Պարզվում է՝ թմբկահար Դավիթը հյուսն է, ապրում ու աշխատում է Վանաձորում: Բագրատ Ազնաուրյանը ծրագրավորող է, աշխատում է ամերիկյան ընկերություններից մեկում: Տիգրանը ֆիլհարմոնիկ նվագախմբում կոնտրաբասիստ է: Մհեր Մանուկյանն էլ հաղորդակցության, հանրային հարաբերությունների մասնագետ է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամում:

Նոր ձայնասկավառակը կլինի…

Նոր ձայնասկավառակում տեղ կգտնեն ամենատարբեր բովանդակության ու ուղղվածության երգեր: Մհեր Մանուկյանը վստահեցնում է՝ երգերի մեծ մասն արդեն ձայնագրված է, սկավառակը հավատարիմ հանդիսատեսին երկար սպասեցնել չի տա:

 

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register