ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ. ԱՆԴՐԵՍ ԻՆՅԵՍԱՏԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

3

Վերջին տասնամյակի լավագույն ֆոտբոլիստներից մեկը` Անդրես Ինյեստան հեռանում է «Բարսելոնայից», թեև դեռ անցած տարվանից ուներ բացառիկ, նախադեպը չունեցող անժամկետ պայմանագիր ակումբի հետ: Կատալոնական թիմի 34-ամյա ավագը նշել է, որ ցանկանում է բացառել «Բարսելոնայի» դեմ երբևէ խաղալուց, այդ պատճառով կարիերան շարունակելու է Չինաստանում կամ Ճապոնիայում:

2

Ինյեստան «Բարսելոնայի» ակադեմիայում է հայտնվել 1996 թվականին` 12 տարեկան հասակում և 22 տարի շարունակ չի փոխել ակումբը: Ընդհանուր առմամբ «Բարսայի» գլխավոր թիմի կազմում Ինյեստան մասնակցել է 669 հանդիպման(ավելի շատ միայն Չավին է խաղացել` 767 հանդիպում) և խփել է 57 գնդակ: Անցկացրած 16 մրցաշրջանի ընթացքում Ինյեստան «Բարսելոնայի» հետ 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ նվաճել է Արքայական գավաթը, 7 անգամ նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը, 4 անգամ` Չեմպիոնների լիգայի գավաթը, 3 անգամ` Եվրոպայի սուպերգավաթը, 3 անգամ` Աշխարհի ակումբային գավաթը: Իսպանիայի հավաքականի կազմում Ինյեստան դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն(2008,2012) և Աշխարհի չեմպիոն(2010):

Այնուհանդերձ, եկեք հասկանանք, թե ինչու է Ինյեստան այդքան յուրահատուկ: Նա երբեք չի նվաճել «Ոսկե գնդակը», սակայն թե´ ակումբային, թե´ հավաքականների մակարդակում նվաճել է բոլոր կարևոր տիտղոսները: Ինյեստան ունի բացառիկ տեխնիկա, նրանից գնդակ խլելը գրեթե անհնար առաջադրանք է եղել: Խաղադաշտի յուրաքանչյուր ազատ տարածությունը տեսնելու բացառիկ շնորհով` Ինյեստան բազմիցս կատարել է մրցակցի պաշտպանությունը «կտրող» փոխանցումներ: Նրա շարժունակության և տեխնիկական հնարքների պատճառով մրցակիցները հոգեմաշ են եղել:

Բացի ֆուտբոլային որակներից, Ինյեստանին գրեթե ամենուր սիրում և հարգում են մարդկային որակների համար: Ինյեստան մշապես համեստ է եղել, ոչ բռնկուն, խաղադաշտում սադրիչ քայլերի չի դիմել, գրեթե երբեք կոպիտ խախտումներ չի արել:

1

Նրան ծափահարում են Իսպանիայի բոլոր ստադիոններում, երբ փոխարինման է դուրս գալիս կամ խաղադաշտ է մտնում` գլխավորապես 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից հետո, երբ լրացուցիչ ժամանակում` 116-րդ րոպեին Ինյեստան հաղթական գնդակը խփեց Իսպանիա – Հոլանդիա(1:0) խաղում, ինչի շնորհիվ Իսպանիան իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Սակայն միայն խփած գնդակը չէր մնացել մարդկանց հիշողության մեջ, այլ հաջորդող դրվագը, երբ Ինյեստան հանեց մարզաշապիկը և աշխարհի ցուցադրեց հետևյալ գրությունը` «Dani Jarque: siempre con nosotros», որը թարգմանաբար նշանակում է` «Դանի Խարկե. մշտապես մեզ հետ է». Դանի Խարկեն կատալոնական «Էսպանյոլ» ակումբի ավագն է եղել մինչ 2009 թվականը, երբ 26 տարեկանում մահացել է սրտի կաթվածից:

4

Երեկ` մայիսի 20-ին, Ինյեստան վերջին հանդիպումն անցկացրեց «Բարսելոնայի» կազմում: Իսպանիայի առաջնության եզրափակիչ` 38-րդ տուրում, «Նոու Կամպ» ստադիոնում «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»: Թեև միակ գնդակը խփեց Ֆելիպե Կոուտինյոն, բայց խաղի գլխավոր հերոսը միանշանակ Անդրես Ինյեստան էր: Մրցավեճից հետո էլ կատալոնական ակումբը Ինյեստային մեծարման արարողությամբ հանդես եկավ: Ստորև կարող եք դիտել Ինյեստայի վերջին հանդիպումից դրվագներ, ինչպես նաև նրա անզուգական խաղի լավագույն պահերով կազմված տեսանյութ:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register