8 ԽՈՐՀՈւՐԴ՝ ԻՆՉՊԵՍ ՈՂՋ ՄՆԱԼ ՎՐԱՆՈւՄ

Վրանում գիշերակացն իսկական փորձություն է նրանց համար, ովքեր առաջին անգամ են քնելու բաց երկնքի տակ, այն էլ ՝ լեռներում: Ինչպե՞ս ողջ մնալ վրաններում և գիշերակացը դարձնել անմոռանալի: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ:
1.Գետնից խոնավությունը նվազեցնելու համար կարելի է գետնին հավելյալ ծածկոցներ փռել: Ուստի ցանկալի է 1-2 ծածկոց նախատեսել այս նպատակով:
2.Գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է կտրուկ իջնել: Ուստի կարևոր է ցրտին նախապատրաստվելը: Քնապարկերում տեղավորվելուց առաջ ստուգեք, որ բոլոր հագուստները չոր լինին, այդ թվում՝ նասկիները:
3.Մարմնի ջերմամեկուսացումն ապահովելու համար կարելի է թերմոհագուստ կրել:
4.Քնապարկերում տաք մնալու համար ցանկալի է «լցոնել» այն: Այս նպատակով ամենահարմարը հավելյալ հագուստը քնապարկում տեղավորելն է:
5.Ավելորդ հագուստը, իրերը, սնունդը ցանկալի է պահել վրանի ներսում: Դրանք կնվազեցնեն վրանի բաց տարածությունը՝ հավելյալ ջերմություն ապահովելով:
6.Կարելի է թերմոսում տաք ջուր պահել՝ առանց քնապարկից դուրս գալու խմելու համար: Սնունդը ևս պետք է մոտ պահել՝ արագ սնվելու և մարմինն ակտիվացնելու համար:
7.Մի կողմ թողեք վախերը: Ոչ մի վտանգավոր բան վրանի ներսում և դրսում տեղի չի ունենա: Ժամանակակից վրանները բավականին հարմար են՝ թե քնելու, թե օդափոխությունն ապահովելու, թե չսառչելու համար: Ինձ պես միջատներից սարսափողների համար ևս մտածել են՝ վրանների ցանցե «պատուհանները» կապահովեն մաքուր օդ ՝ առանց միջատների ներկայության:
8.Գիշերը ցրտից ինչ-որ մեկին գրկելու ցանկություն կարող է առաջանալ: Նախապես մտածեք այդ մասին: Գիշերը վրանում տաք է, երբ կա մեկը, ում կարելի է գրկել:
Տաթևիկ Սարգսյան
Նոթեր «SlackLife Armenia» փառատոնից