ԵՐԱԶԵԼՈՎ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ

2

  Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում կայացավ երկրորդ շրջանի առանցքային մրցավեճը: Կատալոնիայի մայրաքաղաքում առաջատար «Բարսելոնան» ընդունել էր երկրորդ տեղում ընթացող «Ատլետիկոյին»: Ակումբների հավաքած միավորների միջև տարբերությունը դեռևս մեկ ամիս առաջ հասնում էր 11 միավորի, և իրենց սիրելի ակումբի ուժերին չափազանց վստահ որոշ երկրպագուներ «Բարսելոնային» արդեն վաղաժամ թագարդել էին: Մինչդեռ «Էսպանյոլի» (1:1), «Խետաֆեի» (0:0) և «Լաս Պալմասի»(1:1) հետ ոչ-ոքիներից հետո «Բարսայի» և «Ատլետիկոյի» տարբերությունը հասել էր 5 միավորի:

Չեմպիոնական ինտրիգը վերածնվել էր, իսկ Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթանակի դեպքում թիմերին կբաժաներ  ընդամենը 2 միավոր: Դեռևս մրցաշրջանի առաջին ամիսներին, երբ Մադրիդի «Ռեալը» անահաջող էր մեկնարկել, իսկ «Բարսային» հետապնդում էին «Վալենսիան» և «Ատլետիկոն», իսպանական լրատվամիջոցներն անընդհատ շեշտում էին «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև մեծացող անդունդը, կարծես անտեսելով և չհամարելով «Վալենսիային» և «Ատլետիկոյին» իրական մրցակիցներ: Այժմ «Ռեալը» ամբողջ 15 միավորով է հետ մնում «Բարսելոնայից». այս պարագայում միայն նախորդ մրցաշրջանի չեմպիոն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու թիմի պաշտպան Դանիել Կարվախալն են հավատում, որ իրենց թիմը կարող է շարունակել մասնակցել չեմպիոնական մրցավազքին: «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» կիրակնօրյա խաղում որոշիչ եղավ Լիոնել Մեսսիի` տուգանային հարվածով խփած սիրուն գնդակը: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով: «Բարսելոնան» լիովին չեզոքացրեց մրցակցին՝ դրա  իրականացման ընթացքում գրեթե չփայլելով հարձակման գծում:

Դժվար է հիշել, թե Սիմեոնեի գլխավորած «Ատլետիկոն» վերջին անգամ երբ էր նման անօգնական տեսք ունեցել: Հատկապես ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Անտուան Գրիզմանը, որին ամռանը կարծես թե սպասվում է «Բարսելոնայի» «7» համարի խաղաշապիկը, բացարձակ աննկատ էր, իսկ հարձակվող Դիեգո Կոստան մնացել էր Ժերար Պիկեի և Սամուել Ումտիտիի ստվերում: Այս խաղում Մեսսին խփեց իր պրոֆեսիոնալ կարիերայի 600-րդ գոլը(539-ը` «Բարսելոնայի», 61-ը` Արգենտինայի հավաքականի կազմում) անցկացնելով 747 հանդիպում: Շատերն են հավատում, որ Մեսսին այլմոլորակային է: Իսկ կիրակի օրը «Նոու Կամպ» խաղադաշտում լավագույնը Ժերար Պիկեն էր, ով «աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանի» տիտղոսին արժանի խաղ ցուցադրեց:

Երեկոն հատկանշական էր «Բարսելոնայի» ղեկավար Էռնեստո Վալվերդեի համար. բասկ մարզիչը «Վալենսիայի», «Ատլետիկի» ղեկին 9 խաղ էր անցկացրել Սիմեոնեի «Ատլետիկոյի» դեմ և երբեք հաղթանակ չէր տարել: Մյուս կողմից Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ վերջին 23 խաղում ընդամենը երկու հաղթանակ է տարել (երկու դեպքում էլ` Չեմպիոնների լիգայում), թեև 2014 թվականի մայիսի 17-ին Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ատլետիկոն» կարողացավ ոչ-ոքի կորզել հենց «Նոու Կամպում», ինչը չեմպիոնական իսկական հաղթանակ էր, որովհետև «Ատլետիկոն» այդ ոչ-ոքիի շնորհիվ դարձավ չեմպիոն, իսկ «Բարսելոնան» մնաց երկրորդ տեղում:

Իսպանիայի այս առաջնությունում նշանակալի իրադարձություն կարող է տեղի ունենալ 36-րդ տուրում, մայիսի 6-ին: Այդ օրը «Ռեալը» այցելելու է «Նոու Կամպ»: Բանն այն է, որ Իսպանիայում գործող ավանդույթի համաձայն, եթե որևէ թիմ ժամանակից շուտ ապահովում է չեմպիոնի կոչումը, այդ պահից սկսած, մինչև մրցաշրջանի ավարտը չեմպիոնի մնացած մրցակիցները խաղը սկսում են յուրահատուկ հարգանքի տուրքով` «չեմպիոնական միջանցքով»: Որպեսզի «Ռեալը» «չեմպիոնական միջանցք» բացի և ծափահարություններով դիմավորի իր ամենասկզբունքային մրցակցի` «Բարսելոնայի» խաղացողներին, հարակավոր է, որ մինչ 36-րդ տուրի մեկնարկը «Բարսելոնան» նվազագույնը 9 միավորի առավելություն ունենա երկրորդ տեղում գտնվող թիմի նկատմամբ: Այս պահին «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» տարբերությունը 8 միավոր է: Հատկանշական է, որ այդ հնարավոր «չեմպիոնական միջանցքը» յուրատեսակ վրեժ կլինի «Ռեալի» նկատմամբ, որի համար ուղիղ տասը առաջ` 2008 թվականի մայիսի 7-ին, Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում «Բարսելոնան» էր կազմակերպել «չեմպիոնական միջանցք»:

«Բարսելոնայի» հետ կապված ևս մեկ ինտրիգ է մնում` անպարտելիությունը: 27 տուրից հետո «Բարսելոնան» տարել է 21 հաղթանակ և 6 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Արդյո՞ք Մեսսին և ընկերները կկարողանան մինչ առաջնության ավարտը անպարտելի մնալ:

27-րդ տուր
«Նոու Կամպ» մարզադաշտ, մարտի 4, 2018 թ.
«Բարսելոնա» – «Ատլետիկո»` 1:0
Գոլը` Լիոնել Մեսսի` 26՛:

Գարեգին Ալեքսանյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register