«ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ԱՐՔԱՅԱԿԱՆ ՎԵՐՋՆԱԿՈՐԴԸ

27

 Դեկտեմբերի 23-ին կայանալիք  «Էլ կլասիկոյի» նախօրեին՝ ֆուտբոլասեր հանրությունը կրկին բաժանվել էր երկու ճամբարի: «Բարիկադի» հակառակ կողմերում էին հայտնվել Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» հավատավոր երկրպագուները: Այս  դիմակայությունն այնքան խոր ու բազմաշերտ հիմք ու նախապատմություն  ունի, որ գոնե այս պարագայում «ֆուտբոլը միայն մարզաձև է» միտքը աբսուրդ է հնչում: Սա ազգային  շաղախ ունեցող ֆուտբոլային  դիմակայություն է: Կատալոնիան ձգտում է անկախության: Հոկտեմբերի 1-ին  անցկացված անկախության հանրաքվեի ընթացքում կատալոնացիների 90 տոկոսը կողմ քվեարկեց Իսպանիայի կազմից դուրս գալու որոշմանը: Մարզն ունի այլ լեզու ու մշակույթ: Այնպես որ, սպորտը վաղուց  անտի՝ քաղաքականության մաս է կազմում և «Էլ կլասիկոն» դրա լավագույն օրինակներից է:

Մինչ «Լա լիգայում» անցկացվելիք  վերջին տուրը, «Ռեալը» նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը: Վերջերս «Ոսկե գնդակի» արժանացած Ռոնալդուն  այդ կապակցությամբ հայտարարեց. «Լավ կլիներ, եթե «Բարսելոնան» մեզ համար չեմպիոնական միջանցք բացեր»: Իհարկե, «Բարսելոնայում» սկզբունքային մրցակցին նման  «նվեր» մատուցելու մտադրություն ամենևին էլ  չունեին: «Բարսելոնայի» տնօրեններից Գիլերմո Ամորը, հստակ ներկայացրեց ակումբի դիրքորոշումը` «Մեր ակումբում նման կերպ մրցակցին շնորհավորում են՝ հաղթողի հետ նույն մրցաշարում մասնակցած լինելու դեպքում միայն»: Ի սեր անկեղծության հարկ է հիշեցնել, որ 2006 թվականին «Բարսելոնան» նման միջանցք կազմելով՝ շնորհավորել է ՈՒԵՖԱ-ի գավաթը նվաճած «Սևիլիային»: Ըստ էության, սակայն, դա կատալոնական ակումբի ֆուտբոլիստների կողմից  դրսևորած գեղեցիկ ժեստ էր, քանի որ առաջնահերթ նման միջանցք պետք է բացեր «Սևիլիան». «Բարսելոնան» խաղին ներկայացել էր որպես առաջնության վաղաժամ չեմպիոն: Ինչևէ:

Ինչպես հաճախ է պատահում շլացուցիչ հաջողություններից հետո՝ ակումբի խաղը «տեղատվություն» է ապրում: «Ռեալը» երկու տարի անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, վերջին մրցաշրջանում երկրի չեմպիոն դարձավ, նվաճեց այս կարևորագույն տիտղոսների արբանյակը համարվող` Եվրոպայի սուպերգավաթը, Իսպանիայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը: Այսքանով հանդերձ, թիմի խաղը Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հեռու է կատարյալ լինելուց: «Լա լիգայում»  «Ռեալը» մինչ «Էլ կլասիկոն»11 միավորով էր հետ մնում «Բարսայից», իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գրավեց երկրորդ տեղը`առաջ թողնելով «Տոտոնհեմին»: Առաջնությունում առաջատարից այսքան մեծ հեռավորության վրա գտնվելու պատճառով Զիդանի գլխավորած թիմին միայն հաղթանակը չեմպիոնական հետագա պայքարի որևէ շանս կտար: Այդ իսկ պատճառով էլ ֆրանսիացին դիմեց ռիսկի`Իսկոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Մատեո Կովաչիչին: Խորվաթը, ինչպես օգոստոսին Սուպերգավաթի համար առաջին խաղում(«Ռեալը» մրցակցի դաշտում հաղթեց 3:1 հաշվով), այս խաղում ևս  կարևորագույն առաջադրանք ուներ` անհատապես հսկել  Լիոնել Մեսսիին: Թվում է, թե անհատական հսկողությունը մնացել է անցած դարում, սակայն այս մրցաշրջանի արդեն երրորդ խաղում է, որ խաղացողներից մեկին փորձում են «սոսնձել» Մեսսիին: 6-րդտուրում կատալոնական «Ժիրոնայի» հետ արտագնա խաղում Մեսսիին հսկելու առաջադրանք էր ստացել երիտասարդ, տաղանդավոր կիսապաշտպան Պաբլո Մաֆեոն: Նա, կարելի է ասել, չեզոքացրեց Մեսսիին, բայց իր թիմը պարտվեց 0:3 հաշվով: Ներկա պահին Մեսսին ավելի թիմային խաղացող է, քան մի քանի տարի առաջ, և նման դեպքերում ի շահ թիմի է գործում:

Դեկտեմբերի 23-ի խաղին 650 միլիոնից ավելի մարդ էր հետևում: Առաջին խաղակեսում տակտիկական կոշտ պայքար էր ընթանում.«Ռեալը» միացրել էր սուպերպրեսինգի ռեժիմը՝ շնչելու հնարավորություն չտալով «Բարսային»: Կողմերը թեպետ ունեցան հնարավորություններ, բայց առանց գոլի հեռացան ընդմիջման: Երկրորդ խաղակեսում արդեն «Ռեալը» կարծես ուժ չուներ ակտիվ պրեսինգի և ազատ տարածություններ ստացած «Բարսելոնան» վերածվեց «մահաբեր գազանի»: Վերադառնալով Կովաչիչի և Մեսսիի հարաբերություններին խաղադաշտում, նշենք, որ թեև առաջին գոլի դեպքում գնդակն ընդհանրապես Մեսսիի ոտքին չդիպավ, բայց նրա դերը մեծ էր գրոհի զարգացման առումով: Նա իր հետևից տարավ Կովաչիչին` ազատ միջանցք բացելով Իվան Ռակիտիչի համար: Թիմային հրաշալի գրոհը եզրափակեց Լուիս Սուարեսը: Գոլին հետևած սուր գրոհներից մեկի ընթացքում մադրիդցիների պաշտպան Դանի Կարվախալը դարպասապահի պարտականություն ստանձնեց` ձեռքերով հեռացնելով դեպի դարպաս սուրացող գնդակը և միանգամից կարմիր քարտ ստացավ, իսկ նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Մեսսին: Հանդիպման ավարտից մեկ րոպե առաջ էլ Մեսսին գոլային փոխանցում կատարեց Ալեիշ Վիդալին. արձանագրվեց խոշոր՝ 3:0 հաշիվ:

Շնորհիվ այս խաղի՝ արգենտինացի սուպերաստղը մի քանի ռեկորդ սահմանեց: Նա 25 գոլով դարձավ «Կլասիկոյի» պատմության լավագույն ռմբարկուն, բացի այդ շրջանցեց ԳերդՄյուլլերի` մեկ ակումբի կազմում խփած գոլերի ռեկորդը: Այժմ արգենտինացին «Բարսայի» կազմում իր հաշվին ունի 526 գնդակ:Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» արդեն 14 միավորով է առաջ  անցնում «Ռեալից»(թեև  արքայական ակումբը մեկ խաղ պակաս է  անցկացրել): Էրնեստո Վալվերդեի թիմի հիմնական հետապնդողն այս պահին Մադրիդի «Ատլետիկոն» է, որը հետ է մնում 9 միավորով, 3-րդ տեղում «Վալենսիան» է (հետ է մնում 11 միավորով): «Ռեալը» 4-րդն է:  Իսպանիայի առաջնությունում խաղերը վերսկսվելու են հունվարի 6-ից:

Հ.Գ. Առաջիկա օրերին ֆուտբոլի առաջնությունը շարունակվելու է միայն Անգլիայում: Եթե ցանկանում եք ֆուտբոլ դիտել, ապա  տեղեկացնենք, որ դեկտեմբերի 26-ին և 27-ին, 29-ին, 30-ին, նույնիսկ 31-ին և հունվարի 1,2,3-ին խաղեր են նախանշված: Դեկտեմբերի 26-ին, ժամը19.00-ին՝Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Բարնլիի», դեկտեմբերի 30-ին, ժամը 21:30-ին՝ «Սաութհեմփթոնի» և հունվարի 1-ին, ժամը 21:30-ին՝ «Էվերթոնի» հետ:

Գարեգին Ալեքսանյան  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register