«ՉՔՆԱՂ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ»

1

 Մայրաքաղաք Երևանում անցկացված գրքի առաջին փառատոնն իր տեսակի մեջ եզակի էր: Նոյեմբերի 24-26-ը՝ «Հանրապետության հրապարակի» տարածքում գտնվող ԱԳՆ-ի նախկին շենքում 25 հրատարակչություններ ներկայացրեցին իրենց գրքերը, տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ, որոնցից մեկն էլ՝ անգլիացի գրող, փիլիսոփա Օլդոս Հաքսլիի ամենահայտնի` «Չքնաղ նոր աշխարհ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր: Գրքի հրատարակումը նախաձեռնել է «Զանգակ» հրատարակչությունը, հայերեն թարգմանությունը` Լիլիթ Հայրապետյանը:

2

Եվգենի Զամյատին՝ «Մենք», Ջորջ Օրուել՝ «1984», Ռեյ Բրեդբերի՝ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի», Ստրուգացկի եղբայրներ՝ «Մարդաբնակ կղզին»… Այս գրքերը համարվում են քսաներորդ դարի հակաուտոպիստական գրականության գոհարները: Նրանց շարքին վստահորեն կարելի է դասել նաև Օլդոս Հաքսլիի՝ 1932 թվականին հրատարակած «Չքնաղ նոր աշխարհ» ֆուտուրիստական վեպը: Տեխնիկական վիթխարի առաջընթացը քսաներորդ դարում գրողներին հիմք է տվել երևակայել ու անդրադառնալ վերահսկվող գիտության՝  արվեստի, կրոնի և ազգայնականության հանդեպ տարած հաղթանակին: Այսպիսի աշխարհ է պատկերում Հաքսլին: Չկան պետություններ, կա մեկ ընդհանուր համաշխարհային գերտերություն, մարդիկ այստեղ չեն ծնվում բնական ճանապարհով, նրանք բուծվում են հատուկ ինկուբատորներում` դրանց համար նախատեսված փորձանոթների մեջ, խիստ վերահսկողության ներքո: Մարդիկ բաժանված են հստակ դասակարգերի, դեռևս ծնվելուց առաջ է կանխորոշվում նրանց աշխատանքային ոլորտն ու ֆիզիկական չափսերը:

 «Չքնաղ նոր աշխարհում» նկարագրված կառավարվող ենթագիտակցության աշխարհը սարսափազդու է: Գրքի յուրաքանչյուր հաջորդ էջը կարդալիս, մտածում ես` «սա վերջն է, ավելի վատ էլ հնարավոր չէ,որ լինի», բայց քիչ անց՝ կառավարման հաջորդ շշմեցուցիչ գործիքն է քեզ շանթահարում: Ամենասարսափելիներից մեկն, օրինակ, այն է, թե ինչպես են մանկանց ենթագիտակցության մեջ  «սրսկում» բնության հանդեպ ատելությունը: Սկզբից երեխաներին ցուցադրում են վարդերով լի ծաղկամաններ, գունազարդ գրքեր` ձկան, թռչնի կամ որևէ այլ կենդանու նկարով: Հատակին տեղավորված փոքրահասակները բնականաբար ձգվում, սողում են դեպի պայծառ պատկերները, խաղում գրքերի հետ, ճմրթում վարդերը… Այնուհետև բուծարանի և դաստիարակման կենտրոնի աշխատակիցները էլեկտրական ցնցումների են ենթարկում հատակը և այսպես բազմաթիվ անգամ, օրեր շարունակ: Արդյունքում` մանուկների գլխուղեղում ծաղիկներն ու գրքերն ասոցացվում են ցավի, աղմուկի ու տհաճության հետ: Ինչպես գրքում է նշվում` «այն, ինչ մարդը միավորել է, բնությունը բաժանել անզոր է»:

Սարսափելի է նաև այսպես կոչված քնուսուցման մեթոդը, երբ քնած երեխաներին բարոյական կրթություն են ուսուցանում: Օրինակ` գրքում շրջանառվող առանցքային մտքերից մեկն այսպիսին է` «Ամեն ոք պատկանում է այլոց»: Այն հարյուր անգամ կրկնվում է շաբաթը երեք գիշեր՝ չորս տարի շարունակ: Կամ վաթսուներկու հազար չորս հարյուր կրկնություն… և միտքը դրոշմվում է մարդու ուղեղում: Առանձին քննարկման նյութ են «սոման» և մնացած «հրաշալիքները» :  Գրքում նկարագրված սպառողական հասարակության իդեալական համակարգի նշանաբանն է` «Համայնություն, նույնականություն, կայունություն»:  Վարքագծով իրար անչափ նման մարդիկ, որոնք իրենց լավ են զգում ամբոխի մեջ: Մտածելու գրեթե նյութ չունեն, ինքնուրույն արարքներն իսպառ բացակայում են: Բժշկության զարգացմամբ` կան այսպես կոչված բուռն կրքի սուրոգատներ, որոնք մշակված համապատասխան չափաբաժիներով փոխարինում են ադրենալինին, «կանոնակարգում» վախը, զայրույթն ու կիրքը: Գոյություն ունեն սեռահորմոնի մաստակներ և զգայաֆիլմեր: Իսկ այս ամենի բարձրագույն մակարդակը պարբերաբար բաժանվող «սոմա» կոչվող թմրանյութն է. «Մշտապես կա սոման՝ իրականությունից կտրվելու համար: Սոման, որը կնվազեցնի զայրույթը, կհաշտեցնի քեզ թշնամիներիդ հետ, կդարձնի քեզ հանդուրժող ու համբերատար: Նախկինում մարդը կարող էր հասնել սրան միայն վիթխարի ջանքերի ու տքնաջան հոգևոր մարզումների միջոցով: Այժմ կուլ ես տալիս երկու-երեք կես գրամանոց հաբ և՝ վերջ: Ամեն ոք կարող է առաքինի լինել այսօր: Սեփական բարոյականության առնվազն կեսը կարելի է պահել մի սրվակում: Քրիստոնեություն առանց արցունքների. ահա թե ինչ է սոման»:

3

Սթափեցնող ապագա

Հաքսլին 1920-ականներին «Իթըն» քոլեջում (Անգլիայի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկը) դասավանդել է Ջորջ Օրուելին: 1949 թվականին, «1984» վեպի հրատարակության առիթով  նա նամակ է գրում նախկին աշակերտին` գովեստի խոսքեր ասելով, սակայն, միևնույն ժամանակ նշելով, որ իր տեսլականն ավելի մոտ է իրականություն դառնալուն: «1984»-ում նկարագված է բռնատիրական ռեժիմ, հալածանք, սադիզմ… մինչդեռ «Չքնաղ նոր աշխարհ»-ում բոլոր դասակարգերը (նույնիսկ ամենացածրերը` էպսիլոնները) երջանիկ են: Այնուհանդերձ, մեր օրերում տեսանելի են քսաներորդ դարում գրված հակաուտոպիստական տարրեր: Դժվար է ասել, թե որ տարբերակը իրականություն կդառնա (երևի լավ կլինի` ոչ մեկը), սակայն ակնհայտ է, որ աշխարհը շարժվում է դեպի ուտոպիաները: Գուցե մեր` բոլորիս խնդիրն է, որ փորձենք կերտել ավելի ազատ և սակավ իդեալական աշխարհ ապագայի համար:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register