ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԳԱՂԹԱԾ ԻՍՐԱԵԼՈւՀԻՆ

Maya-Adivi5

Ժամանակակից հայի համար արտագաղթը սովորական, ավելին, որքան էլ պարադոքսալ հնչի՝ «բնականոն» երևույթ է դարձել:Հայաստանում դժվարությամբ կգտնես մեկին, ով դրսում ապրող, աշխատող հարազատներ չունենա: Ցավալի է, բայց փաստ, շատ ընտանիքների տղամարդիկ՝ տարվա մեծ մասն անցկացնում են օտար երկրներում, ու միայն աշխատանքային սեզոնի ավարտին են կարողանում վայելել ընտանեկան կյանքի բերկրանքը, լինել հայրենիքում: Արտագաղթի մեծ տեմպերին հակառակ, Հայաստանը շարունակում է գրավիչ մնալ օտարերկրացիների համար: Մեր մշակույթը, հյուրընկալությունը, խոհանոցը, աշխարհագրական դիրքն ու բնակլիմայական պայմանները նրանց իսկական դրախտ են հիշեցնում: Մայա Ադիվին նրանցից մեկն է, ով 3 տարի առաջ տեղափոխվել է Հայաստան ու աշխատանքի անցել «Նաիրիան» ընկերությունում:

– Մայա, ինչո՞ւ որոշեցիր Հայաստան տեղափոխվել:
– Ծնվել եմ Իսրայելում: Տեղափոխվել եմ Հյուսիսային Ամերիկա, երբ 11 տարեկան էի: Կյանքիս մեծ մասն ապրել եմ Տորոնտոյում: Այնտեղ ես մեյքափ արվեստ սովորեցի, հետո սկսեցի աշխատել որպես կոսմետոլոգ, սկսեցի խորհրդատվություն տրամադրել մաշկի խնամքի հետ կապված… 3 տարի առաջ, երբ ընկերս աշխատանքի անցավ հայաստանյան ֆիլմարտադրող ընկերություններից մեկում, մտածեցի, որ ինչ-որ նոր բան փորձելու ճիշտ ժամանակն է: Որոշեցի գալ Հայաստան, մի քանի ամիս մնալ այստեղ, միանալ «Armenian Volunteer Corps»-ին: Հենց այդպես էլ ես գտա «Նաիրիանին», այնտեղ պրակտիկա անցնելու հնարավորություն ստացա: Այդ ժամանակ ընկերությունն իրոք փոքր էր: Վաճառքի և մարքեթինգի թիմ՝ որպես այդպիսին, համարյա չկար: Պրակտիկան դարձավ աշխատանք, ու ես որոշեցի ավելի երկար մնալ:

Maya-Adivi4

– Ի՞նչ աշխատանք էիր կատարում «Նաիրիանում»:
– Սկզբում փոքրիկ բուտիկում մեկ վաճառող ունեինք. վաճառողը թեև լավն էր, բայց անգլերեն չէր խոսում: Նրանք պատրաստվում էին նոր մասնաճյուղ բացել և ցանկանում էին, որ վաճառքի մենեջերներին ինչ-որ մեկը սովորեցնի, թե ինչպես վաճառի, բացատրի, թե ինչ են իրենցից ներկայացնում վաճառվող ապրանքները և ինչպես են դրանք ներգործում… Ես կազմեցի ծրագիրը: Այնուհետև, երբ «Նաիրիանը» սկսեցին արտահանել, գնորդները խնդրում էին աջակցել ապրանքները ներկայացնելու հարցում… Սկսեցի աշխատել նաև այդ ուղղությամբ: Հիմա արտահանում ենք Ռուսաստան, Հյուսիսային Կորեա, Ճապոնիա, ԱՄՆ… Սա ամբողջ թիմի ձեռքբերումն է:

– Ինչպե՞ս է Հայաստանում կյանքն ընթանում քեզ համար:
– Ինձ դուր է գալիս (ժպտում է՝ հեղ.): Դժվար է, բայց կարող էր ավելի դժվար լինել:Ես սիրում եմ այն կյանքը, որն ապրում եմ:

– Ի՞նչ դժվարությունների ես բախվել այստեղ, մշակութային տարբերությունները շա՞տ են:
– Լեզվական խոչընդոտն ամենալուրջն էր: Հիմա արդեն՝ հայերեն հաղորդակցվում եմ, սակայն առաջին 7 ամիսների ընթացքում լեզվական առումով դժվարություններ ունեի: Ես սիրում եմ հայկական մշակույթը: Այն նման չէ մյուսներին: Կարծում եմ՝ 80-ականների և 90-ականների տրավմայից հետո՝ այն դեռևս ամբողջությամբ չի ապաքինվել: Դա շատ նկատելի է: Ենթակառուցվածքներն այստեղ շատ անհամաչափ են զարգացած, շինություններն անկանոն են, գումար ծախսելու ձևն այլ է…
Ես եկա՝ ակնկալելով տեսնել մի երկիր, որն ավելի պահպանողական է քան Կանադան, ես եկա՝ իմանալով, որ հյուրընկալ երկիր եմ գալու: Բայց պատահական մարդկանց կողմից ֆեյսբուքով ինձ ուղարկված ընկերության հայտերն ինձ համար մի փոքր շոկային էին (ժպտում է՝ հեղ.): Մարդիկ չճանաչելով ինձ՝ հաղորդագրություններ էին ուղարկում… Ես ապշած էի: Երկար ժամանակ պահանջվեց մինչև հասկացա, որ ընդամենը պետք է «իգնոր» անեմ:

– Արդեն 3 տարի է այստեղ ես: Ի՞նչ է փոխել քո կյանքում Հայաստանը:
– Շատ բան: Ես լեզուն եմ սովորել.դա մեծ, մեծ փոփոխություն է: Ես որպես անձ աճեցի, դարձա ավելի անկախ, ավելի ինքնաբավ, բարձրացավ ինքնագնահատականս… Գուցե դա տարիքի հետ էլ էր կապված, չգիտեմ: Սոցիալական ցանցերի, մարքեթինգի, լավ գրելու հետ կապված շատ հմտություններ ես այստեղ եմ ձեռք բերել…
Տորոնտոն բազմամշակույթ քաղաք է, իմ բնակավայրի հարևանությամբ կարող էիր գտնել 20-30 տարբեր խոհանոցներ, համային տարբեր վարիացիաներ: Երևանում նման բազմազանություն չկա: Երևանը մեկ մշակույթ ունեցող քաղաք է: Հայկական ուտեստները շատ համեղ են: Դրանցում շեշտը դրվում է թարմ մթերքի, խոտաբույսերի վրա և դա հիանալի է: Ես բուսակեր եմ. շատ հեշտ է Երևանում բուսակեր լինելը: Փորձել եմ բանջարեղենի խորոված, իմ սիրելի ուտեստն ավելուկն է, նրանով պատրաստված ապուրը, աղցանը, ավելուկով ամեն ինչ, եղինջը, ժենգյալով հացը…
Շատ եմ ճամփորդել Հայաստանում: Եղել եմ Գորիսում , Տաթևում, Խնձորեսկում, այցելել եմ Նորավանք, Արենի, Դիլիջան, Գյումրի, Սևան… Շատ սիրեցի Դիլիջանը: Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Վանաձորը հատուկ տեղ ունի իմ սրտում: Երբ նոր էի եկել, թատերական մեյքափի դասեր էի տալիս: Առաջին անգամ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում պետք է դաս տայի: Երբ առաջին անգամ տեսա Վանաձորը, միանգամից սիրեցի այն, հիմանալի ժամանակ ունեցա այնտեղ… Իսկ տեղի երիտասարդները շատ տաղանդավոր և խարիզմատիկ էին:

– Ի՞նչ ծրագրեր ունես, որտեղ ես տեսնում քեզ հետագայում:
– Հայաստանում գտնվելու ժամանակն ինձ համար, ցավոք, ավարտվեց: Երկու ամսից մեկնելու եմ Իսրայել, ապա վերադառնալու եմ Կանադա: Հուսով եմ՝ կշարունակեմ աշխատել «Նաիրիանի» հետ, երբ աճի ավելի մեծ հնարավորություններ կլինեն ինձ համար, գուցե որպես ֆրիլանսեր… Չգիտեմ՝ ապագան ինչ է պատրաստել ինձ համար, բայց մի բան կարող եմ ասել՝ ես կվերադառնամ Հայաստան, քանի որ այս երկիրը դարձել է իմ մի մասը:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի  

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register