ԾԱՂԿԱԶԱՐԴ. ՄԱՆՈՒԿՆԵՐԻ  ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

55

Սուրբ  Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ավետարանիչները պատմում են, որ երբ Հիսուսը հանդիսավոր մտել է Երուսաղեմ՝ հրեաների հոգևոր կենտրոն, ժողովուրդը նրան դիմավորել է մեծ խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերով՝ որպես հաղթած արքայի, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և երգելով. «Օվսաննա Բարձրյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:

Համաձայն եկեղեցու հայրերի հիշատակումների՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերից ազատվել, ոստեր և ճյուղեր ընծայելը՝ առանձնակի պատիվներով ու հանդիսավորությամբ արքայի առաջ խոնարհվել: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն էր տվել, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան՝ եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, որ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ծաղկազարդի ոստերը քրիստոնյաները պահպանում են ողջ տարի՝ մինչ մյուս Ծաղկազարդ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Ծաղկազարդը  տոնեց մարտի 25-ին: Տարեցտարի առանձնակի ոգևորությամբ  և խանդավառությամբ  է նշվում տոնը մեզանում: Ավելին,  այն առանձնահատուկ տեղ և մեծ խորհուրդ ունի ազգային տոնացույցում. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր: Ամեն տարի այս օրը հայկական յուրաքանչյուր բնօրրան, կարելի է ասել, վերածվում է յուրօրինակ ծաղկի քաղաքի, դրանով իսկ նաև ազդարարելով գարնան գալուստը:

Փողոցները զարդարվում են գույնզգույն ծաղիկներով և օրվա խորհրդանշով՝ ուռենու ոստերով: Հայաստանյայց  բոլոր եկեղեցիներում տոնական եռուզեռն այդ օրը չէր դադարում: Վաղ առավոտից մանուկների հետ բոլորը շտապում էին եկեղեցի՝ ժամ առաջ օրհնություն ստանալու՝ փոքրիկներին անմիջական հաղորդակից դարձնելով օրվա խորհրդին: Ու թեպետ ավանդույթի համաձայն ուռենու ոստերը պետք է անվճար բաժանվեին մարդկանց, սակայն այդ օրը, ցավոք, եկեղեցիների մերձակայքում, և ինչու չէ, ամեն քայլափոխի, վաճառվում էին ուռենու ոստեր, խորհրդանշական հուշանվերներ՝ օրը նաև տոնական բիզնեսի վերածվելով: Ինչևէ, Ծաղկազարդը մեր ամենագեղեցիկ, պայծառ և սիրված տոներից մեկն է ու ոչինչ չի խանգարում այն իսկական տոն դարձնելու և սերունդների մեջ հավատն ավելի ամրապնդելու համար. չէ որ առաջիկա կիրակին՝ Սուրբ Զատիկն է:

Ծաղկազարդը խորհրդանշում է բնության գարնանային զարթոնքը: Հնավանդ սովորույթներով՝ հայոց լեռնաշխարհի տարբեր անկյուններում ճոճանակի վրա ճոճել են չամուսնացած աղջիկներին՝ համոզելով, որ ասեն սիրեցյալների անունները, մոմերով ու մրգերով ծառ են զարդարել: Սիրահարված պատանիներն իրենց ընտրյալներին նվիրել են զարդարուն մոմի վրա անցկացրած արծաթե մատանի, և այս փոքրիկ ծիսակարգով իրենք նշանված են համարվել: Նորահարսերն այցելել են ծնողներին: Երեխաները՝ ուռենու ճյուղերը ձեռքներին, երգերով շրջել են տնետուն ու հավաքել հավկիթներ, որ պիտի մեկ շաբաթ անց կարմիր ներկվեին:

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register