ՄԵԿ ԳԴԱԼ ՁՅՈՒԹԻ ՈՒ ՄԵԿ ՏԱԿԱՌ ՄԵՂՐԻ ՄԱՍԻՆ

2

Ազգը  չքավորության մեջ տեսնելով ոմանք շփոթմամբ կարծում են, թե հայը մշտապես դատապարտված է այսպիսին  լինելուն,որ  դա պայմանավորված է ազգի էությամբ, որ  մենք այնքան ապաշնորհ ենք, որ մեր իսկ ձեռքերով՝  առանց որևէ արտաքին ազդեցության, խորտակել ենք մեր ապագան, և որ այս խորը տիղմի մեջ ընկղմված լինելով այլևս չենք կարողանա դուրս պրծնել դրա ճիրաններից: Այո, մեր իշխանների, երբեմն նաև հոգևոր գործիչների սխալների պատճառով պատմության ողջ   ընթացքում մեր  ազգը հաճախ տուժել է: Մեկ անարժանի շահասիրության և դյուրակեցության պատճառով հաճախ թագավորություններ են կործանվել: Սակայն գաղտնիք չէ նաև, որ ամեն խուլ գիշերվան հաջորդել է պայծառ լուսաբացը: Ցանկացած անկման,ցանկացած տեղատվության հաջորդել է ավելի վեհ թռիչքը:

Մեր  ազգային  թերությունները  վարագուրելը խելացիության նշան  է, բայց  այդ թերությունները  չճանաչելը՝  մեծ անխելքություն:  Թերություններն  անընդհատ ազգի երեսով տալը, ողբալը, արհամարհելը մարդուն կոտրում են, թուլացնում, թևաթափ անում, հուսահատեցնում: Միշտ  գովելն ու բացառապես  դրականի մասին խոսելն էլ մարդու սիրտ է ուռճացնում, միտքը կուրացնում՝ դարձնելով սնապարծ ազգասեր, ծառից  պոկված տերևի նման՝ ում ամենանուրբ  սյուքն  անգամ կարող է իր ուզած ուղղությամբ քշել: Հարկ չկա ընդհանուր հուսահատության մեջ մի ճոճվող սյուն, թերի օղակ գտնելով դարձնել այն քավության նոխազ՝ ամենի մեղքը բարդելով միայն դրա վրա: Հատկապես վերջին  տարիներին  որոշ  ոչ անպատեհ  քննադատությունների   արժանացավ նաև մեր  եկեղեցական  կառույցը: Արժեքների  ճգնաժամի  բիրտ «թռչունն» այս անգամ այդտեղ էլ բույն դրեց: Որևէ քայլ անելուց առաջ, սակայն, չպետք է մոռանալ, որ շուրջ 2 հազարամյակ հենց  հայոց  եկեղեցին  է եղել հայ  ինքնության   պահպանման   գլխավոր երաշխավորներից մեկը՝ (հաճախ միակը կամ վերջինը) Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապաստանած հայերի համար: Հոգևորականությունը մշտապես մասնակցություն է ունեցել ազատագրական շարժումներին, պատերազմական իրավիճակներում՝  հաճախ  նաև զինված մասնակցելով   իր  հոտի պաշտպանությանը: Պետք չէ մոռանալ նաև մեր եկեղեցու կարևոր   սկզբունքներից  մեկը. հայոց տոնացույցի  հայազգի  սրբերը  կամ հայրենիքի համար ընկած  հերոս նահատակներ են, կամ էլ հայ մշակույթի մեջ իրենց ավանդը թողած գործիչներ: Այսինքն,  հայ եկեղեցու կողմից  սուրբ  հռչակվելու  համար  բավարար   չի   եղել ընդհանուր քրիստոնեական սրբակենցաղությունը և ճգնությունը: Էական է եղել նաև հայրենիքի պաշտպանությունը և մշակույթի  զորացմանը միտված նպաստը:

Միգուցե հերթը հիմա ժողովրդինն է սկզբունքորեն զորակցելու իր եկեղեցական կառույցին, որպեսզի այն վերագտնի իր երբեմնի արժեքները: Եկեղեցի այցելելը բանկային վարկի մարման նման պարտադիր արաք չէ: Եկեղեցին անհոգ կյանքի ոսկե տոմսեր բաժանող կառույց չէ: Հոգևորականներն ու  նրանց աղոթքներն  էլ շամանական  հմայիլներ  չեն,  որոնք  կարելի է մեքենայից   կամ   թանկարժեք ժամացույցից  կախել՝ փորձանքից  կամ հանկարծահաս կորստից խուսափելու համար:

Ծայրահեղություններից հարկավոր է զերծ մնալ: Եթե ցանկանում եք, որ ինչ որ բան փոխվի, պետք է պատրաստ լինեք անելու առաջին  համարձակ քայլը: Հավատացեք ինքներդ ձեր ուժերին: Մի կորցրեք միասնաբար հաջողության  հասնելու հույսը: Այն  պարզ սպասում չէ, ոչ էլ սովորական ցանկություն: Հույսը կամավոր, բայց մեծ վճռականության դրսևորում է: Ստեղծված իրավիճակը առավել ճշգրիտ է բնորոշել հայ  մտավորականներից  մեկը . «Ինչպես խարիսխն է ալեկոծության  ժամանակ նավին  փրկում խորտակումից, այնպես էլ հույսն է նեղության ժամանակ մարդուն փրկում վտանգից»:  Այնտեղ ուր կա հույս, ամեն բան էլ կգտնվի:  Հավատացեք, որ կարող եք դիմակայել ցանկացած մարտահրավերի, քանի որ որքան էլ  անթափանց թվա արևակուլ մշուշը,միշտ և ամենուր կան մշտարթուն փարոսներ, որոնց լույսը հնարավոր չէ անթեղել:

 

Արարատ  Սահակյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register