ԵՂԻՑԻ ԿԱՄՔ ՔՈ  

2

Հայր մեր, որ երկնքում ես. բարձրաձայնում կամ ներքուստ վերև ենք հղում մեր ակնկալիքներն ու ցանկությունները, սպասումով, որ ամենատես Աստված կտեսնի մեզ ու կլսի մեր ձայնը:

Այսօր գիտական շատ տեսություններ կան, որոնք փորձում են ամենայն մանրամասներով վերլուծել, պարզաբանել կրոնական շատ հարցեր, ընդ որում՝ աթեիզմից, այսինքն` ժխտումից սկսած: Նման նյութերը հաճախ ինձ անհանգստություն են պատճառում, քանի որ մտածում եմ, որ մարդն իր քիթն ամեն տեղ չէ, որ պիտի խոթի:

Հավատն աշխարհին բազում կրոններ է բերել, գուցե և հակառակը, չնայած հակված եմ կարծելու, որ հենց հավատի պահանջմունքն է կրոններ ծնել, բազմազանություն ապահովել տարբեր ազգերի ու ժողովուրդների համար: Աշխարհն աշխարհով, իսկ մենք՝ հայերս, մեր հավատի մեջ էլ ուրիշ ենք. քրիստոնեությունը հին ազգերից է եկել ու մենք հնագույններից լինելով, ընտրել ենք այն՝ հրաժարվելով բազում աստվածներից, ապավինելով մեկին ու միակին:

Քանդված մեհյանների տեղում քրիստոնեական տաճարներ են վեր խոյացել ու պատմության մեջ Հայաստանը դարձել է քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկիրը: Ճիշտ էր, թե սխալ, շտապկոտություն էր, թե իրատեսություն, դարձյալ գիտական շրջանակների պարզելիքն է: Ես այսօր ցանկանում եմ մեր հավատին նայել հնագույն ազգի ՝ քսանմեկերորդ դարի զավակի հայացքով: Դրա համար առնվազն մի քանի դար պետք է ետ գնալ փութով: Հասնել այն ժամանակները, երբ ներքին պառակտումներից ու արտաքին ագրեսիաներից ծվատված Հայաստանը պետականություն կորցրեց, երկար ժամանակով, դարերով:  Եկանք, հասանք մեր օրերին, մինչ այդ նաև խորհրդային աթեիզմը հաղթահարելով. երկնային հորը ժխտելով, երկրի վրա լենինաբար կուռք սարքեցին ու ափիոնի տեղ ժողովրդին մատակարարեցին, անընդհատ, նպատակասլաց: Հայ եկեղեցին ստվերում ու նաև սփյուռքի շնորհիվ, դիմագրավեց այս մի փորձությունը ևս ու բարեհաջող հաստատվեց անկախ Հայաստանում:

Քրիստոնեությունը իսկական վերելք ապրեց մեր երկրում, անգամ եթե առաջին հայացքից դա ծիսական մակարդակով է թվում. հաճախացած եկեղեցական այցեր, պարտադիր մկրտություն, օրհնության և այլ ծիսակարգեր, վերածնված եկեղեցական տոներ: Եկեղեցին ավելի վստահ մտավ մեր կյանք և դա հրաշալի է, քանի որ շատերին ստիպեց մեկ-մեկ էլ վերև նայել, զրուցել Աստծո ու ինքն իր հետ: Սա թույլ է տալիս, որ հավատն ավելի առարկայական ու ավելի անձնական դառնա: Եվ դարձավ:

ԵՎ ՄԻ ՏԱՆԻՐ ՄԵԶ  ՓՈՐՁՈՒԹՅԱՆ…

Օրեր առաջ մեր փոքրիկ երկիրն ալեկոծվեց աննախադեպ ու հակասական միջադեպից. պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացվեց, որ մեր մի խումբ զինյալ հայրենակիցներ կիրակնօրա մի լուսաբացի գրավել են պետական պահպանության ծառայության տարածքը, այսինքն մի հսկա զինանոց: Դատապարտելի արարք, որ ցանկացած բռնության նկատմամբ ենք տածում: Սակայն բավական է հիշել, չարդարացնելով բնավ, թե ովքեր էին զինյալները և բազում հարցեր ծագեցին: Մեծ մասամբ՝ անձնազոհ մարդիկ, որոնք կռվել ու հաղթել են Արցախում,մարդիկ,ովքեր ոչ մի կերպ չեն հաշտվում ներքին պարտության հետ: Նրանք չեն հաշտվում երկրի այսօրվա վիճակի ու Արցախի շուրջ երբեմն-երբեմն շրջանառվող պարտվողական քաղաքականության հետ ու այս կերպ են որոշել լսելի դառնալ վերևներին: Մի կողմ թողնելով ճիշտ ու սխալը, ես ցանկանում եմ այդ դժվար օրերի մեր ակնկալիքից խոսել. երկփեղկվել էինք հակասական ու իրարամերժ դիրքերից, պաշտոնական ու անմիջական  լրահոսերից, փողոց դուրս գալ-չգալուց: Երկու շաբաթվա ընթացքում երկփեղկումը սաստիկ խորացավ ու սպառնալից դարձավ: Երևի թե շատերն էլ ինձ պես այդ օրերին սպասում էին, որ մեկը գար ու մեր սրտի ու հոգու հետ խոսեր, խաղաղեցներ մեր խռովքն ու հաներ մեզ անորոշության, ցավի ու տագնապի ճիրաններից: Այդ մեկը մեր հավատի սպասավորը պիտի լիներ, քաղաքական գունագեղ գործիչներից ու նրանց պոպուլիզմից էլ շատ առաջ, հասարակական-քաղաքացիական հայտնի ու անհայտ դեմքերից էլ շատ առաջ: Մենք սպասում էինք, մենք ունեինք իր կարիքը, որովհետև միայն իրեն անվերապահ կհավատայինք և վստահ կլինեինք, որ հրապարակը հետին մտքով չի ծառայեցնում իր նկրտումներին: Պիտի գար ու տիրություն աներ հոտին, ավետարանական հովվի պես, բայց թողեց, որ հոտն ամբոխ դառնա, դառնությունը գլուխ բարձրացի: Փորձությունից ետ քաշող ձեռքը չզգացինք մեր թիկունքին, եղավ այն, ինչ եղավ:

Երբ հետ նայելով մտածում ու խոսում եմ այս մասին, կրկին երկփեղկվում եմ, հասկանալով, որ եթե այդ ամենադժվարին պահին մենք սպասել ենք Հավատի սպասավորին, նշանակում է  մենք իրեն կապված ենք, սիրում ու հավատում ենք, մենք մեր Հավատին տեր ենք:

Մենք Հաց բերող տղային այդ օրերի խորհրդանիշ դարձրինք, որովհետև հացի հետ նա բարություն ու հաշտություն էր բերում, մենք իրեն անվերապահ սիրեցինք ու հասկացանք, որ ինքը նաև հույս, հավատ ու սեր բերող է….

ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ…

Մեզանից շատերը, երբ ցանկանում են Աստծուն դիմել, ընտրում են իրենց սրտի խոսքը, իրենց միտքն են վերև առաքում: Սակայն անվիճելի է, որ մեր հրաշափառ Տերունական աղոթքն այնքան տարողունակ ու համապարփակ է, որ ամեն սրտի հետ է խոսում ու մեր բոլորի աղոթքն իր հովանու ներքո է երկինք հասնում:

Բոլորը չէ, որ անգիր գիտեն Տերունական աղոթքը: Գրաբարով՝ շատ ավելի քչերը: Բոլորը չէ, որ եկեղեցում պատարագի ու այլ ծիսակարգի մասնակցելիս հասկանում են հնչող աղոթքները: Ավելին, շատ քչերն են հասկանում: Մարդիկ ուղղակի իրենց հավատի ետևից են գալիս: Եկեղեցու գրաբարն էլ այն խոսուն ու հպարտության արժանի փաստերից է, որ մենք շատ հին ժողովուրդ ենք: Բայց քսանմեկերորդ դարում արժե նաև աշխարհի վազքին հետևել, փոփոխությունների արագությունն ընդունել, ու թույլ չտալ, որ եկեղեցին անցյալի վկա ու ներկայի ուղեկից մնա միայն: Եկեղեցին էլի պետք է տանող ուժ մնա, պետության հետ, պետության կողքին ու դրա ամենապարզ եղանակը մարդկանց հետ հասկանալի, պարզ լեզվով խոսելն է, այլ կերպ՝ մարդկերենով: Որ եկեղեցի մտածը կարողանա ընկալել ամեն մի խոսքը, որ իր հետ միայն արձագանքն ու խունկի հոտը չտանի, այլ՝ ունկերում հավատի ճշմարիտ ու իրեղեն ընկալումը:

Գուցե գեղեցիկ գրաբարից հետո մեր եկեղեցու սպասավորները զրուցեն մարդկանց հետ ու մեկնաբանեն Սուրբ Գիրքն առօրյա խոսքով, հավատացած եմ, շատերի սրտին կնստի: Խորհելու բան է, ես վստահ եմ, որ ինքս ժամերով կարող եմ լսել ու զրուցել այդպիսի սպասավորի հետ: Ուզում եմ եկեղեցին մեր կողքին լինի, պատնեշ կանգնի բռնության առաջ:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register