ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆԵԼՈՒ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

5

Օրն առիթ է դառնում խորհելու նաև հարցի ստվերոտ կողմերի մասին, մտքեր, որոնք գուցե շատերին հոգեհարազատ լինեն, կամ՝ հակառակը: Մինչ այդ սպասում էինք, որ հարյուրամյա տարելիցը կդառնա այն շեմը, որից այն կողմ աշխարհի ու ոճրագործի կողմից ճանաչված ու դատապարտված կլինի Եղեռնը: Լավ թե վատ, ճիշտ թե սխալ ջանքեր ուղղվեցին այդ նպատակին, սակայն մենք այսօր էլ չհասանք այդ ճանաչմանն ու կրկին մնացինք մեր պատմական մեծ ցավի ու բեռի հետ:

Մի քանի միլիոն հայ ամեն օր արթանանում է քնից ու օրվա եղանակն անգամ պարզելու պատրվակով հայացքը նետում Արարատի կողմը: Ու ամեն օր մեր գիտակցության մեջ պինդ նստում է միտքը, որ Արարատը մերն է,  բայց թուրքերի ձեռն է: Այդ մասին, օրվա մանուկն էլ գիտի: Բայց… Հենց նույն Արարատին նայելը քիչ-քիչ մարքետինգային քայլ է դառնում: Տունուտեղ վաճառողներն անպայման շեշտում են՝ նայեք ինչ տեսարան է բացվում դեպի Մասիս: Ու այդ տեսարանն անպայման գնի մեջ ներառվում է: Սովորաբար վաճառողն ավելի հեռուն է գնում. տեսարանները հացի համար են, իսկ Արարատը՝ հոգու ու լավ օրերի համար է մնում:

Ինչևէ, հարյուրամյակն անցավ առանց ծանրակշիռ ճանաչումների, սակայն դա էլ չխանգարեց, որ այն կրկին ոմանց կողմից թրենդի ու մարքեթինգի դաշտում դիտարկվի:

Հիշում եք չէ՝  հարյուրամյակն առանց ռեժիմի: Քաղաքական դաշտի ընդդիմադիր թևերից մեկը որոշել էր, որ Եղեռնի հարյուրամյակը լավ նշելու համար հենց իշխանությունններն են խանգարում: Չստացվեց,  չհաջողվեց հարյուրամյակը առանց ռեժիմի, սակայն նույն ռեժիմով ծանր ու լրջագույն թեման շարունակեցին ծանրութեթև անել հնարավոր բոլոր դաշտերում:

Իրականում, ճանաչելիության նոր աստիճանի հասնելու համար՝ Հայաստանում Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին բավական լուրջ էին պատրաստվել: Խորհրդանիշ-անմոռուկը երկրի ներսում թեև բավականին քարկոծվեց, սակայն անմոռուկն ապրեց, քանի դեռ կոմերցիոն դաշտը չկորցրեց չափի զգացումը:

Դրսում անմոռուկը կարողացավ ավելի ներկայանալի դարձնել հարյուր տարվա ողբերգությունը. ողբի, զոհի կերպարի փոխարեն մատուցվեց պահանջատիրության գաղափարն առաջ մղելու կամքը, իհարկե նաև ուժեղ տնտեսությամբ երկիր դառնալու ցանկությունը:

Մենք փոքր երկիր ենք, այո, բայց կարող ենք կարող դառնալ այնպիսի երկիր, որն ունակ է  խախտել ոճրի տրամաբանությունը: Թե չէ ստացվում է, որ մենք հարյուր տարի անց էլ մնում ենք Եղեռնի տակ:

Հուշահամալիրի մոտ, թե մտքիս մեջ հաճախ եմ պատկերացնում այն մեկ ու կես միլիոնին, որոնք իմ, իմ ծնողների, իմ տատ ու պապի, իմ ընկերների տարիքին էին, հարևան-բարեկամի նորածին ու արդեն քայլող մանուկների տարիքին էին: Սարսռում եմ, թե ինչքան հիմա շատ կլինեին նրանց ճյուղերը ու ինչ հրաշալի կլիներ նրանց ներկայությունը: Դեռ խաղաղություն չգտած նրանց հոգիների հանդեպ մի տեսակ գենետիկ մեղքի ու անզորության զգացում ունենք: Մեկ-մեկ նաև ավելի մեծ Հայաստան եմ պատկերացնում, Մասիսին հակառակ կողմից էլ տիրոջ աչքով նայում: Այս ամենը մերն է, սրանից փախչել ու հեռանալ ր չէ,սակայն, այս ամենով հանդերձ՝ փակ շրջան ստեղծելն էլ ճիշտ չէ: Եվ մյուս ծայրահեղությունը, որ պարզապես տրամաբանությունից դուրս է ու միանշանակ մերժելի:

Փակ շրջանի դրսում մի ճարպիկ զանգված է ապրում, որ կարողանում է Եղեռնի խորհրդանիշը ծախու ապրանք դարձնել ոչ թե զուտ խորհրդանշական կրելու համար՝ ասենք կրծքազարդի կամ հուշանվերի տարբերակով, այլ ամենակենցաղային մակարդակով: Անմոռուկով ամենատարբեր ապրանքներ են արտադրվում՝ գուլպա, անձրևանոց և անգամ ներողություն,  ներքնազգեստ… Լա՞վ է ծախվում պատմական հիշողությունը, լա՞վ է կրվում ոտքի տակ կամ գլխավերևում…Ճարպիկներ, ամեն ինչից ու նաև ցավից փող սարքողներ, բա հետո՞…

Ապրիլի 24-ի թեմայով մի ուրիշ ՝ նույն կարգի մտահոգություն էլ ունեմ:«Էսօր Եղեռն ենք նշում»,  «գնանք Եղեռն» ասելով ուրախ-զվարթ խմբերով Ծիեռնակաբերդ են բարձրանում երիտասարդ ու մեծ, որովհետև գիտեն՝ այսօր այդ օրն է:

Իսկ գուցե առևտրից ու շահարկումից հեռո՞ւ պահեք ցավն ընդհանրապես ու ինքներդ էլ չենք նկատի, թե ինչպես է արժանապատվությունն ուժ ու զորություն տալիս ձեզ: Թե չէ մի տեսակ խզում կա իրականությունից. մարդիկ կան, որ Եղեռն են նշում ու նշելն էլ տոնելու պես են անում:

Կարիք չկա վաճառել ու գնել ցավի խորհրդանիշ՝ կենցաղի համար, ձեր ներսն ու դուրսը մի խաթարեք կեղծիքով: Առևտուր մի արեք կեղծ ու սնամեջ քարտերով: Արարատին նայելիս ավելի ուժեղանալու ցանկություն ու ձգտում ունեցեք, ավելի ամուր կանգնեք սեփական ոտքերին ու նոր երկինքներից արդարադատություն ու հատուցում պահանջեք: Եվ վերջապես, եկեք դադարենք տոնել ցեղասպանությունը:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register